Ռելիեֆ

Հայաստանի Հանրապետության ռելիեֆը խիստ բարդ, կտրտված և բազմազան է։ Ռելիեֆի բարդ կառուցվածքը երկրի գլխավոր առանձնահատկություններից է և յուրահատուկ հմայք է հաղորդում Հայաստանի բնությանը։ Հայաստանը զբաղեցնում է 29,743 կմ² տարածք, որի մակերևույթի մեծ մասը լեռնային է՝ արագահոս գետերով և սակավ անտառներով:

Հայաստանի տարածքի շուրջ 90%-ը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1000 մետր բարձրության վրա, իսկ միջին բարձրությունը կազմում է ≈ 1700–1800 մետր։ Տարածքի շուրջ 76.5%-ը գտնվում է 1000–2500 մետր բարձրությունների սահմաններում, իսկ բազմաթիվ շրջաններ հասնում են մինչև 2500–3000 մետր և ավելի։ Լեռները և բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան 1/3-ը (11 հազ. կմ քառ.) կամ 36.4 % (ՀՀ տարածքի) Միջլեռնային գոգավորություններն ու հարթավայրերը զբաղեցնում են տարածքի ընդամենը մոտ 10%-ը, մինչդեռ մնացած մասը բաժին է ընկնում լեռնաշղթաներին և բարձրավանդակներին։

Վերընթաց գոտիականություն

Լեռնային ռելիեֆի շնորհիվ Հայաստանում հստակ արտահայտված է վերընթաց գոտիականությունը։ Բնական լանդշաֆտները փոխվում են բարձրության աճին զուգընթաց՝ կիսանապատներից և լեռնատափաստաններից անցնելով անտառային գոտիների, ապա մերձալպյան և ալպյան մարգագետինների, իսկ ամենաբարձր հատվածներում՝ մերկ ժայռերի և ձյունապատ գագաթների։

Այս բազմազան ռելիեֆը Հայաստանի բնությանը հաղորդում է բացառիկ գեղեցկություն և ձևավորում երկրի հարուստ բնական միջավայրը։

  • Փոքր Կովկասի (Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց) և Հայկական լեռնաշխարհի (Արեգունու, Սևանի, Վայքի, Զանգեզուրի) կարևորագույն լեռնաշղթաները։,
  • Ամենամեծ և կարևոր հարթավայրը Արարատյան դաշտն է, որը գյուղատնտեսական գլխավոր կենտրոնն է։ Հայտնի են նաև Շիրակի, Լոռու, և Սևանի ավազանի հարթավայրերը։

Բարձրություններ

  • Ամենաբարձր կետը՝ Արագած լեռ — 4090 մ
  • Ամենացածր կետը՝ Դեբեդ գետի կիրճում, Ալավերդու շրջանում —375 մ

Լեռնաշղթաներ

Հայաստանի տարածքով անցնում են Փոքր Կովկասի և Հայկական լեռնաշխարհի մի շարք կարևոր լեռնաշղթաներ։

Փոքր Կովկասին են պատկանում՝

  • Վիրահայոց լեռներ
  • Բազումի լեռներ
  • Փամբակի լեռներ
  • Գուգարաց լեռներ

Հայկական լեռնաշխարհի համակարգին են պատկանում՝

  • Արեգունու լեռներ
  • Սևանի լեռներ
  • Վայքի լեռներ
  • Զանգեզուրի լեռներ

Հարթավայրեր և լեռնահովիտներ

Հայաստանի ամենամեծ և կարևոր հարթավայրը Արարատյան դաշտն է, որը երկրի գլխավոր գյուղատնտեսական կենտրոնն է։

Կարևոր հարթավայրերից և լեռնահովիտներից են նաև՝

  • Շիրակի դաշտը
  • Լոռու լեռնահովիտը
  • Սևանի ավազանը

Ռելիեֆի հիմնական ձևերը

Հայաստանի Հանրապետության մակերևույթում՝ ըստ ծագման և առաջացման պայմանների, միմյանց զուգակցում են ծալքավոր լեռներն ու հրաբխային ծագման լեռնազանգվածները կամ առանձին հրաբխային կոնաձև գագաթները։ Մակերևույթում կարելի է տարանջատել հետևյալ ձևերը.

Ծալքավոր լեռներ

Ծալքավոր լեռների խմբին են պատկանում Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնական շղթաները՝ հյուսիսում և հյուսիս-արևելքում և Զանգեզուրի շղթան հարավ–արևելքում.

  • Վիրահայոց լեռներ
  • Բազումի լեռներ
  • Փամբակի լեռներ
  • Արեգունու լեռներ
  • Սևանի (Շահդաղի) լեռներ
  • Զանգեզուրի լեռնաշղթա

Հրաբխային լեռներ

Հայաստանի հրաբխային ծագման գլխավոր լեռնային համակարգերն են՝

  • Եղնախաղի (Ղուկասյանի) լեռներ
  • Ջավախքի (Կեչուտի) լեռներ
  • Արագած լեռնազանգված
  • Գեղամա լեռներ
  • Վարդենիսի լեռներ

Միջլեռնային գոգավորություններ

Սրանցից ամենախոշորը Արարատյան միջլեռնային դաշտն է, որով հոսում է Արաքս գետը և դաշտի ձախափնյա մասը, որը մտնում է Հայաստանի կազմի մեջ։ Լեռնաշղթաները երկիրը բաժանում են բազմաթիվ հարթավայրերի և լեռնահովիտների, որոնք ծովի մակարդակից զգալիորեն բարձր են: Դրանցից առավել հայտնի են՝ Շիրակի, Լոռու և Սևանի լեռնահովիտները։

Հրաբխային և էրոզիոն ռելիեֆ

Հայաստանի ռելիեֆի ձևավորման մեջ մեծ դեր են ունեցել հրաբխային գործընթացները։ Երկրի տարածքում առանձնանում են Աշոցքի, Արագածի և Գեղամա հրաբխային շրջանները, որոնք ծածկված են լավային հոսքերով, հրաբխային կոներով և լավային ծագման սարավանդներով։ Լոռու մարզում տարածված են նաև հրաբխային (բազալտային) սարավանդներ, որոնք ձևավորվել են հին լավային հոսքերի հետևանքով։

Տարածված են նաև խորը գետային կիրճեր, որոնք ձևավորվել են երկարատև էրոզիոն գործընթացների արդյունքում։ Դրանցից հայտնի են՝

  • Որոտանի կիրճ (Սյունիք)
  • Դեբեդի կիրճ (Լոռի)
  • Քասախի կիրճ (Արագածոտն)
  • Ազատի կիրճ (Կոտայք–Արարատ)
  • Արփայի կիրճ (Վայոց ձոր)
  • Հրազդանի կիրճ (Երևան)