Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածում՝ Սև և Կասպից ծովերի միջև։ Հայկական բարձրավանդակի հյուսիս-արևելյան մասը, որի տարածքում կազմավորվել է հայ ժողովուրդը, և որտեղ ընթացել է նրա պատմական կյանքը, աշխարհագրության մեջ հայտնի է «Հայկական լեռնաշխարհ», «Արմենիա» կամ «Հայաստան» անուններով: Պատմական Հայաստանը հաճախ բնորոշել են որպես «Ծովից ծով Հայաստան», քանի որ այն իր հզորության գագաթնակետին տարածվել է Սև ծովից մինչև Կասպից ծովը:
Սակայն Հայկական լեռնաշխարհի զգալի մասը ներկայումս գտնվում է ՀՀ սահմաններից դուրս։ Դարերի ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է իր պատմական հայրենիքի զգալի հատվածները, և դրանց հետ միասյին՝ հայրենի բնաշխարհի եզակի անկյուններ, որոնք դարեր շարունակ եղել են հայկական մշակույթի և պատմության անբաժանելի մասը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Հայաստանի մի փոքր հատվածը միայն, պատմության դաժան ընթացքում կորցնելով իր երկրի մեծածավալ արևմտյան հատվածը՝ դրա հետ մեկտեղ զավթարարին թողելով նաև նրա հրաշագեղ բնաշխարհը, այն, ինչը դարեր շարունակ հրապուրել էր նույն այդ թշնամիներին:
Ճակատագրի հեգնանքով վաղուց մերը չեն Եփրատն ու Տիգրիսը, Հայկական Պար և Հայկական Տավրոս լեռնաշղթաները, Բզնունյաց ծով- Վանան լիճը, Աղթամար կղզին ու Սիփան սարը, Նեմրութն ու Վարագա լեռը, Կիլիկիան և Միջերկրականի ափերը…
ու մինչև անգամ …
Բայց նույնիսկ այս փոքրիկ տարածքում պահպանվել են բնության զարմանահրաշ գանձեր: Բարձրաբերձ լեռներ, գեղառեսիլ կիրճեր, ջրվեժներ, թավ անտառներ, հեքիաթային լճեր և արևոտ բնություն, որոնք միասին կազմում են Հայաստանի բնաշխարհը, որտեղ բնությունն ու պատմությունը միահյուսվում են՝ ստեղծելով բնապատմական բացառիկ միջավայր:
Հայկական լեռնաշխարհը
Հայաստանի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռներն ու լեռնաշղթաները, բարձրավանդակները, կիրճերը և գետահովիտները, ինչի շնորհիվ Հայաստանը համարվում է աշխարհի առավել լեռնային երկրներից մեկը։
Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում՝ երկրաբանական բարդ գործընթացների և ակտիվ հրաբխային գործունեության ազդեցությամբ։ Այդ պատճառով երկրում հանդիպում են երկրաբանական տարբեր ժամանակաշրջանների ապարներ ու գոյացություններ, իսկ բազմաթիվ լեռնազանգվածներ հրաբխային ծագում ունեն։
Հայաստանը հաճախ անվանում են հանգած հրաբուխների երկիր։
Հայաստանը նաև բարձրադիր լճերի, լեռնային աղբյուրների ու գետերի և բազմազան լանդշաֆտների յուրահատուկ աշխարհ է, որտեղ կարճ տարածությունների վրա փոխվում են բնապատկերները, կլիման և բնական միջավայրը։
Բնական պայմանների բացառիկ բազմազանության շնորհիվ Հայաստանը հետաքրքիր է ոչ միայն զբոսաշրջիկների, այլև երկրաբանների, հնէաբանների կենսաբանների, պատմաբանների և բնապահպանների համար։ Այստեղ երկրաբանը կարող է բացահայտել երկրագնդի զարգացման տարբեր փուլերի հետքեր, հնագետը՝ բրածո ֆլորայի և ֆաունայի նմուշներ, իսկ բնասերը՝ յուրատիպ բուսական ու կենդանական աշխարհ: Հայկական բնաշխարհը շարունակում է գրավել ճանապարհորդներին, գիտնականներին և արվեստագետներին։
Արարատի վեհաշուք համայնապատկերը, Արագածի գագաթները, Սևանի կապույտ ջրերը, Լոռու անտառները, Վայող Ձորի կամ Սյունիքի անդնդախոր կիրճերը և բնության այլ հայտնի հուշարձաններ երկրի բնական խորհրդանիշներ են և շարունակում են ոգեշնչել սերունդներին՝ հիշեցնելով, որ Հայաստանը ոչ միայն պատմական, այլ իրապես նաև բնության զարմանահրաշ երկիր է:
Հայաստանի աշխարհագրական դիրքը և լեռնային ռելիեֆը նպաստել են նաև հարուստ բուսական և կենդանական աշխարհի ձևավորմանը։ ՀՀ տարածքում գրանցված է 3600 -3800 բարձրակարգ անոթավոր բուսական տեսակ, 120-140 բացարձակ էնդեմիկ բուսատեսակ, իսկ հարյուրավոր տեսակներ համարվում են հազվագյուտ և գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Հայկական բնաշխարհը հայտնի է իր բուժիչ բույսերի առատությամբ․ Գիտականորեն ապացուցված է, որ հայկական ֆլորայի մոտ 10%-ը ուղղակիորեն դեղաբույսեր են, ժողովրդական և պաշտոնական բժշկության մեջ կիրառվող կամ բուժիչ հատկություններ ունեցող: Շուրջ 1500 բուսատեսակ ունի բուժական հատկություններ:
Հայաստանը վաղնջական ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր արևահամ մրգերով՝ ծիրանով, դեղձով, տանձով, խնձորով, բալով, կեռասով, սալորով, նռով և թզով։ Հատկապես ծիրանը, որը երկրի խորհրդանիշներից մեկն է, միջազգային գիտական անվանման մեջ ստացել է «Prunus armeniaca» ( հին դասակարգմամբ՝ Armeniaca vulgaris), որը բառացի նշանակում է «Հայկական սալոր»։
Հայաստանը հաճախ անվանում են «թանգարան՝ բաց երկնքի տակ», և այստեղ նկատի է առնվում ոչ միայն պատմության, այլև բնության հուշարձանների առատությունը, ավելին՝ թվում է, այստեղ ամեն լեռ ու կիրճ, ամեն ծառ ու թուփ իր պատմությունն ու գաղտնիքներն ունի։ Այսօր էլ այս փոքրիկ, բայց բազմերանգ երկիրը շարունակում է զարմացնել իր բազմաթիվ այցելուներին:
Հայաստանի զարմանահրաշ լանդշաֆտները
Հայաստանի լանդշաֆտները բացառիկ բազմազան են՝ պայմանավորված երկրի լեռնային ռելիեֆով և բարձրությունների մեծ տատանումներով։ Չնայած համեմատաբար փոքր տարածքին՝ Հայաստանը առանձնանում է հարուստ բնական միջավայրերով և լանդշաֆտային մեծ բազմազանությամբ։ Այստեղ կարելի է հանդիպել բարձրադիր լեռնագագաթների, ալպիական մարգագետինների, թավ անտառների, կիսաանապատների, խոր կիրճերի, քարքարոտ սարահարթերի և բարձրադիր լճերի։
Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացված են երկրագնդի բնակլիմայական գոտիների զգալի մասը՝ չոր անապատային ու կիսաանապատային լանդշաֆտներից մինչև մերձալպյան, ալպյան և լեռնային տունդրային գոտիներ։ Յուրաքանչյուր մարզ առանձնանում է իր յուրահատուկ լանդշաֆտներով, բուսական ու կենդանական աշխարհով և բնական առանձնահատկություններով։
Բարձրության փոփոխությանը զուգընթաց փոխվում են նաև բնական պայմանները. օդի ջերմաստիճանը նվազում է, իսկ տեղումների քանակը՝ ավելանում։ Այս երևույթը կոչվում է բնական վերընթաց (ուղղահայաց) գոտիականություն, որի շնորհիվ Հայաստանի համեմատաբար փոքր տարածքում ձևավորվել են բազմազան լանդշաֆտներ և էկոհամակարգեր։
Հայկական լեռնաշխարհում և Հայաստանում բարձրության փոփոխությանը զուգընթաց միմյանց հաջորդում են 5 լանդշաֆտային գոտիներ՝ յուրաքանչյուր բարձրության վրա փոխելով բնության տեսքը, կլիման, բուսական և կենդանական աշխարհը։Հայկական լեռնաշխարհում և Հայաստանում ըստ բարձրության միմյանց հաջորդում են 5 լանդշաֆտային գոտիներ՝ ամեն իջվածքում և բարձրության վրա փոխելով իրենց բնությունը:
ՀՀ լանդշաֆտային գոտիները
Նշում․ Լեռնաանտառային գոտին Հայաստանում չի կազմում համատարած շերտ և հանդիպում է հիմնականում բավարար խոնավություն ունեցող լեռնալանջերում, ուստի նրա բարձրությունները մասամբ համընկնում են անապատային, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներին:
Անապատային և կիսաանապատային գոտի (800 – 1300/1400 մ)
Նկարագրություն
Ձևավորվել է չոր, շոգ և խիստ ցամաքային կլիմայի պայմաններում՝ հիմնականում գոգավոր և ցածրադիր տարածքներում։ Տեղումների սակավության պատճառով այստեղ գերակշռում են չորային լանդշաֆտները։ Անապատային լանդշաֆտները Հայաստանում հանդիպում են առանձին կղզյակներով և համատարած գոտի չեն կազմում, մինչդեռ կիսաանապատային լանդշաֆտները տարածվում են ավելի լայն շրջաններում՝ նախալեռնային հատվածներում։ Գոտուն բնորոշ են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը հայտնի է «ղռեր» անվամբ։ Մշակվող տարածքներում հողերը բարելավվել են ոռոգման և գյուղատնտեսական գործունեության շնորհիվ։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է մոտ 230–300 մմ։ Այս գոտին հատկապես հետաքրքիր է իր յուրահատուկ չորային բնությամբ, արևաշատ կլիմայով և անապատային էկոհամակարգերին բնորոշ կենդանական ու բուսական աշխարհով։
Տարածքներ
Արարատյան դաշտ, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ցածրադիր հովիտներ, մասնավորապես՝ Մեղրու տարածաշրջան։
Ֆլորա
Բուսականությունը համեմատաբար աղքատ է և ներկայացված է չորադիմացկուն (քսերոֆիտ), աղասեր և ավազասեր բույսերով, որոնք հարմարվել են ջրի պակասին։ Տարածված են՝
Անապատային ու կիսաանապատային բուսատեսակների զգալի մասը բնակչությունը դեռևս հնագույն ժամանակներից օգտագործել է որպես սնունդ և դեղամիջոց:
Ֆաունա
Կենդանական աշխարհը հարուստ է սողուններով, կրծողներով և միջատներով։
Լեռնատափաստանային գոտի (1200 - 2400 մետր)
Նկարագրություն – Լեռնատափաստանային գոտին ձևավորվել է չափավորչորային կլիմայի պայմաններում։ Այն բնութագրվում է տաք ամառներով, ցուրտ ձմեռներով և տարեկան 600–700 մմ տեղումներով։ Գոտին ունի երկու հիմնական ենթագոտի՝ սևահողային և մարգագետնատափաստանային։ Սևահողերը Հայաստանի ամենաբերրի հողերն են, ունեն հումուսի (օրգանական նյութերի) բարձր պարունակություն (6-12%): Ձևավորվում են խիտ խոտածածկույթի քայքայման արդյունքում:
Մարգագետնատափաստանային հողերը տարածված են գոտու ավելի բարձրադիր մասերում, որտեղ խոնավությունն ավելի շատ է::
Տարածքներ – Սա Հայաստանի ամենատարածված լանդշաֆտային գոտին է և զբաղեցնում է երկրի տարածքի մոտ 25%-ը։ Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի բազմաթիվ շրջաններում։
Ֆլորա – Գերակշռում են սիզախոտային և փետրախոտային տափաստանները։ Տարածված են փետրախոտը, շյուղախոտը, սեզը, կանաչուկը, վայրի երեքնուկը, կակաչը և այլ հացազգի բույսեր։ Ավելի բարձրադիր և խոնավ հատվածներում տափաստանները աստիճանաբար անցնում են մարգագետինների։
Ֆաունա – Կենդանական աշխարհը հարուստ է կաթնասունների և թռչունների տարբեր տեսակներով:
Լեռնանտառային գոտի (600 - 2300 մետր)
Նկարագրություն – Այստեղ կլիման խոնավ է և մեղմ։ Բնորոշ են.
Տարածքներ – Տարածված է հիմնականում երկրի հյուսիսում (Տավուշ, Լոռի) և հարավ-արևելքում։ Անտառները զբաղեցնում են ՀՀ տարածքի ընդամենը 11,17%-ը:
Ֆլորա
Գերակշռում են լայնատերև անտառները, որոնց հիմնական ծառատեսակներն են կաղնին, հաճարենին և բոխին։ Հանդիպում են նաև վայրի խնձորենի, տանձենի և հոնի թփեր։ Ավելի չոր շրջաններում տարածված են կաղնու և այլ կարծրատերև անտառներ։ Սյունիքում պահպանվել են հազվագյուտ արևելյան սոսու պուրակներ, իսկ Կոտայքում և Տավուշում հանդիպում են սոճու անտառներ։
Ֆաունա
Անտառներում բնակվում են կաթնասունների և թռչունների մի շարք տեսակներ:
Մերձալպյան և ալպյան գոտի (2400 - 3500 մետր)
Նկարագրություն – Այստեղ կլիման ցուրտ է։ Ալպյան գոտին՝ իր փարթամ խոտհարքներով ու արոտավայրերով, կարևոր նշանակություն է ստանում անասնապահության համար: Արոտավայրերն ու մարգագետինները կազմում են Հայաստանի տարածքի մոտ 20%-ը, իսկ 18%-ը վարելահողեր են:
Տարածքներ – Ընդգրկում է բարձր լեռների և լեռնաշղթաների մերձգագաթային հատվածները (Արագածի, Գեղամա լեռնավահաններ):
Ֆլորա –Մերձալպյան գոտու հարավային հատվածում տարածված են 1մ և ավել բարձություն ունեցող մեծատերև խոտաբույսերը: Ալպյան բուսականութունը հյուսիսում սկսվում է 2700-2800մ-ից և հարավում՝ 2900-3000մ-ից: Դաժան կլիմայի պատճառով բույսերը ցածր են, գետնատարած, ամենաշատը ունենում են 10-15սմ բարձրություն: Մարգագետիններն աչքի են ընկնում բուսականության՝ հատկապես բազմերանգ ծաղիկների բազմազանությամբ: Ալպյան գոտում ցածրադիր խոտերը և վառվռուն ծաղիկները ձևավորում են գունավոր «ալպյան գորգեր», որոնց հեռվից նայելիս գույնզգույն ու նախշազարդ գորգերի են նմանվում: Բնորոշ են հողմածաղիկը (անեմոն), սպիտակաթև ձնծաղկեկը ,զանգակածաղիկը, գարնանածաղիկը (պրիմուլա) և մարգագետնային շյուղախոտը։
Ֆաունա – Այստեղ հանդիպում են բարձրլեռնային միջավայրերին հարմարված կենդանիներ։
Ձյունամերձ գոտի (3500 մետրից բարձր)
Նկարագրություն – Սա ամենաբարձր և ցուրտ գոտին է, որտեղ տիրապետում են մերկ ժայռերը, հավերժական ձյունը և սառցադաշտերը։ Տիրապետում են ձյան բծեր, մերկ ժայռեր և եռանդուն սառնամանիքային հողմահարումը:
Տարածքներ – Տարածվում են բարձր լեռների գագաթային հատվածներում, հիմնականում 3500մ-ից բարձր՝ Արագածի, Կապուտջուղի գագաթներին՝ լերկ ժայռերով և ձյան մշտական ծածկույթով:
Ֆլորա – Այս գոտում բուսածածկույթ չի գոյանում: Ամեն տեղ քարացրոններ են, ավազ և պարզագույն հողեր: Կյանքն այստեղ շատ աղքատ է, ծառեր կամ սովորական խոտեր չկան։ Ժայռերի վրա աճում են միայն քարաքոսեր (լիխեններ), մամուռներ և եզակի ցրտադիմացկուն մանր բույսեր (օրինակ՝ ալպյան ձնածաղիկը)։
Ֆաունա – Մշտական բնակիչներ գրեթե չկան։ Ամռանը որսի նպատակով այստեղ կարող են բարձրանալ կաթնասունների և գիշատիչ թռչունների, ինչպես նաև միջատների որոշ տեսակներ:
Հայկական լեռնաշխարհի ռազմավարական նշանակությունը
Գտնվելով Արևելքը և Արևմուտքը, Հյուսիսը և Հարավը միմյանց կապող ճանապարհների խաչմերուկում, Հայկական լեռնաշխարհը ինքնստինքյան դարձել է կարևոր քաղաքական, տնտեսական և ռազմավարական կենտրոն։
Հայկական լեռնաշխարհի բնությունը և բնական պայմանները ոչ միայն ձևավորել են երկրի լանդշաֆտը, այլև դարեր շարունակ նշանակալի դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության ընթացքի և տարածաշրջանի պատմական ու ռազմավարական զարգացումների մեջ։
Դժվարամատչելի լեռներն ու կիրճերը հաճախ ծառայել են որպես պաշտպանական բնական պատնեշներ, իսկ գետերն ու լճերը լրացուցիչ պաշտպանական նշանակություն են ունեցել։
Բնության այդ գեղատեսիլ անկյունները մեծապես ծառայել են նաև որպես բնական պատնեշներ: Բարձրաբերձ լեռնաշղթաները, խոր կիրճերը, լեռնային արագահոս գետերը, անանցանելի լեռնանցքները, բարձրադիր սարահարթերը ստեղծել են ամբողջական բնական պաշտպանական համակարգեր՝ նպաստելով բնակավայրերի անվտանգությանը:
Այդպիսով, Հայաստանի լեռնային ռելիեֆը մեծապես նպաստել է անառիկ բերդերի ու ամրոցների կառուցմանը, որոնցից շատերը տեղակայվել են բնականորեն պաշտպանված բարձունքների վրա, ինչը մեծ դեր է խաղացել պաշտպանության և երկրի պաշտպանունակության ապահովման գործում։
Պատմական բոլոր ժամանակաշրջաններում տեղանքը մեծ ազդեցություն է ունեցել բուն ռազմական գործողությունների ընթացքի վրա, և այս առումով Հայկական լեռնաշխարհը առանձնացել է ռազմավարական կարևորությամբ: Հայոց բնությունը մշտապես «ձեռք է մեկնել» իր ժողովրդին՝ թշնամիների դեմ պայքարի ժամանակ։ Զուր չէ, որ Հայկական լեռնաշխարհը հաճախ դիտարկվել է որպես բնական ամրոց, որի ռազմավարական նշանակությունը հայտնի է եղել դեռ հնագույն ժամանակներից։
Միևնույն ժամանակ, լեռնային միջավայրը ձևավորել է տեղի բնակչության կենսակերպը, մշակույթն ու տնտեսությունը։ Լեռնաբնակ համայնքները դարերի ընթացքում հարմարվել են բնական պայմաններին, պահպանել իրենց ավանդույթները և մշակել բնության հետ համատեղ ապրելու յուրահատուկ ձևեր։
Այսօր Հայկական լեռնաշխարհը ոչ միայն բնապատմական հարուստ ժառանգություն է, այլև հայ ժողովրդի դիմակայունության, հայրենիքի հետ անխզելի կապի խորհրդանիշը և իր ինքնության կարևոր բաղադրիչ։
Հայաստանի բնությունը՝ ներշնչանքի աղբյուր
Հայաստանի բնությունը դարեր շարունակ հիացրել և ներշնչել է բազմաթիվ ճանապարհորդների, գիտնականների, գրողների, նկարիչների և երաժիշտների։ Լեռնային վեհաշուք համայնապատկերները, խոր կիրճերը, հրաբխային լանդշաֆտները, անտառներն ու հովիտները դարձել են արվեստի գործերի և գիտական ուսումնասիրությունների աղբյուր։
Դեռևս հին ժամանակներից օտարազգի այցելուները հիացմունքով են նկարագրել Հայաստանը։
Հին հույն աշխարհագրագետ և պատմիչ Ստրաբոնը (մ․թ․ա․ 63 – մ․թ․ 24) իր 17-հատորյա «Աշխարհագրություն» աշխատության մեջ Հայաստանին նվիրել է ամենաարժեքավոր անտիկ վկայություններից մեկը։ Նա Հայաստանը ներկայացրել է որպես լեռներով ու բարձրավանդակներով հարուստ երկիր՝ լեռնային և դժվարամատչելի, որը հարավից եզերվում է Տավրոսի լեռնաշղթայով։ Նշել է նաև հայտնի լեռնագագաթներ Նիփատեսը (Նպատ) և Աբոսը (Բյուրակն) :
Հին հույն պատմիչ և զորավար Քսենոփոնը (Ք.ա. մոտ 430–354 թթ.) ի տարբերություն Ստրաբոնի, անձամբ է եղել Հայաստանում և ոտքով անցել նրա տարածքով։։ Նրա գրառումները «Անաբասիս» աշխատության մեջ մեզ հասցրել են Հայաստանի վերաբերյալ չափազանց արժեքավոր պատմական, աշխարհագրական և ազգագրական փաստեր։ Նա Հայաստանը ներկայացնում է որպես ընդարձակ, հարուստ երկիր, նշելով, որ Հայաստանի լեռներում իրենց դիմավորել է սաստիկ ցուրտը և այնքան առատ ձյուն, որը ծածկել է գետնին պառկած զինվորներին ու ձիերին։ Նա հիշատակում է Արաքս (իր մոտ՝ Փասիս) և Արածանի (Կենտրիտես) գետերը, որոնք հույները ստիպված էին անցնել մեծ դժվարությամբ։ Քսենոփոնը ոչ միայն նկարագրում է Հայաստանի լեռները, գետերն ու բնակավայրերը, այլև անդրադառնում է հայերի կենցաղին։ Նա առաջին օտարերկրացիներից է, ով հիշատակում է հայկական գարուց պատրաստված անծանոթ խմիչքը՝ գարեջուրը, որը պահվում էր մեծ կավե կարասների մեջ։ Ըստ նրա՝ խմիչքը շատ համեղ էր, սակայն այն խմում էին կարասների մեջ տեղադրված եղեգնափողերի միջոցով, ինչը ևս հույն զինվորների համար անսովոր երևույթ էր։ Այս նկարագրությունը համարվում է Հայաստանում գարեջրի օգտագործման ամենահին գրավոր վկայություններից մեկը :
Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը, ում 10 հատորից բաղկացած «Ժան Շարդենի ճանապարհորդությունները» գիրքը համարվում է իր ժամանակի (XVII դարի) արևմտյան արժեքավոր աշխատություններից մեկը՝ Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի երկրների մասին, զարմանքով ու հիացմունքով է նկարագրել Հայաստանի լեռնային բնության և հովիտների անսովոր համադրությունը։
Ֆրանսիացի աշխարհահռչակ բուսաբան և ճանապարհորդ Ժոզեֆ Պիտոն դը Տուրնեֆորը (1656–1708 թթ.) գիտական հետախուզական նպատակով առաջիններից էր, ով փորձեց նվաճել Մասիսը (Արարատը)։ 1701 թվականի հուլիսին նրա գիտարշավը հասավ Արարատի գագաթը մագլցելու սահմանագծին, որն արդյունք չտվեց, սակայն նշանավորվեց լեռան բուսական և կենդանական աշխարհի եզակի բացահայտումներով։ Եվ, չնաած նրանք գագաթին չհասան, Տուրնեֆորի արշավը դարձավ գիտական հաղթանակ։ Նա Արարատի լանջերին կատարած ուսումնասիրությունների արդյունքում առաջիններից էր, որ ձևակերպեց բուսականության ուղղահայաց գոտիականության գաղափարը և ապացուցեց, որ ըստ բարձրության՝ փոխվում են կլիմայական գոտիները և յուրաքանչյուր գոտի ունի իրեն բնորոշ յուրահատուկ բուսատեսակները։
13-րդ դարի մեծ ճանապարհորդ Մարկո Պոլոն իր գրառումներում հիշատակում է Սևանա լիճը՝ այն անվանելով «Գեղամա ծով»։ Նրա վկայությունները ցույց են տալիս, որ միջնադարյան Հայաստանում Սևանը արդեն հայտնի էր որպես բացառիկ բնական և աշխարհագրական երևույթ:
Անգլիացի աշխարհագրագետ Հենրի Լինչը (19-րդ դարավերջ) իր «Հայաստան. Ճամփորդական ակնարկներ և հետազոտություններ» աշխատությունում Սևանա լիճը ներկայացնում է որպես Հայկական լեռնաշխարհի ամենանշանակալի և գեղատեսիլ լճերից մեկը։ Նա ընդգծում է լճի բարձրադիր դիրքը, քաղցրահամ ջրերի հարստությունը և շրջակա բնության բացառիկ գեղեցկությունը։ Բնությամբ հիացած ճանապարհորդ Լինչը առանձնահատուկ տպավորությամբ է նկարագրում Սևանի յուրօրինակ տեսարանը՝ հսկայական կապույտ հայելին և նրանում արտացոլված շրջակա լեռների վեհությունն ու անծայրածիր երկինքիը:
Ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը (1930 թ.) մեկ ամիս ապրելով Սևանի կղզում, նկարագրել է լճի խիստ ու մագնիսական բնությունը՝ «Վայրի գեղեցկության աշխարհը», վայր, որտեղ մարդը կտրվում է առօրյայից և զգում բնության նախնական ու անաղարտ ուժը։
Իտալիայի գեղատեսիլ ափերում երկար տարիներ ապրած և Միջերկրականի բնապատկերները տեսած ռուս գրող Մաքսիմ Գորկին, տեսնելով Սևանա լիճը, այն բնութագրել է որպես «երկնքի մի կտոր, ընկած երկրի վրա»։ Նրան խորապես տպավորել էին նաև Դիլիջանի անտառապատ լեռները։ Դիլիջանի մասին Գորկին գրել է, , «Այո, զարմանալի գեղեցիկ է։ Թվում է, թե լեռները կենդանի սիրով ու քնքշությամբ պարուրում և պահպանում են այս հովիտը...» : Գորկու կարծիքով՝ բնությունն այստեղ ստեղծել է մի կատարյալ առողջարան, որտեղ անտառներն ու լեռները բնական պատնեշի պես պաշտպանում են քաղաքը արտաքին աշխարհի փոթորիկներից ու աղմուկից։
Գրող Վասիլի Գրոսմանը ևս հիացմունքով է ներկայացրել Դիլիջանը՝ որպես Հայաստանի կանաչ սիրտը։ Նրա նկարագրությամբ՝ խիտ անտառները, մշուշապատ ձորերն ու մեղմ բնությունը կտրուկ հակադրվում են երկրի քարքարոտ ու չոր շրջաններին։
Ամերիկացի նկարիչ, գրող և ճանապարհորդ Ռոքուել Քենթը, այցելելով Հայաստան, խորապես հիացած էր նրա լեռնային բնությամբ և բազմազան լանդշաֆտներով։ Նա Հայաստանը բնութագրել է որպես «հրաշքների երկիր»՝ ընդգծելով երկրի բացառիկ բնական գեղեցկությունը և գեղատեսիլ տեսարանները։ խորապես հիացած էր հայկական բնությամբ: Դիլիջանի դարավոր անտառները նա անվանել է «Անտառային սրբավայր», իսկ կյանքի վերջում նա ցանկացել է, որ իր աճյունի մի մասը հանգչի հենց Դիլիջանում։
Այսօր էլ Հայաստանի բնությունը շարունակում է մնալ երկրի ամենամեծ հարստություններից մեկը՝ գրավելով բազմաթիվ զբոսաշրջիկների, հետազոտողների և արվեստագետների՝ ամբողջ աշխարհից։
Հայաստանի բնությունը, անշուշտ, եղել է նաև հայ մշակույթի անսպառ ներշնչանքի աղբյուր։ Հայոց լեռները, անտառները, գետերն ու լճերը դարեր շարունակ եղել են ներշնչանքի անսպառ աղբյուր՝ ձևավորելով հայ գրականության, երաժշտության և կերպարվեստի բազմաթիվ գլուխգործոցներ։
Հայաստանի բնությունը ոչ միայն ձևավորել է ժողովրդի կենսակերպը, այլև դարձել է հայկական մշակույթի մշտական ուղեկիցը։ Չի եղել գեթ մի մեծանուն հայ արվեստագետ, որ իր ստեղծագործություններում չանդրադառնար հայրենի բնության գեղեցկությանը, վեհությանը կամ խորհրդանշական ուժին։
Հայոց լեռներն ու հովիտները արտացոլվել են Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Համո Սահյանի պոեզիայում, Րաֆֆու, Ակսել Բակունցի և Հրանտ Մաթևոսյանի արձակում, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ։
Հայկական բնության գույներն ու լույսը հավերժացրել են մեծանուն նկարիչներ՝ Մարտիրոս Սարյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Մինաս Ավետիսյանը և Հովհաննես Այվազովսկին, և շատ ուրիշներ, որոնց կտավներում հայկական լանդշաֆտը դարձել է ազգային ինքնության և հայրենիքի խորհրդանիշ։
Հայոց բնաշխարհը հայկական մշակույթի լուռ, բայց մշտապես ներկա հերոսն է, որն ապրում է բանաստեղծների տողերում, գրողների էջերում, նկարիչների կտավներում և կոմպոզիտորների մեղեդիներում՝ դառնալով ազգային ինքնության անբաժանելի մասը։