Էկոտուրիզմ

Էկոտուրիզմը (էկոլոգիական զբոսաշրջություն) բնության և բնական միջավայրի ճանաչմանն ուղղված պատասխանատու զբոսաշրջության տեսակ է, որն ունի բնապահպանական և գիտաճանաչողական նպատակներ։ Այն նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը և ձևավորում բնության նկատմամբ գիտակցված վերաբերմունք։ Այս ուղղությունը ժամանակակից տուրիզմի արագ զարգացող ձևերից է և սովորաբար չի պահանջում բարձրակարգ ենթակառուցվածքներ։ Այն իրականացվում է բնական միջավայրում՝ քայլարշավների, ձիարշավների, ավտոերթերի, հեծանվային երթուղիների կամ վրանային գիշերակացների միջոցով։ Էկոտուրիզմը հայտնի է նաև որպես կանաչ, կայուն զբոսաշրջություն, որը հիմնված է գիտակցված ճանապարհորդության, բնության հանդեպ հարգանքի և տեղական միջավայրի պահպանության գաղափարի վրա։

Էկոտուրիզմի հիմնական ուղղություններն են՝

  • Ֆլորայի և ֆաունայի դիտարկում
  • Թռչնադիտարկում
  • Քայլարշավներ և լեռնային զբոսանքներ
  • Ձիարշավներ և էկոերթուղիներ
  • Բնական ու պահպանվող տարածքների այցելություն

ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ

Արագածոտնի մարզը Հայաստանի լավագույն էկոտուրիստական ուղղություններից է՝ իր բազմազան լեռնային լանդշաֆտներով, մաքուր օդով և համեմատաբար անաղարտ բնությամբ և լեռնաշխարհի յուրահատուկ մթնոլորտով։ Այստեղ կարելի է ոչ միայն բացահայտել բնությունը, այլև սովորել այն պահպանել՝ մասնակցելով մեղմ («soft eco») էկոերթուղիների։ Մարզի բնությունը ներառում է լեռներ և լեռնաշղթաներ, գետեր ու լճեր, կիրճեր, ալպյան մարգագետիններ և բնության յուրահատուկ հուշարձաններ։ Արագածոտնում էկոտուրիզմը համատեղում է ակտիվ հանգիստը, բնության ճանաչումը և գյուղական միջավայրի բացահայտումը՝ հնարավորություն տալով վայելել Հայաստանի լեռնաշխարհի իրական ու անաղարտ կերպարը։ Այն ներառում է քայլարշավներ, լեռնային երթուղիներ, ձիարշավներ, վրանային գիշերակացներ և բնության մեջ հանգստի տարբեր ձևեր։

ԳԼԽԱՎՈՐ ՎԱՅՐԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեռնային էկոհամակարգեր

Կիրճեր և գետահովիտներ

Ջրային տարածքներ

Պահպանվող տարածքներ, ալպյան գոտիներ

Պատմամշակութային բնապատկերներ (էկո + մշակույթ)

Անտառային և էկոտուրիստական գոտիներ

Լեռնային էկոհամակարգեր

  • Արագած լեռ – բարձրադիր լեռնային բնաշխարհ
  • Քարի լիճ – սառցադաշտային ծագման բարձրադիր լիճ
  • Արա լեռ – հրաբխային ռելիեֆ և ժայռային լանդշաֆտներ

Բարձրադիր լեռնային բնաշխարհ

ԱՐԱԳԱԾ ԼԵՌ

Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4090 մ) և Հայկական լեռնաշխարհի խորհրդանիշներից մեկը՝ իր ձյունապատ գագաթներով: Այն հանգած հրաբուխ է՝ չորս գագաթներով՝ հյուսիսային, արևմտյան, արևելյան և հարավային, որոնց միջև տարածվում է հսկայական հրաբխային խառնարանը։

Հարավային՝ 3879 մ
Արևելյան՝ 3916 մ
Արևմտյան՝ 4080 մ
Հյուսիսային՝ 4090 մ

Արագած լեռնազանգվածի տպավորիչ բնությունը մշտապես հրապուրել է լեռնային բնության սիրահարներին։ Լեռան լանջերը իդեալական են քայլարշավների, բնության դիտարկման և հանգիստ էկոտուրիզմի համար, ուստի Արագածը մարզի էկոտուրիզմի գլխավոր ուղղություններից է։

Լեռը առանձնանում է նաև հրաբխային լանդշաֆտներով, մերձալպյան ու բարձրալեռնային գոտիներով, յուրահատուկ բուսականությամբ, խոր կիրճերով, ժայռային գոյացություններով, ինչպես նաև լեռնային աղբյուրներով և ջրվեժներով։

Մերձգագաթային սարավանդներում, ասես երկնքում, երկնային փերիների նման, ծփում են Արագածի գեղատեսիլ լճերն ու լճակները։ Արագածոտնի մարզի սահմաններում Արագածի լճերից առավել հայտնի են՝ Քարի, Ումրոյ, Մթնալիճ, Աստղկան, Լեսինգ, Քառասունք, Եղնալիճ և Կուրաղբյուր լճերը, որոնց մեծ մասը գտնվում է 3000 մ-ից բարձր և դժվարամատչելի է։

Արագածի դժվարամատչելի բարձրադիր լճերից է Աստղկանը։ Լճի շրջակայքը տարվա մեծ մասը պատված է ձյունով, իսկ լիճ տանող ճանապարհը անցնում է բարձրադիր գոտիներով և Արագածի հյուսիսային պատի տպավորիչ տեսարաններով։

Արագած լեռնազանգվածի ամենաբարձր լիճը Մթնալիճն է, որը գտնվում է հյուսիսային գագաթի հարևանությամբ՝ 3446 մ բարձրության վրա և առանձնանում է իր յուրահատուկ գեղեցկությամբ։

Արագածի ամենամեծ լիճը Ումրոյն է, որը գտնվում է Արագածի արևելյան լանջին՝ 3050 մ բարձրության վրա և զբաղեցնում է շուրջ 20 հա տարածք։

Իսկ ամենահայտնին Քարի լիճն է՝ 3207 մ բարձրության վրա, 0.12 կմ² մակերեսով։ Նրա արևմտյան ափից սկիզբ է առնում Ամբերդ գետի Արքաշեն վտակը։ Լիճը նաև հայտնի է որպես լեռնային զբոսաշրջության և էկոտուրիզմի կարևոր կենտրոն։

Սառցադաշտային ծագման բարձրադիր լիճ

ՔԱՐԻ ԼԻՃ

Քարի լիճը (3207 մ) Արագածոտնի ամենահայտնի էկոտուրիստական վայրերից է։ Այս բացառիկ բարձրլեռնային լիճը առանձնանում է իր խստաշունչ, բայց միևնույն ժամանակ գեղատեսիլ բնությամբ և համարվում է Արագածի ամենայցելվող բնական կենտրոններից մեկը:

Քարի լիճը հանդիսանում է բազմաթիվ քայլարշավային և լեռնագնացական երթուղիների հիմնական մեկնակետը դեպի Արագածի գագաթներ ու մերձգագաթային լճեր։

Այս բացառիկ բարձրլեռնային լիճն ունի յուրահատուկ ձգողականություն և հմայք: Այն համարվում է Արագածոտնի ամենահայտնի և դժվարամատչելի էկոտուրիստական վայրերից մեկը։

Քարի լիճն ունի սառցադաշտային ծագում: Հայելու մակերեսը՝ 0,12 քառ.կմ է, խորությունը՝ 8 մ։ Առաջացել է սառցե գոյացություններից: Այն երկարատև շրջապատված է լինում ձյան հաստ շերտով, որի պատճառով ջուրը սառն է մնում:

Լճի տարածքը բնորոշվում է լեռնային մաքուր օդով, սառն աղբյուրներով և ալպյան բուսականությամբ, որոնք ձևավորում են յուրահատուկ բարձրադիր էկոհամակարգ՝ բարձրալեռնային մարգագետիններով ու քարքարոտ լանդշաֆտներով։

Լճին առանձնահատուկ փայլ են հաղորդում Արագածի ձյունաճերմակ գագաթի մերձակցությունն ու հեքիաթային բնապատկերները, որոնց ֆոնի վրա զբոսաշրջիկները բացառիկ լուսանկարներ են ստանում:

Քարի լճի բնական միջավայրը համադրվում է նաև շրջակայքում պահպանված հայտնի վիշապաքարի և մեգալիթյան մշակույթի հետքերով՝ տարածքին հաղորդելով խորհրդավոր և հնագույն միջավայրի զգացողություն:

Քարի լճի էկոհամակարգի առանձնահատկությունները.

  • բարձրալեռնային միջավայր
  • ալպյան բուսականություն
  • կարճ ամառային կենսաշրջան
  • մաքուր օդ և ջրային միջավայր
  • թռչուններ / վայրի բնություն

Հրաբխային ռելիեֆ և ժայռային լանդշաֆտներ

ԱՐԱ ԼԵՌ

Արայի լեռը ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում գտնվող հանգած հրաբուխ է՝ Արագածից հարավ-արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև։ Փառահեղորեն բազմած այս հրաբխային լեռնազանգվածը հետաքրքիր ուղղություն է էկոտուրիզմի, բնաճանաչողական արշավների և լուսանկարչական տուրերի համար՝ համադրելով հրաբխային բնաշխարհը, լեռնատափաստանային միջավայրը և հայկական հին ավանդությունները։

Արայի լեռան բնության կերպարը

Արա լեռը Հայաստանի կենտրոնական հատվածի գեղատեսիլ հանգած հրաբուխներից է, որն առանձնանում է իր հրաբխային լանդշաֆտներով, բնական ժայռային գոյացություններով և պատմա-առասպելական շնչով։ Լեռը՝ 2577 մ բարձրությամբ, վերին երրորդական ժամանակաշրջանի հրաբխային զանգված է՝կազմված անդեզիտներից, անդեզիտաբազալտներից և դացիտներից, իսկ նրա լանջերը ծածկված են էլուվիալ նստվածքներով ու կտրտված են խորքային ձորակներով՝ ձևավորելով յուրահատուկ լեռնային ռելիեֆ։

Լեռան լանջերին հանդիպող ժայռ-մնացուկները բնության ստեղծած իրական «քանդակներ» են. որոնք տարածքին հաղորդում են յուրահատուկ կերպար և խորհրդավորություն։

Տարածաշրջանում գերակշռում է ցամաքային կլիման՝ տարեկան 300–400 մմ տեղումներով։ Լեռան հյուսիսային լանջերին պահպանվել են կաղնու նոսր պուրակներ և թփուտներ՝ ձևավորելով հարուստ կենսաբազմազան միջավայր։

Ստորոտներում տարածված են գորշահողերով ծածկված օշինդրային կիսաանապատները, իսկ բարձրադիր հատվածներում՝ լեռնատափաստանային լանդշաֆտներ են։

Արայի լեռան բնական միջավայրը՝ իր յուրահատուկ հրաբխային բնաշխարհով և լեռնատափաստանային էկոհամակարգերով, այն դարձնում են էկոտուրիզմի և բնաճանաչողական հետաքրքիր ուղղություն:

Լեռը հարմար է թեթև քայլարշավների, բնաճանաչողական հանգստի համար: Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ 600 մ։

Արայի լեռան հոգևոր և մշակութային արժեքը

Արա լեռը հայտնի է ոչ միայն իր հրաբխային կառուցվածքով և բնական քարե ձևավորումներով, այլև յուրահատուկ պատմա-առասպելական շնչով։

Լեռան հոգևոր արժեքը հատկապես ընդգծվում է նրա լանջին գտնվող Ծաղկեվանքով, որը հայկական ավանդույթներում համարվում է Սուրբ Վարվառային նվիրված ուխտատեղի։ Սբ. Վարվառան քրիստոնեական ավանդության մեջ իր հավատքի համար նահատակված կույս է: Դեպի վանք եկող մարդկանց հոսքը երբեք չի դադարում:

Ծաղկեվանքի շրջակայքը աչքի է ընկնում խաղաղ ու լռությամբ պարուրված բնությամբ, որտեղ քարաժայռերն ու բուսականությունը միահյուսվում են՝ ստեղծելով հոգևոր հանգստավետ մթնոլորտ։

Տարածքի ժայռերի ու քարերի վրա տեղ-տեղ հանդիպող կանաչ մամուռը վայրին տալիս է խոնավության ու թարմության մեղմ զգացողություն: Իսկ վանքի պատերին առկա մամուռը ընդգծում է նրա հնությունը՝ հաղորդելով հնաբույր տեսք:

Վանքի հարակից աղբյուրը հայտնի է իր զուլալ ջրով, որին տեղացիները հնուց ի վեր վերագրել են բուժիչ հատկություններ, հատկապես աչքերի առողջության համար, և այն կոչել «Սուրբ ջուր»։

Արայի լեռը, նախևառաջ, կապված է հայկական առասպելաբանության հետ: Լեռան անվանումը կապվում է առասպելական Արա Գեղեցիկի հետ՝ հայոց ավանդապատումների հայտնի կերպարներից մեկի, ով մարմնավորում է բնության զարթոնքի, գեղեցկության և հայրենիքի պաշտպանի գաղափարը։

Ըստ ավանդության՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվում է Արային, սակայն մերժում ստանալուց հետո պատերազմ է սկսում Հայաստանի դեմ։ Ճակատամարտում զոհված Արային նա փորձում է վերակենդանացնել իր արալեզների օգնությամբ, սակայն Արան չի վերադառնում կյանք։

Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը հայ ավանդազրույցների ամենահայտնիներից է, որը դարձել է գեղեցկության, արժանապատվության և հայրենիքի համար պայքարի խորհրդանիշ։ Արայի անունը պահպանվել է նաև մի շարք տեղանուններում, այդ թվում՝ Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ և այլն։

Բնության, պատմության և առասպելաբանության այս համադրությունը Արայի լեռը դարձնում է Հայաստանի յուրահատուկ էկոտուրիստական ուղղություններից մեկը։

Էկոտուրիզմի առանձնահատկությունները

  • հանգած հրաբխային լեռնազանգված
  • ժայռային և էրոզիոն լանդշաֆտներ
  • կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներ
  • կաղնու նոսր պուրակներ և թփուտներ
  • հարուստ լեռնային կենսաբազմազանություն
  • թեթև քայլարշավների և բնաճանաչողական զբոսանքի հարմար միջավայր
  • գեղատեսիլ տեսարաններ դեպի Արագած և Կոտայքի լեռնաշխարհ
  • բնության և հայկական ավանդությունների յուրահատուկ համադրություն

Արայի լեռան լանջերը նաև առաջարկում են խաղաղ և անմարդաշատ միջավայր՝ իդեալական լուսանկարչության համար՝ լայնարձակ համայնապատկերներով դեպի Արագածոտնի և Կոտայքի լեռնաշխարհ։

Լեռան գագաթից բացվում են բացառիկ տեսարաններ՝ դեպի Արարատ, Արագած, Գեղամա լեռներ և հարակից լեռնաշղթաներ՝ ստեղծելով տպավորիչ բնական համայնապատկեր։