Հող

Հայաստանը, իր բարդ լեռնային ռելիեֆի, բարձրությունների մեծ տատանումների և բազմազան կլիմայական պայմանների շնորհիվ, առանձնանում է հողային ծածկույթի մեծ բազմազանությամբ։

Հողերի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել կլիման, ռելիեֆը, մայր ապարները և բուսականությունը: Հայաստանում գերակշռում են լեռնային հողատեսակները, որոնք տարածված են ենթալպյան, ալպյան և մերձալպյան գոտիներում։ Բարձրադիր շրջաններում տարածված են ալպյան և լեռնամարգագետնային հողերը, իսկ ստորին գոտիներում՝ գորշ, շագանակագույն և սևահողային տիպերը: Տափաստանային գոտիներում տարածված են սևահողերը և շագանակագույն հողատեսակները: Հողային այս բազմազանությունը նպաստում է տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմանը և երկրի կենսաբազմազանության պահպանմանը։

Հանրապետությունում հանդիպում են ծագումնաբանական շուրջ 15 հողատիպեր, որոնք դասակարգվում են ըստ վերընթաց գոտիականության։ Դրանցից առավել տարածված և գյուղատնտեսական ու բնապահպանական նշանակություն ունեցող հողատիպերն են՝

  • Կիսաանապատային գորշ և շագանակագույն հողեր
    • 800–1300 մ
  • Լեռնային շագանակագույն հողեր
    • 1200–2200 մ
  • Լեռնային սևահողեր
    • 1300–2400 մ
  • Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողեր
    • 600–2400 մ
  • Լեռնամարգագետնային հողեր
    • 2100 2800 մ-ից բարձր

Կիսաանապատային գորշ և շագանակագույն հողեր

Այս հողերը բնութագրվում են հումուսի համեմատաբար ցածր պարունակությամբ, սակայն ոռոգման պայմաններում դառնում են բարձր արդյունավետությամբ գյուղատնտեսական հողեր և լայնորեն օգտագործվում են պտղաբուծության, խաղողագործության և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցման համար։Այս գոտուն բնորոշ են կիսաչոր կլիման, մշակվող հողատարածքները, պտղատու այգիներն ու խաղողի տնկարկները:

Հանդիպում են հիմնականում 800–1300 մ բարձրությունների վրա։ Տարածված են Արարատյան դաշտում (Մասիս, Էջմիածին, Արտաշատ) և նրան հարակից նախալեռնային գոտիներում՝ Արագածոտնի (Աշտարակ, Օշական, Ագարակ), Վեդու շրջակայքում, Քասախի հովտում, ինչպես նաև Արագածի, Գեղամայի և Ուրծի լեռների ստորոտային հատվածներում։

Լեռնային շագանակագույն հողեր

Այս հողերը ձևավորվել են չափավոր չոր կլիմայական պայմաններում և բնութագրվում են հումուսի միջին պարունակությամբ: Ունեն միջին բերրիություն և հիմնականում օգտագործվում են որպես խոտհարքներ, արոտավայրեր կամ խաղողագործության նպատակով:

Հարմար են հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի և խաղողի որոշ տեսակների աճեցման համար:

Հանդիպում են հիմնականում 1200–2200 մ բարձրությունների վրա։ Տարածված են Հայաստանի հյուսիսարևելյան և հարավային շրջանների լեռնատափաստանային գոտու արևոտ լանջերին։

  • Վայոց ձորի մարզ – Արենիի շրջակայքի լանջեր, խաղողի այգիներ
  • Տավուշի մարզ – Իջևանի ու Նոյեմբերյանի լեռնատափաստանային գոտի
  • Շիրակի մարզ – լեռնատափաստանային լանջեր
  • Լոռու մարզ – նախալեռնային և միջին բարձրություններում (1000–1800 մ) Դեբեդի, Փամբակի, Ձորագետի հովիտների լանջերին, անտառների և բաց անտառատափաստանների սահմանային հատվածներում:
  • Գեղարքունիքի մարզ – Սևանի ավազանի անտառազուրկ լանջերը
  • Սյունիքի մարզ – Գորիսի և Կապանի շրջակայքի արևոտ չոր լանջերը, Սյունիքի լեռնատափաստանային լանջեր, Որոտանի կիրճի չոր լանջեր, Մեղրիի նախալեռնային գոտիներ:

Լեռնային սևահողեր

Ձևավորվել են լեռնատափաստանային բուսածածկույթի տակ՝ համեմատաբար խոնավ և զով կլիմայական պայմաններում։ Աչքի են ընկնում մուգ սև գույնով, հզոր հումուսային շերտով (հաճախ 40–80 սմ և ավելի), հումուսի բարձր պարունակությամբ (մոտ 6–12 %), լավ հատիկավոր կառուցվածքով, խոնավություն կուտակելու և պահպանելու բարձր ունակությամբ։ Դրանք Հայաստանի ամենաբերրի հողատեսակներից են և լայնորեն օգտագործվում են հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների և կերային բույսերի մշակության համար: Սևահողերի հիմնական և առավել բնորոշ տարածքներն են՝ Շիրակը, Լոռու Տաշիրի դաշտը, Ապարանը և Սևանի ավազանը։ Հանդիպում են հիմնականում 1300–2400 մ բարձրությունների վրա։ Տարածված են Հայաստանի հրաբխային սարավանդներում և միջլեռնային գոգավորություններում՝

  • Շիրակի մարզ – Շիրակի սարավանդ (Գյումրի, Արթիկ, Աշոցք)
  • Արագածոտնի մարզ – Ապարանի գոգավորություն
  • Լոռու մարզ – Տաշիրի և Ստեփանավանի սարահարթային տարածքներ
  • Գեղարքունիքի մարզ – Սևանի ավազան (Գավառ, Մարտունի, Վարդենիս)
  • Սյունիքի մարզ – Գորիսի և Կապանի բարձրադիր շրջակայք

Լեռնանտառային գորշ և դարչնագոյն հողեր

Ձևավորվել են լայնատերև անտառների տակ՝ համեմատաբար խոնավ և մեղմ կլիմայական պայմաններում։ Աչքի են ընկնում հումուսի զգալի պարունակությամբ, լավ կառուցվածքով, բավարար խոնավությամբ և թույլ թթվային կամ չեզոք ռեակցիայով։

Այս հողերը նպաստավոր են անտառային բուսականության զարգացման, պտղաբուծության, այգեգործության և անտառամերձ գյուղատնտեսության համար։ Հանդիպում են հիմնականում 600–2200 մ բարձրությունների վրա Տարածված են հիմնականում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի անտառային գոտիներում՝ Գուգարքի, Փամբակի, Բազումի, Իջևանի, Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաների անտառապատ լանջերում։

  • Տավուշի մարզ – Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի անտառապատ լանջեր
  • Լոռու մարզ – Ստեփանավանի, Վանաձորի, Ալավերդու և Տաշիրի շրջակա անտառներ, Գուգարքի, Փամբակի և Բազումի լեռնաշղթաների լանջեր
  • Սյունիքի մարզ – Գորիսի, Կապանի, Մեղրու և Շիկահողի անտառային տարածքներ, Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաների լանջեր:

Լեռնամարգագետային հողեր

Ձևավորվել են ցուրտ և խոնավ կլիմայական պայմաններում՝ խիտ մարգագետնային բուսածածկույթի տակ։ Աչքի են ընկնում հումուսի համեմատաբար բարձր պարունակությամբ, լավ խոնավացվածությամբ և բարձր բնական բերրիությամբ։ Այս հողերը լայնորեն օգտագործվում են որպես ամառային հարուստ արոտավայրեր և խոտհարքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն անասնապահության զարգացման համար: Հանդիպում են հիմնականում 2100–2800 մ բարձրությունների վրա։

Տարածված են Հայաստանի ենթալպյան և ալպյան գոտիներում՝ հիմնականում Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի, Փամբակի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների բարձրադիր հատվածներում, ինչպես նաև Ջավախքի բարձրավանդակի հարավային մասերում։

  • Արագածոտն – Արագած լեռան ենթալպյան և ալպյան լանջեր
  • Գեղարքունիք – Գեղամա և Վարդենիսի լեռների բարձրադիր մարգագետիններ
  • Լոռի – Փամբակի և Գուգարքի լեռների բարձրադիր գոտիներ
  • Շիրակ – Աշոցքի բարձրադիր մարգագետիններ
  • Սյունիք – Զանգեզուրի լեռնաշղթայի բարձրադիր արոտավայրեր

Ընդերք և օգտակար հանածոներ

Հայաստանը հաճախ անվանում են «բացօթյա երկրաբանական թանգարան», քանի որ այստեղ հանդիպում են գրեթե բոլոր տեսակի ապարները, որոնք կազմում են Երկրի կեղևը։ Հայկական լեռնաշխարհում կարելի է տեսնել բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների ապարները՝ սկսած պալեոզոյից (ավելի քան 570 մլն տարի առաջ)։

Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Հիմնականում հրաբխային ժայթքումների հետևանքով ձևավորվել են շինարարական և արդյունաբերական մեծ պաշարներ՝ տուֆ, բազալտ, անդեզիտ, պեռլիտ, կրաքար, գրանիտ և այլ ապարներ։

Հիմնական հանքային պաշարները՝

  • Գունավոր մետաղներ – պղինձ (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ), մոլիբդեն (Քաջարան, Ագարակ), ոսկի (Սոթք, Մեղրաձոր, Դրմբոն), կապար, ցինկ, ալյումինի հումք (Փամբակի և Մեղրու լեռնաշղթաներ)։
  • Սև մետաղներ – երկաթ (Սվարանց, Հրազդան, Աբովյան)։
  • Ոչ մետաղական հանածոներ – տուֆ (Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան), բազալտ, պեմզա, օբսիդիան, պեռլիտ, մարմար, կավեր, կերակրի աղ (Երևան–Արմավիր գոտի)։
  • Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր – ադամանդ, օբսիդիանի դեկորատիվ տեսակներ։

Հանքարդյունաբերությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն։ Դեռ մ.թ.ա. II հազարամյակում այստեղ արդյունահանել են պղինձ, կապար, ոսկի, արծաթ և երկաթ։ Հայկական Տավրոսում, Սպերում, Ծոփքում, Գուգարքում և Սյունիքում հայտնի էին մետաղների հանքավայրեր, իսկ Կողբի, Նախիջևանի և Կաղզվանի աղահանքերը հայտնի էին հնուց։

Այսօր Հայաստանի ոչ մետաղական հանքավայրերը գործնականում անսպառ են, և դրանց մեծ մասը շահագործվում է շինարարության, արդյունաբերության ու արտահանման համար։