Արագած լեռ

Նկարագիր/Բնություն/Զբոսաշրջություն/Ավանդապատումներ

Նկարագիր

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4090 մ): Հայկական լեռնաշխարհում այն իր բարձրությամբ չորրորդ գագաթն է (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո): Վաղ անցյալում լեռը գտնվել է Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառներում, իսկ այժմ կենտրոնական դիրք է գրավում Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում: Լեռը երեք կողմերից շրջապատված է այլ լեռներով. հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, իսկ հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենին է:

Լեռնաշղթան՝ իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին, զբաղեցնում է մոտ 4000 կմ² տարածք՝ Արարատյան և Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասախ գետերի միջև: Քառագագաթ Արագածը միակ հանգած հրաբուխն է Հայաստանում (հյուսիսային (4090 մ), արևմտյան (4080 մ), արևելյան (3916 մ) և հարավային (3879 մ) գագաթներով):

Լեռը մասնատված է ճառագայթաձև տարածվող խոշոր հովիտներով՝ Գեղարոտի, Ամբերդի, Մանթաշի և այլն: Արագածի բնությունը բազմաթիվ գրավիչ ու հրաշալի վայրեր ունի զբոսաշրջիկների համար: Լեռը շատ գրավիչ է արշավային և արկածային տուրիզմի, ճանապարհորդության սիրահարների համար: Արագածը հայտնի է որպես լեռնագանցության, արկածային տուրիզմի և ալպինիզմի խոշոր կենտրոն:

Արագածի ստորոտում կան բազմաթիվ գյուղեր, իսկ լեռան շրջակայքում տեղակայված են մի քանի քաղաքներ. հյուսիս-արևելքում՝ Ապարանը, հյուսիս-արևմուտքում՝ Արթիկը, հարավ-արևմուտքում՝Թալինը, հարավ-արևելքում՝ Աշտարակը:

Լեռան լանջերով են անցնում Երևան — Թալին — Գյումրի և Երևան — Ապարան — Սպիտակ մայրուղիները:

Արագածի հարավ-արևելյան լանջին է գտնվում հռչակավոր Բյուրականի աստղադիտարանը, իսկ լեռան մերձգագաթնային սարավանդի վրա 1943 թվից գործում են Տիեզերական ճառագայթների հետազոտման և «Արագածի բարձրլեռնային (3229 մ) օդերևութաբանական կայանները:

Լեռան հյուսիսային լանջին՝ Մանթաշի հովտում, կառուցված է Մանթաշի խոշոր ջրամբարը: 0,79 քռ. կմ մակերեսով, 8,2 մլն խ/մ ջրատարողությամբ և 25մ առավելագույն խորությամբ հսկայական ջրամբարը կառուցվել է Շիրակի մարզում, Մանթաշ գետի վրա, Արագածի լանջին՝ 2550 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1967 թ.-ին, հետագայում, 1973 -ին՝ վերակառուցվել:

Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռն է Արարատից հետո: Նրա մասին ժողովուրդը զանազան պատումներ և զրույցներ է հյուսել, որոնցից մեկը մեկնաբանում է հենց իր անվան ծագումը, կապելով այն մեռնող ու հարություն առնող աստծո՝ Արայի կամ Հայկի որդի Արամանյակի և կամ Արա Գեղեցիկ արքայի (Արգիշտի) անուների հետ (Արա+գահ=Արայի գահ,Արագահ-Արագած):

Հայ ժողովրդի սիրված լեռն իրենց ստեղծագործություններում գովերգել են հայ պատմիչները, գեղանկարիչները, բանաստեղծներն ու երաժիշտները (Ղ.Ալիշան,Կոմիտաս,Հ.Թումանյան,Ե.Չարենց, Մ.Սարյան, Ավ.Իսահակյան):

Ավետիք Իսահակյանը իր՝ «Արագածին» բանաստեղծությամբ, այսպես է փառաբանել հայոց վեհաշուք լեռը.
Դու, Արագա՜ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան՝
Թափառական ամպերի,
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս փերուզ,
Առուներդ՝ մեջքիդ փայլուն՝
Պերճ գոտիներ ոսկեհյուս:

Արագածը՝ որպես հայ ժողովրդի միասնությունը խորհդրանշող լեռ 2005 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվա առթիվ,Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ հայությունը Միասնության շուրջպար բռնեց Արագած լեռան շուրջը: Ի սկզբանե որոշված էր, որ ամեն մի կիլոմետրի վրա կպարի 1000 հոգի, սակայն շարքերում մարդկանց խտության պատճառով պարեցին 2-3 շարքով: Պարից 5 րոպե առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օրհնեց ձեռնարկի մասնակիցներին, որից հետո հնչեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կազմած և երաժիշտ Արա Գևորգյանի կողմից գործիքավորված ժողովրդական պարեղանակը: Արագածի շուրջ տեղի ունեցավ համազգային միասնության աննախադեպ շուրջպար: Պարը սկիզբ առավ լեռը շրջագծող 163 կմ մայրուղիներում՝ ժամը 15:00-ին և տևեց ուղիղ 15 րոպե:

Արագածը շղթայող մայրուղիներն անցնում են Արագածոտնի և Շիրակի մարզերի 106 համայնքների տարածքով, որոնց բնակիչները դեռ նախորդ օրվանից վրաններ էին խփել լեռան լանջերին և գիշերել այնտեղ: Ուշ երեկոյան լեռան լանջերին փռված գյուղերում վառվել էր 1600 խարույկ` խորհրդանշելով Հայոց Գրերի գյուտի 1600-ամյակը: Արագածից որոտացել էր ճոխ հրավառություն:

Համահայկական պարին մասնակցում էին պարզ գյուղացուց ու հասարակ աշխատավորից մինչև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, պաշտոնատար այլ անձինք, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչներ, որոնց էին միացել նաև տարբեր ազգության մարդիկ:Իբրև համերաշխության նշան, համահայկական միջոցառմանը մասնակցեցին նաև Միասնության ԼՂՀ բնակիչները, շուրջպար բռնելով Շուշիի Սբ.Ղազանչեցոց եկեղեցու շուրջ:Միասնության շուրջպարը նկարահանվեց մի քանի ուղղաթիռներից: Պաշտոնական հայտ ներկայացվեց Գինեսի գրքում այն գրանցելու համար:

Երկու հայեր՝ ծեր ու ջահել,
Դարձած մի մարդ , մի հևք դարձած,
Ժիր պարեցին ուրախացած․
Իսկ ձայները նրանց պարի
Հասան նույնիսկ Արարատին:
Ու այդ օրը Մասիսն ու Սիս
Վկան դարձան պարին ազգիս․․․
(Հեղինակ ՝ Ա․ Բարխուդարյան)

Բնություն

Արագած լեռան ծագման և հասակի վերաբերյալ երկու տեսակետ կա: Ըստ առաջին՝ընդունված տեսակետի, լեռը տարասեռ ծալքաբեկոր հիմքի վրա տեղավորված միոցենի տարիքի խոշոր հրաբուխ է, որը վաղնջական ժամանակներում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը:

Արագածը շրջապատից մեկուսացած ու հրաբխային լավաներով ծածկված, մոտ 200 կմ շրջագծով, վահանաձև փռված, մի վիթխարի լեռնազանգված է, որի վրա հետագայում ձևավորվել է հրաբխային կոն:

Վերջինիս ունի 3 կմ լայնությամբ և 350 - 400մետր խորությամբ հսկայական խառնարան, որի քայքայված պատերի մնացորդներն էլ հենց կազմում են լեռան չորս կատարները: Գագաթների միջև ընկած խառնարանը հարավ-արևելքից բաց է, որով կապվում է շրջապատի հետ: Այն նաև մեծ ջրհավաք ավազան է, որտեղից սկիզբ է առնում Քասախի վտակ Ամբերդ գետը:

Երկրորդ վարկածի համաձայն, Արագածը հարավ-արևելյան տարածում ունեցող խոշոր բրախիանտիկլինալ է, քանի որ կազմված է օլիգոցենի հասակի հրաբխային ապարներից: Պատահական չէ, որ այն հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով, որոնցից են՝ տուֆը, պեմզան և պեռլիտը:Այստեղ արդյունահանվում են բազմաթիվ շինանյութեր (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն):

Վաղուց ընդունված կարծիքի համաձայն, Արագած լեռը քառագագաթ է և ունի ատամնաձև և ուղղաձիգ գագաթներ:

Ամենաբարձր գագաթը հյուսիսայինն է (4090մ)

2-րդը՝ հյուսիս-արևմտյանն է (4080մ), 3-րդը՝ արևելյանը (3916մ), 4-րդը՝ հարավայինը (3879 մ):

Թեպետ Արագածն անվանում են քառագագաթ, բայց իրականում լեռն ունի նաև 5-րդ գագաթը (4000մ), որն իրար է կապում հյուսիսային ու արևմտյան գագաթները։ Հենց դա էլ ամենաբարդն ու դժվարամատչելին է, քանի որ դեռևս չի ստեղծվել դեպի այնտեղ տանող որևէ ալպինիստական երթուղի: Լեռան կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ:

Արագածի լանջերը մեղմաթեք են և փռված են գագաթների շուրջը՝ հսկայական տարածությունների վրա՝ կազմելով տեղ-տեղ ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ կամ հարթություններ (Օհանավանի, Մարալիկի սարավանդներ, Շամիրամի, Կարմրաշենի սարահարթեր, Ապարանի դաշտ):

Վերջիններս մասնատված են ճառագայթաձև տարածվող հովիտներով, խորը կիրճերով ու հեղեղատներով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագման կոնաձև բարձրություններ (Փոքր Արտենի, Իրինդ, Դաշտաքար, Կարմրաթառ և այլն):

Արագածի հավերժական ձյունե ծածկույթը կազմում է մոտ 6 կմ²: Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը տեղակայված է հենց խառնարանում (1,5 կմ մակերեսով):

Լեռան հատակին հանդիպում են նաև մնացուկային սառցադաշտեր: Հնագույն սառցապատումների ներգործությամբ հրաբխի խառնարանը վերածվել է ժայռային գագաթներով երիզված վիթխարի սառցադաշտային կրկեսի:

Սառցադաշտերում մի քանի տասնյակ լեռնային լճակներ կան (Քարի, Ամբերդ, Աստղկան, Ռապի, Մթնաձոր, Լեսինգ և այլն):

Արագածի լճերից ամենամեծը Քարի լիճն է՝ 3207 մետր բարձրության վրա, որը հայտնի է իր յուրահատուկ գեղեցկությամբ և քաղցրահամ ջրով: Հայելու մակերեսը կազմում է՝ 0,12 կմ², խորությունը՝ 9 մ: Լիճն առաջացել է սառցե գոյացություններից և տարվա զգալի մասը շրջապատված է ձյան հաստ շերտով, որն էլ բացատրում է ջրի բացառիկ սառնությունը կլոր տարի:

Լեսինգը գտնվում է Արագածի հյուսիս-արևելյան լանջին՝ 3200 մետր բարձրության վրա (մակերեսը՝0,016 կմ², խորությունը՝ 2,5 մ): Առաջացել է սառցադաշտային կառի հատակում՝ մորենային արգելափակման հետևանքով, ուստի սնվում է հալոցքներից: Ջուրը մաքուր է, սառը, ամռանը ջրի ջերմաստիճանը 9°C է։ Լեսինգ է անվանակոչվել ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգի պատվին, ով 1927-1929 -ին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում:

Արագածի բարձրալեռնային լճերից մեկն է Ռապի լիճը, որը գտնվում է լեռնազանգվածի հյուսիսային մասում, Դաշտակիջուր գետի ձախ ափին, Գեղաձոր գյուղից 9 կմ-ի վրա: Ծովի մակարդակից բարձրությունը հասնում է 3001 մետրի, մակերեսն է՝ 1,2 հա: Լիճ տանող ճանապարհն անցնում է լեռան հրաշագեղ ալպիական գոտիով։

Լեռան լանջերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ, որոնք ձնհալի սառցադաշտերի ջրերից գոյացնում են բազմաթիվ գետակներ ու գետեր (Գեղաձոր, Գեղարոտ, Ամբերդ, Ծաղկահովիտ, Շաղվարդ, Քասախ և այլն): Իսկ ստորոտում բխող աղբյուրներից սկզիբ է առնում Արարատ և Արմավիր մարզերի տարածքով հոսող Մեծամոր գետը:

Արագածի լեռնաշղթան հարուստ է նաև խոտհարքներով,արոտավայրերով, և ալպյան փարթամ մարգագետիններով:

Բարձր լեռնային գոտուն (2800-3400մետր) բնորոշ են ինչպես ձյունամերձ բուսականությունը, այնպես էլ բազմերանգ ալպյան գորգերը, որոնց վրա փռված են հարյուրավոր անուշաբույր ծաղիկներ (զանգակածաղիկ, կակաչ, մանուշակ, վայրի շուշան և այլն):

Հայաստանում աճող 3500 բուսատեսակների մոտ կեսը աճում են Արագած լեռան լանջերին, որոնց թվում են հարյուրավոր արժեքավոր դեղաբույսեր: Արագածի լանջերին է աճում նաև առասպելական մի ծաղիկ, որի անունը հենց Բալասան է, թեև տարբեր գրքերում այլ անուններով ևս հանդիպում է: Պարզվում է, որ բարձրադիր գոտիներում աճող (3000 մետրից բարձր) ու շատ կարճ ժամանակով ծաղկող այս հազվագյուտ դեղաբույսը, որ դեռ լավ ուսումնասիրված էլ չէ, բազմաթիվ հիվանդությունների բուժման միջոց է, կազդուրիչ, ու մինչև անգամ պայքարում է օձի թույնի դեմ:

Լեռան հարավային լանջին՝ 1800– 2300 մ բարձրության վրա, պահպանվել է մի անտառակ, որտեղ աճող հիմնական ծառատեսակն արևելյան կաղնին է: Իրենց կենսաբազմազանությամբ բնավ չեն զիջում Բյուրականի տնկովի անտառները, որոնք գտնվում են 1500 մ բարձրության վրա և բավականին հարուստ են: Դեղաբույսերից ու բազմամյա այլ բույսերից բացի, այստեղ աճում են լայնատերև ծառեր, մասնավորապես, նույն արևելյան կաղնին: Ընդ որում, այստեղ աճող կաղնին կաղնի ծառատեսակներից ամենից բարձրահասակն է: Բյուրականի անտառների հարստություններից են վայրի տանձենիները, նաև փռվող գիհիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում:

Հայ պատմիչների վկայությամբ, Արագածը հնում ծածկված է եղել փարթամ անտառներով, ուր ապրել են բազում վայրի կենդանիներ: Լեռան փեշերին ապրող կենդանիներից այսօր հանդիպում են միայն աղվես, գայլ, օձ, մողես, ճագարամուկ, նապաստակ ու կրիա:

Բնական էկոհամակարգերը պահպանելու նպատակով 1959 թվականին կազմավորվեց Արագածի ալպյան արգելավայրը:Արագածի բուսական և կենդանական աշխարհի առանձնացված ալպիական արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է, որը նշված է Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերի (պահպանվող տարածքների) շարքում և պաշտպանվում է ՀՀ կառավարության կողմից՝ որպես Արագածի ալպիական արգելավայր:

Արգելավայրը գտնվում է Արագած լեռնազանգվածի 3200-3500 մետր և ավել բարձրություններում՝ զբաղեցնելով 300 հա տարածք,որն իր մեջ ներառում է Քարի լիճը:Այն ստեղծվել է Քարի լճի սառցադաշտային և հարակից ալպյան մարգագետինների պահպանության նպատակով: Լճի շրջակայքի բուսականությունը մարգագետնային է, որն էլ հանդիսանում է պահպանության հիմնական օբյեկտ: Կարճատև ամռան ամիսներին մարգագետինները վերածվում են ալպյան գունագեղ գորգերի:

Կլիմա

Արագած լեռնաշղթայի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000 մետր) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C –ից +10°C, տեղումները կազմում են 300-900մմ և ավելի: Լեռան լանջերին ամռանը չափավոր տաք է, իսկ ձմռանը՝ սաստիկ ցուրտ: Մերձգագաթային գոտում ամռանը զով է, բայց լինում են նաև ցրտեր: Ձմեռն այստեղ տևական է, խիստ և ձնառատ: 0°-ից ցածր ջերմաստիճանով օրերի թիվը միջինում տարեկան հասնում է 220 -ի: Առկա է կայուն ձնածածկույթ (միջինում՝ տարեկան 250 օր):

Զբոսաշրջություն

Արագածը բնական զբոսաշրջության հիանալի վայր է: Լեռնաշղթան ինքնին բնության նախաստեղծ գեղեցկագույն հուշարձան է, իսկ նրա լանջերը լի են բազմաթիվ տարատեսակ ու տարաբնույթ բնական հուշարձաններով: Արագածի բնությունն արտասովոր գեղեցիկ է, և այն մշտապես հրապուրել է կուսական բնաշխարհի սիրահարներին: Լեռան սառնաշունչ ու մաքուր օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում հազարավոր ճանապարհորդների, հովեկների և զբոսաշրջիկների:

Արագածի լանջերից են բխում Հայաստանի բազմաթիվ գետեր, Քասախն ու իր վտակները՝Գեղարոտը, Ամբերդը, Մանթաշը, Ծաղկահովիտը,բյուրավոր սառնորակ աղբյուրներ՝տեղ-տեղ գոյացնելով լեռնային սքանչելի ջրվեժներ:

Սառցադաշտերում մեղմորեն ծփում են անհամար լեռնային լճակները: Դրանցից ամենամեծն ու հայտնին Քարի լիճն է՝ 3207 մ բարձրության վրա:Լիճն ունի յուրահատուկ գեղեցկություն, որին մի առանձին փայլ են հաղորդում շրջակայքի ալպյան ճոխ մարգագետիները, երփներանգ ծաղիկներն ու լեռան ձյունաճերմակ գագաթի մերձակցությունը:

Արագածը լեռնագնացների սիրած լեռն է: Լեռան երկնասլաց ժայռերն ու ձյունածածկ գագաթները մշտապես հրապուրել ու հրապուրում են ալպինիզմի, լեռնադահուկային սպորտի, լեռնային արշավների,արկածային տուրիզմի սիրահարներին և մեծ թվով լեռնագնացների:

Արագած լեռն իրավամբ համարվում է արկածային զբոսաշրջության և ալպինիզմի կենտրոն: Լեռն ունի 3000 մետրը գերազանցող 21 գագաթ: Ամենաբարձր գագաթները չորսն են՝ հյուսիսայինը (4090 մ), արևմտյանը (4080 մ), արևելյանը (3916 մ) և հարավայինը (3879 մ): Արևմտյան գագաթից գործում է լեռնադահուկային երթուղի, որը բավականին բարդ է լեռան թեքության բարձր աստիճանի և հնարավոր ձյունահոսքերի պատճառով: Վայրէջքը երկար է, դահուկի սահքը կանգառներով չի ընդհատվում, ծովի մակարդակից 3995.3 մետր բարձր տեղանքում միշտ ձյուն է լինում:

Շատ-շատերն են երազում բարձրանալ Արագած: Շատերին էլ դա արդեն հաջողվել է:Այս իմաստով լեռն իրապես միջազգային մեծ համբավ ունի, ուր վաղուց ի վեր մագլցելու են գալիս աշխարհի գրեթե բոլոր երկրներից, նրա դժվարամատչելի, հաճախ՝ անհաղթահարելի բարձունքները նվաճելու: Արագածի լանջերը բարձրացել են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ: Այստեղ մշտապես կարելի է հանդիպել ամենատարբեր վայրերից ժամանած արշավորդների ու արշավախմբերի, որոնց միավորում է բարդ ու դժվարին լեռներ բարձրանալու անհագուրդ ցանկությունը,և որքան դաժան է վերելքը, այնքան ավելի մեծ է այն հաղթահարելու ձգտումը: Իսկ Արագածը մոլորակի այն լեռներից է, որի գագաթները բարձրանալն իսկապես հպարտանալու առիթ է պրոֆեսիոնալ լեռնագնացների և ալպինիստների շրջանում:

Արագածը նաև աշխարհի ամենաարտասովոր և խորհրդավոր վայրերից է, որը չի ենթարկվում անգամ ֆիզիկայի հայտնի օրենքներին:Այստեղ կա մի տարաբնույթ տեղանք, որտեղ ջուրը հակառակ ուղղությամբ է հոսում՝ ներքևից վերև: Ժամանակակից գիտությունը դեռևս ի զորու չէ բացատրել այս անբնական երևույթը՝ անոմալիան:Աշխարհում հայտնի է 4 -5 անոմալ վայր, որոնք բնական օրինաչափություններից շեղվում են և չեն ենթարկվում ձգողականության օրենքներին: Դրանցից մեկը գտնվում է հենց Արագածի լեռնաշխարհի տարածքում:

Խորհրդանշական է, որ վերջերս՝ 2016 թվականի աշնանը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մշակութային հասարակական կազմակերպությունը Նարեկացու հանրահայտ Նարեկը երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, և անգլերեն) տեղադրել է լեռան հարավային գագաթին գտնվող Քարի լճի տարածքում։ Եվ ամեն տարի Արագած լեռան բարձունքից բազմահազար զբոսաշրջիկներ հնչեցնում են Նարեկը:

Մեգալիթյան հուշարձաններ

Արագածի փեշերին, և ոչ միայն բուն լեռան լանջերին, այլ նաև նրա շուրջ գտնվող լեռնազանգվածների վրա մինչ օրս պահպանվել են մեգալիթյան կառույցների մնացորդներ: Մեգալիթ բառը հունարեն ծագում ունի (μέγας – մեծ և λίθος - քար): Մեգալիթները հնագույն կառույցներ են՝ կատարված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով խոշորածավալ քարերից և հիմնականում վերաբերում են էնեոլիթին և բրոնզի դարին: Դրանց թվին են պատկանում հնագույն պատկերներով ժայռերը (ժայռապատկերներ), քարե լաբիրինթոսները, քարանձավներն ու ստորգետնյա այլ կառույցները, մենհիրները (կանգնածքարեր,քարե արձաններ,ծառուղիներ), բուրգերը, աշտարակները, պարիսպները, բերդերն ու տաճարները, հնագույն բնակավայրերն ու քաղաքները, դոլմենները, մեմորիալ, պաշտամունքային և դամբարանային կառույցները:

Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու կենսագործունեության բազմաթիվ հետքեր:Մեգալիթները հազարավոր մետրերի սփռված են լեռան լանջերին: Լեռնազանգվածի հարավային լանջին՝ 2300 –2500 մետր բարձրության վրա կարելի է տեսնել որսի, ծիսակատարությունների, երկրաչափական, իծագիր, բուսական և տիեզերագիտական թեմաներով ժայռապատկերներ, որոնք դրոշմված են կապտագույն և սև լավային ապարների վրա: Դրանց ընդհանուր թիվը 20-ից ավելի է և թվագրվում են մ.թ.ա 7-10-րդ դարերով:

Լեռան լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի և ոռոգման հնագույն ցանցի հետքեր:Ջրակունքների մոտ, մասնավորապես, Քարի լճի շրջակայքում քանդակված են հսկա ձկներ՝ վիշապաքարեր, որոնք խորհրդանշում են այս վայրերում ջրի երբեմնի պաշտամունքը:

Զարմանալի է նախևառաջ այն, թե ինչպե՞ս են դրանք կառուցվել այդօրինակ բարձրությունների վրա, գտնվելով այդքան բարձր, բնակլիմայական դաժան պայմաններում:Ապշեցուցիչ է այն, թե ինչպե՞ս են, այնուամենայնիվ, դրանք պահպանվել հսկայական տարածությունների վրա հարուր հազարավոր տարիներ ու հասել մեր օրերը: Իսկ ամենից ապշեցնողն այն է, որ դրանց մնացորդներն ու հետքերը հստակ երևում են տիեզերքից: Այսօր արդեն Google Earth ծրագրով կարելի է տեսնել այդ վաղնջական հուշարձանների հետքերը, որոնք հազվագյուտ են ողջ աշխարհում, քանի որ նմանօրինակ գտածոներն իրականում շատ քիչ են, իսկ եղածներ էլ՝ ոչ այս քանակի ու մասշտաբների:

Բոլորովին վերջերս՝ 2018 թվականին, լեռան հարավ–արևմուտքում, Արաքսի վտակներից մեկի հովտում, որը գտնվում է Դալարիկ գյուղի մերձակայքում,հայ–ճապոնական համատեղ արշավախումբը հայտնաբերել է Դալարիկ-1 քարանձավը, որից գտնվել են աշելյան ժամանակաշրջանի 130 քարե առարկաներ և կենդանական աշխարհի մնացորդներ: Ըստ գիտնականների, աշելյան շերտի տարիքն այստեղ կազմում է 600-500 հազ. տարի:Այս փաստը գալիս է ապացուցելու, որ սա մի սովորական լեռ կամ բնության հուշարձան չէ, այլ իրապես բազում հանելուկներով, խորհրդավոր գաղտնիքներով պարուրված, արտասովոր ու ապշեցուցիչ մի վայր, որը, թերևս, ապագայի գիտության ուսումնասիրման առարկա է: Արագածի հարավային լանջի ձորերում տեղակայված մի շարք գյուղերի տարածքում հանդիպում են քարե դռներով քարանձավներ: Դրանք վաղմիջնադարյան և ուշմիջնադարյան հուշարձաններ են, որոնք ևս գիտականորեն քիչ են ուսումնասիրված: Կառուցվել են ձևավորված քարանձավներում և ծառայել են որպես սննդամթերքի թաքստոցներ ու պահեստարաններ: Ավելի ուշ, ընդհուպ մինչև XX դարը, սրանք եղել են բնակեցված՝ աշխարհիկ կյանքից մեկուսացած մարդկանցով: Այս բնական փորվածքով քարանձավները՝ 40-45 քառ.մ մակերեսով, հիմնականում բաղկացած են եղել երեք մասից, որոնց սրահների թիվը հասնել 7-ի: Քարե դռներով քարանձավները պատմահնագիտական մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ են:

Կիկլոպյան ամրոցներ

Արագածի փեշերին, բուն լեռան լանջերին և շրջակա լեռնազանգվածների վրա գտնվում են կիկլոպյան ամրոցների մնացորդներ: Հայկական լեռնաշխարհում դրանք պատկանում են ավելի քիչ ուսումնասիրված հուշարձանների թվին, որոնք իրականում հայկական ամրոցների ամենավաղ նմուշներն են: Այդ հնագույն կառույցները, որոնց ընդունված է կիկլոպյան անվանել, և որոնց թիվը Հայաստանում հասնում է մի քանի հարյուրի, առավել տարածված են Արագած և Գեղամա լեռների լանջերին: Արագածում այդ կիսավեր բերդերի մնացորդները ցրված են ընդարձակ տարածությունների վրա՝ դեպի հարավ և հարավ-արևմուտք: Սակայն իրականում մեզ քիչ բան է հայտնի նրանց մասին, քանի որ պահպանվել են շինությունների միայն հիմքերը կամ լավագույն դեպքում՝ ստորին շարքերի շարվածքը: Անգամ դրանց թվագրումն է խիստ մոտավոր: Դժվար է ասել, թե երբ են կառուցվել այս ամրոցները Արագածի լանջերին, բայց կան տվյալներ, որ դրանք կարող են ավելի հին լինել,քան բրոնզի դարի թվագրումն է: Դժվար է նաև կռահել, ինչ թե ինչ տեսք են ունեցել դրանք ի սկզբանե, դատելով ամրոցի հիմքերից և պատերի ստորին շարքերի մնացորդներից:

Արագածի հարավային լանջերին կիկլոպյան քաղաքների և ամրոցների բազմաթիվ ավերակներ կան և անգամ 5 կմ երկարությամբ կիսավեր ու հին մի մայթ, որը հասնում է մինչև 2000 մ բարձրության վրա գտնվող, Խնուսիկ լքված գյուղը:Այստեղից կիլոմետրետր վերև, մեկ այլ բարձունքի վրա էլ կանգնած է Ձյունաբերդ մեգալիթյան ամրոցը, որը թվագրված է մ.թ.ա.3 հազարամյակով: Շինության ստորին հատվածը կառուցվել է մի քանի տոննա քաշի հսկայական գլաքարերով, իսկ վերին մասում՝ավելի փոքր քարերով, սակայն դրանց մեծ մասը ցաքուցրիվ է եղել երկրաշարժերից: Բլրի գագաթի շինությունից գրեթե ամբողջ Արարատյան դաշտը երևում է: Բացի պաշտպանական գործառույթից, սա կարող էր ծառայել նաև որպես դիտակետ՝ զորքերի տեղաշարժերին հետևելու համար։ Ամրոցի ներսում պահպանվել է հուղարկավորության դոլմեն, և սրբազան ծեսերի «կրակե զոհասեղան»: Արագածի հնագույն ամրոցների դասակարգումը առաջին անգամ կատարելէ հայտնի ճարտարապետ և հայ ճարտարապետության մեծագույն գիտակ՝ Թորոս Թորամանյանը՝ դեռևս 1920-ական թվականներին:

Ամենից հները գիտնականը վերագրել է նեոլիթյան ժամանակաշրջանին (մ.թ.ա.մոտ 9500 թվից մինչև մ.թ. IV-V դարեր): Բայց այն ժամանակներում գիտնականի եզրահանգումներն այդպես էլ ճանաչում չգտան: Մինչդեռ մեր օրերում երկրաբանական և պալեոկլիմատոլոգիական նորանոր տվյալների շնորհիվ տաղանդավոր ճարտարապետի կատարած բացահայտումները հաստատվում են և այսօր ամենահին կառույցները թվագրում են հենց նեոլիթի ժամանակաշրջանով: Արագած լեռան լանջերը հարուստ են նաև հայկական միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կոթողներով, որոնք դարեր շարունակ պահպանվել ու մեզ են դասել, ինչպես Արա գյուղի մատուռը, Ամբերդ ամրոցը, Տեղերի վանքը:

Անշուշտ, Արագածի բոլոր հնագույն կառուցվածքները, թե՛ կիկլոպյան ամրոցները, թե՛մեգալիթյան այլ հուշարձանները, դեռ շատ գաղտնիքներ են պարունակում, որոնք բացահայտման կարիք ունեն: Եվ այդուհանդերձ, այն ամենն, ինչ երևում է, ավելի քան բավարար է դրանց եզակիությունն ու պատմահնագիտական բարձր արժեքը հասկանալու և ըստ արժանվույն գնահատելու համար: Արագածին անդրադարձել է «National geographic»-ը՝ համարելով այն առեղծվածին լեռ և գրել, որ Երկրորդ աշխարհամարտից հետո այստեղ կատարված ուսումնասիրությունների արդյունքում խառնարանային ավազանի շրջակայքում հայտնաբերվել են մշտական սառցաբեկորներ: Իր ուշագրավ հրապարակման մեջ համաշխարհային հռչակ ունեցող պարբերականը նշել է, որ այս քառագագաթ հրաբխային զանգվածը յուրահատուկ կապ է ստեղծում աստվածության, հողից կյանք ստանալու և գիտության միջև..

Ավանդապատումներ

Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում բազմաթիվ լեգենդներ է հյուսել, որոնց թվում նաև հայոց լեռների մասին: Հնուց ի վեր լեռները համարվել են առեղծվածային և խորհրդավոր կազմավորումներ ու նրանց մասին բազում զրույցներ են ծնվել, որոնց հիմքում, անշուշտ, ընկած են նաև իրական դեպքեր և պատմական իրադարձություններ: Արագածի սիգապանծ գագաթները, նրա լեռնալանջերի բնաշխարհը՝ բյուրավոր աղբյուրներով ու գետերով, հիասքանչ լեռնային լճակներով, առիթ են տվել լեռան մասին խորհրդանշական առասպելների ստեղծման:

Արարատի ու Արագածի մասին

Արագածի մեղմաթեք լանջերը շատ ջրառատ են ու բերրի, նրանք ծածկված են արոտավայրերով ու ալպյան մարգագետիններով, իսկ Մասիս սարը ճիշտ իր հակոտնյան է։ Հենց այս հանգամանքն էլ առիթ է տվել երկու քույրերի մասին մի խորիմաստ ավանդազրույցի ստեղծման: Ժամանակին Արարատն ու Արագածը սիրով քույրեր են եղել։ Այնպես է լինում, որ մի օր նրանք կռվում են։ Մասիսն ասում է. «Ես եմ ավելի բարձրն ու գեղեցիկը»

Արագածը, թե՝ «Ես և՛ավելի շատ բարձր գագաթ ունեմ, և՛ ավելի գեղեցիկ եմ քեզանից»։

Քույրերի վեճին վրա է հասնում Մարութա սարը՝ փորձելով հաշտեցնել վիճաբանող կողմերին: Սակայն ապարդյուն ջանքերից հետո, տեսնելով, որ ինքն անկարող է խաղաղություն վերահաստատել նրանց միջև, քանզի չեն հասկանում, որ երկուսն էլ գեղեցիկ են, թողնում հեռանում է՝ երկուսին էլ անիծելով. «Թող Մասիսն ու Արագածը այնպես բաժանվեն, որ էլ երբեք չհանդիպեն իրար»:

Վեճն ավելի է թեժանում, կռիվ է դառնում ու վիճողները հիմի էլ սկսում են մեկը մյուսին անիծել. Մասիսն Արագածին է անիծում, ասելով. «Թող վիշտը երբեք դուրս չգա սրտիցդ, արցունքներն էլ աչքերիցդ չպակասեն»:

Իսկ Արագածն էլ իր հերթին է անիծում Մասիսին, որ սա վշտից չորանա ու աշխարհիս երեսին ոչ ոք չբարձրանա նրա գագաթն ու վրան մատաղ չանի»:

Ցավոք, անեծքներն իրականանում են: Մասիսը ցամաքում է, չորանում, ու այլևս ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ այնտեղ մատաղ է մորթվում:

Իսկ Արագածի ձները հալչում են և նրա փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում, լեռան գագաթին էլ արցունքներից հեքիաթային լճեր են գոյանում: