ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

Մարզկենտրոն (ԱՇՏԱՐԱԿ)

ԲՆՈՒԹԱԳԻՐ

ՏՎՅԱԼՆԵՐ

Տարածքը

Կոորդինատներ

Բարձրությունը

Քաղաքի կարգավիճակ

Շրջանները

Հեռավորությունը Երևանից

Բնակչությունը

Ուղևորության տևողությունը

Հեռախոսային կոդը

Փոստային դասիչ

Թեժ գիծ

Վեբ կայք

7,5 քառ. կմ. (2,9 քառ. մղ.)

40 ° 18՛ հս.լ., 44 ° 24 ՛ավ.ե.

1130 մ

1963 թ.

Աշտարակ, Մուղնի, Ձախ Ափ, Գիտավան ,Բագավան

17600 մարդ ( 2017թ.)

22 կմ

30 - 40 րոպե

(+374) 232

0201 0205

(0232) 3-52-02

www. ashtarak.am

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ

Աշտարակը Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների կարևոր խաչմերուկ է, որը գտնվում է Մ1 միջպետական նշանակության՝ Երևան-Գյումրի և Երևան-Վանաձոր՝ Մ3 մայրուղիների հատման կենտրոնում:

Այն տեղակայված է Երևան-Գյումրի ավտոմայրուղու սկզբնամասում, ուստի այդ ճանապարհով հարմար է ուղևորվել դեպի Առուչ, Թալին, Արթիկ, Արագած լեռ և այլ վայրեր: Կա նաև ճանապարհ դեպի Վանաձոր: Ներկայումս քաղաքը շրջանցող օղակ ունի, ուստի հարմար է երթևեկել սեփական մեքենայով: Քանի որ մարզկենտրոնը գտնվում է հիմնական ճանապարհի վրա, ուստի մատչելի է և հասարակական տրանսպորտը:

Ավտոբուս

Նախկինում Աշտարակում լիարժեք ավտոկայան էր գործում, որն այժմ պարզապես ավտոբուսի կանգառ է: Դեպի Գյումրի և դեպի հյուսիս (Վանաձոր և ավելի հեռու) ուղևորվող ավտոբուսները շրջանցում են քաղաքը հյուսիսից: Ավտոբուսը սովորաբար մեկնում է Օհանավան՝ ժամը 15: 00-ին:

Միկրոավտոբուս

Երևանից Աշտարակ գնացող երթուղայիններն են՝ N502 և N 503 միկրոավտոբուսները, որոնք մեկնում են Գրիգոր Լուսավորչի փողոցից ամեն ժամ, սկսած ժամը 7.30-ից մինչև 18.30 (տևողությունը՝40 րոպե ): Աշտարակում կանգնելու համար պետք է նախապես զգուշացնել վարորդին: Երթուղայինները վերադառնում են Երևան Աշտարակի գլխավոր շուկայից: Երևանից ուղեվարձը 250 դրամ է:Աշխատում են նաև երթուղային տաքսիներ՝ դեպի Ոսկեվազ և Ագարակ գյուղեր:

Տաքսի

Տեղի տեսարժան վայրեր այցելելու համար ( Հովհաննավանք և Սաղմոսավանք), խնայողական նկատառումով կարելի է նստել Երևանից դեպի Աշտարակ մեկնող ավտոբուս, ապա վարձել տեղական տաքսի: Երևանի կենտրոնից մինչև Աշտարակ ուղևորավարձը մոտավորապես կկազմի 2200-2500 դրամ:

ԿԼԻՄԱ

Աշտարակը գտնվում է նախալեռնային գոտում և ամբողջովին թաղված է հիասքանչ բնամիջավայրում: Քաղաքի հարավային հատվածը ծովի մակարդակից բարձր է 1100-1400 մետր, հյուսիսայինը՝ 700-1200։

Քաղաքն ունի մերձարևադարձային կլիմա, ուստի ձմեռներն այստեղ զգալիորեն ավելի տաք են, քան Հայաստանի մի շարք այլ քաղաքներում: Տեղանքի բարենպաստ կլիման հարմարավետ պայմաններ է ստեղծում տարվա ցանկացած եղանակին այստեղ այցելելու համար:

Միջին տարեկան ջերմաստիճանը հարավային մասում կազմում է + 9,5 °C, հյուսիսային մասում՝ +8-10 °C: Տարվա ամենատաք ամիսներն են՝ հուլիսը և օգոստոսը (+23-ից +26 °C): Աշնան սկիզբը շատ տաք է, ջերմաստիճանը միջինում հասնում է՝ + 22 °C-ի, ցածր ջերմաստիճանը միջինում կազմում է՝ +1 °C:Հունվարի միջին ջերմաստիճանն է՝ -13 °C, միաժամանակ ամռանը երբեք չի լինում չափից շատ շոգ: Չափավոր տաք ամառները (միջինում ՝+24 °C) հիանալի հնարավորություն են ստեղծում հայաստանյան արևը լիարժեք վայելելու համար՝ առանց զգուշանալու հնարավոր արևահարումից:

Նկարագիր

Աշտարակը քաղաքային համայնք է ՀՀ Արագածոտնի մարզում: Քաղաք է հռչակվել 1970 –ից, իսկ 1995 թ.վարչատարածքային ռեֆորմից հետո մարզի վարչական կենտրոնն է հանդիսանում: Քաղաքը գտնվում է Երևանից հյուսիս-արևմուտք՝ 22 կմ հեռավորության վրա և տեղակայված է Արարատյան դաշտի և Արագած լեռնազանգվածի կենտրոնում, հիմնականում Քասախի ձախափնյա կիրճի երկայնքով: Հանդիսանում է տրանսպորտային կարևոր հանգույց, որով անցնում են Երևան-Աշտարակ-Թալին, Երևան-Աշտարակ-Ապարան միջպետական նշանակության ավտոմայրուղիները:

Աշտարակ միավորված համայնքը կազմվել է 1 քաղաքային (Աշտարակ) և 29 գյուղական (Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ, Կարբի,Կոշ, Ղազարավան,Նոր Ամանոս, Նոր Եդեսիա,Նոր Երզնկա, Ոսկեհատ,Ոսկեվազ,Սաղմոսավան,Սասունիկ,Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի,Օհանավան, Օշական, Օրգով) համայնքների միավորումից:Աշտարակ համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Աշտարակ քաղաքը և Մուղնի գյուղը (նախկին Աշտարակաց գյուղը): Աշտարակը հայկական աղբյուրներում հիշատակվում է 9-րդ դարից: Անցյալում այն եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի կազմում:

Բնակավայրի անվան ծագումը հիմնականում կապել են «աշտարակ» հայերեն պարզ բառի հետ: Մինչդեռ գիտնական Գր. Ղափանցյանն այն կապել է սիրո և պտղաբերության ասորա-բաբելական «Իշտար» դիցուհու փյունիկյան «Աշտար» տարբերակի հետ, որի հնչյունափոխությունից էլ հավանաբար, ծագել է «Աշտար», ապա «Աշտարակ» անվանումը:

Հայ բանաստեղծ Գևորգ Դոդոխյանը 1854 թ. Դորպատում հորինեց մի երգ, որն արագորեն լայն ճանաչում գտավ և դարձավ հայության ամենասիրված երգերից մեկը, իսկ Աշտարակը՝ հայ պանդուխտի կարոտի ու անուրջների խորհրդանիշ: Այն կոչվեց «Երգ պանդուխտ պատանեկի».

Ծիծեռնա՛կ, ծիծեռնա՛կ,
Դու՝ գարնան սիրո՛ւն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ։
Ա՜խ, թռի՛ր, ծիծեռնակ
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ…

Վաղ անցյալում բնիկ աշտարակցիները մեծ մասամբ ապրել են Քասախի աջ ափի սեփական տներում, որոնք այսօր վաղուց հնացած ու խարխուլ տներ են: Գետի աջ և ձախ ափերի լայնարձակ հարթության վրա տարածված քաղաքի համար դրանց միացումը վաղուց է լրջագույն խնդիր եղել: 1953 թվին կառուցված «Նոր» կամրջի շահագործումով քաղաքն ու Քասախի կիրճի ձախափնյա հատվածները վերջապես միացան իրար, ինչի շնորհիվ բնակավայրը հետագայում էլ ավելի ընդլայնվեց հենց այդ տարածքների վրա:

1970-ական թվերին քաղաքը սիրով ընդունեց ներգաղթյալներ սփյուռքից, մասնավորապես, Ջավախքից, ովքեր բնակություն հաստատեցին «Ձախ ափ» շրջանում:Իսկ վերջին տարիներին մեծաթիվ հայեր վերաբնակեցվել են Սիրիայից, որոնց համար ՀՀ Կառավարությունն այստեղ կառուցել է «Նոր Հալեպ» բնակելի թաղամասը: Այժմ քաղաքն ունի 2 ավտոմոբիլային և 1 հետիոտնային կամուրջ:

Մարզկենտրոնի տնտեսության կարևոր ոլորտ է արդյունաբերությունը՝ տարբեր ճյուղերի ձեռնարկություններով: «Միկրոմ» ձեռնարկությունն, օրինակ, հայտնի է փորձասարքերի, արբանյակային ալեհավաքների, գունանյութի ու ներկերի, շինարարական սալիկների արտադրությամբ: Պոլիէթիլենային տարաների արտադրության, պոլիգրաֆիական գործարանը զբաղվում է տպագրական իրերի արտադրությամբ:

Կարևոր և զարգացած ճյուղ է սննդի և ըմպելիքների արտադրությունը, որում առաջատար է գյուղմթերքների վերամշակող արտադրությունը: Գործում են խաղողի վերամշակման և գինու հումքի ստացման կետեր: Աշտարակը հնուց է հայտնի անուշահամ գինիների և չոր մրգերի արտադրությամբ:

Գյուղատնտեսության մեջ առանձնանում են պտղաբուծությունն ու խաղողագործությունը: Հողահանդակները ոռոգվում են Քասաղի ջրերով: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսեր: Այստեղ զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնապահությամբ և թռչնաբուծությամբ: Քաղաքն ունի թռչնի մսի և ձվի արտադրություն, հայտնի է Աշտարակի թռչնաֆաբրիկան:

Երկար տարիներ Աշտարակը եղել է Երևանի արբանյակ–քաղաքներից մեկը, որի զարգացումը պայմանավորված էր մայրաքաղաքի աճով:

Այսօր էլ շատ կան ձեռնարկություններ, որոնց գործառույթներն (սպասարկում և իրացում) իրականացվում են Երևանում:

Որպես մարզկենտրոն, Աշտարակը հանդիսանում է Արագածոտնի մարզի վարչաքաղաքական,տնտեսական, մշակութային, գիտական և կրթական կենտրոնը: Ոչ վաղ անցյալում այն համարվել է Խորհրդային Հայաստանի գիտահետազոտական կենտրոններից մեկը՝ իր բազմաթիվ ինստիտուտներով և արտադրական ձեռնարկություններով, որոնց զգալի մասը ներկայումս չի գործում:Հայտնի են ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի Միքայել Տեր-Միքայելյանի անվան ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտները և այլ ձեռնարկություններ:

Արագածոտնի վարչական կենտրոնի կրթական համակարգը ներառում է 6 հիմնական, 1 ավագ դպրոց և 5 մանկապարտեզ:

Կա նաև հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար դպրոց: Համայնքապատկան են 5 նախադպրոցական ուսումնական հաստատություններ և 8 դպրոցներ, որոնցից 4 -ը մասնագիտացված են (երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի և մարզական):

Աշտարակի մարզական կյանքն ապահովում են՝ քաղաքային մարզադպրոցը, մարզադաշտը՝ 3500 նստատեղով և իր ենթակայության տակ գործող խմբակներն ու անհատները, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների սպորտային խմբակները, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների տարածքային կազմակերպությունները,սպորտային ակումբը: Քաղաքում մարզական կյանքն աշխուժացավ հատկապես նոր մարզահամալիրի կառուցումից հետո:

Համայնքի մշակութային և երիտասարդական կյանքը կազմակերպվում է մշակույթի 2 տներում:«Արայի» մշակույթի տանը գործում են Հայորդաց տուն, երիտասարդական կազմակերպություն (Երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղը), մարզային գրադարանը և 3 թանգարաններ: Աշտարակում է ծնվել հայ գրող Պերճ Պռոշյանը, ում տուն-թանգարանը քաղաքի ճանաչված վայրերից է:

Առողջապահական համակարգն ընդգրկում է.1 բժշկական կենտրոն, 1 բժշկական ամբուլատոր պոլիկլինիկա, ատամնաբուժարան, շտապ բուժօգնության կայան, սանէպիդկայան և 10-ից ավելի դեղատներ: 1990-ական թվերի էներգետիկ ճգնաժամի տարիներին այստեղ նույնպես զանգվածային ծառահատումներ եղան, մեծ վնաս հասցնելով կանաչ տարածքներին, ինչի հետևանքներն առ այսօր զգացվում են քաղաքային զբոսայգիներում ու կանաչ գոտիներում: Սակայն հետագա տարիներին դրանք աստիճանաբար վերականգնվեցին և այսօր դարձյալ Աշտարակի գլխավոր այցեքարտը նրա ճանաչված հանգստի գոտիներն են: Քաղաքն ունի երեք բացօթյա խաղահրապարակ և նոր, ընդարձակ զբոսայգի:

Հայաստանում հանրաճանաչ մի շարք ժամանցի վայրեր, որոնց թվում են «Արևիկը», «Աշտարակի ձորը», «Աշտարակի լիճը», գտնվում են Աշտարակ քաղաքի մերջակայքում:

Եվ, այնուամենայնիվ. Աշտարակի «բրենդը» դեռ վաղուց ի վեր, նրա արտակարգ համեղ ընկույզն է, հայտնի «Աշտարակի պոպոքը»: Ընկուզենիներ շատ կան այստեղ: Փողոցների երկայնքով հպարտորեն կանգնած են «դարավոր ու ծեր» ընկուզենիները, որոնց շնորհիվ էլ «Աշտարակի պոպոքը» ժամանակին ամբողջ Հայաստանով մեկ այնպես էր հռչակվել, որ խորհրդային տարիներին նրա մասին անգամ երգ էին հորինել՝ «Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը»:

Ընկույզի փառատոնն ավելի քան 10 տարի անընդմեջ այստեղ տեղի է ունենում յուրաքանչյուր հոկտեմբեր ամսին: Աշտարակը նշանավորվել է նաև Գինու փառատոններով:

Քասախի կիրճը եղել և մնում է Հայաստանի ամենահայտնի ու սիրված գեղատեսիլ վայրերից մեկը, որը, որպես հանգստի բնական և լիարժեք գոտի, վաղուց ի վեր ծառայում է և՛տեղացիներին, և՛ զբոսաշրջիկներին: Քասախի ափին գտնվող հայկական այս հինավուրց քաղաքն աչքի է ընկնում իր պերճաշուք բնությամբ, տարբեր ժամանակաշրջանների բարձրարժեք պատմական հուշարձաններով, յուրահատուկ տեսարժան վայրերով, նաև բարեսիրտ ու բարեհամբույր մարդկանցով և իր անվանի գործիչներով:

Անդ հեոու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրեօր։
Դե հ, սիրո՛ւն ծիծեռնակ,
Հեռացի՚ր, թռի՛ր արագ
Դեպ հայոց երկիրը՝
Ծնած տեղս Աշտարակ։