×

ՆԿԱՐԱԳԻՐ

Տվյալներ / Բնություն / Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն Լոգիիստիկա

Թումանյանական աշխարհ

Եթե Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ապա Լոռին նրա ամենահարուստ և ուշագրավ սրահներից մեկն է։ Լոռի ասելիս հասկանում ենք նախևառաջ անտառածածկ մի երկրամաս՝ իր հեքիաթային բնությամբ, հասկանում ենք ռելիեֆների բացառիկություն, բնության թովիչ կախարդանք, կլիմայի յուրահատկություն, այն ամենը, ինչը նոր ժամանակներում «թումանյանական» կոչվեց։ Ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանը այնպես է գովերգել ու փառաբանել իր նվիրական ծննդավայրի անզուգական բնությունը, որ իր կերտած պատկերներով մինչ օրս սերունդներ են կրթվում ու հայրենիք ճանաչում: Այդ պատկերները գրավում են անգամ հեռավոր եզերքներում ապրողներին՝ բացահայտելու հայոց հրաշագեղ հյուսիսի խորհրդավոր բնաշխարհի անսպառ գաղտնիքները: Լոռի ասելիս, անշուշտ, հասկանում ենք նաև Հաղպատ, Սանահին, Օձունի, Քոբայրի վանքերը, Ստեփանավանի Դենդրոպարկը, Դսեղ գյուղն ու Թումանյանի տուն-թանգարանը…


Շվեյցարիա՞, թե Լոռի

Լոռին հաճախ համեմատում են Շվեյցարիայի հետ, իսկ գուցե Շվեյցարիան է նման մեր Լոռուն։ Գուգարաց լեռնաշխարհի անծայրածիր լեռնաշղթաները, Բազումի, Վիրահայոց լեռների զառիվեր լանջերն ու փարթամ անտառների թավիշը, բնության խորքերում թաքնված հեքիաթային լճակները, ջրառատ գետերի վարարուն հոսքն ու անդնդախոր կիրճերը՝ իրենց չքնաղ գետահովիտներով, դրախտային այգիներով, բնակավայրերի անհավանական տեղադիրքերն ու բնապատկերները գեղագիտական հաճույքի և ներշնչանքի, նաև ադրենալինի մշտահոս աղբյուր են, և այդ բոլորը միաձայն կանչում են Լոռի՝ ըմբոշխնելու մի աննման ու չքնաղ բնաշխարհ:


ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությամբ հարստացված հող

Լոռու արարող մտքի ձեռակերտ ճարտարապետական հուշարձաններ՝ միջին դարերում այս հողի վրա կառուցված նշանավոր վանական համալիրներ Հաղպատն ու Սանահինը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչը վկայում է ոչ միայն նրանց մշակութային կարևորության և բարձրարժեք լինելու, այլև այս երկրամասի հոգևոր ուժի և հինավուրց ու նշանակալի պատմության մասին։


Բերդաքաղաքից կերտված թագավորություն և պետություն


Լոռեցու ոգին ու հզոր հավատը վաղուց ի վեր այս երկրամասը դարձրել են մշակութային կենտրոն, Հաղպատը՝ աթոռանիստ։ Միջնադարում Լոռին ունեցել է սեփական իշխանություն՝ սկզբում Լոռու, ապա Տաշիր-Ձորագետի թագավորություն, դառնալով Հայաստանի ենթակա թագավորություններից երրորդը։ Լոռե բերդաքաղաքի կանգուն ավերակները խոսուն վկայությունն են՝ երբեմնի հզոր հայկական թագավորության:Լոռեցու ոգին անպարտելի դարձրին Հայաստանի պանծալի իշխաններ՝ Զաքարյան եղբայրները, որ քսան տարի շարունակ պատերազմներ մղեցին սելջուկների դեմ ու ազատագրեցին Հայաստանի զգալի մասը՝ հիմնադրելով Զաքարյանների անկախ պետությունը:


Մեծ լոռեցիների հաղթական շքերթը

Հայոց սերմը մշտապես բեղուն է եղել այս հնամենի հողում։ Այստեղ ծնվել են հայտնի պետական գործիչներ, զորավարներ, գիտնականներ, գրողներ, երաժիշտներ ու ճարտարապետներ։ Մեծ լոռեցիների շքերթը, որը սկսվել է անհիշելի ժամանակներից, շարունակվում է առ այսօր՝ Զաքարյաններից մինչև Լոռվա մելիքներ, Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթևոսյան, Ստեփան Զորյան, Սոս Սարգսյան և ուրիշ մեծեր:



Լոռին գտել է և՛ իր գահակալին, և՛ իր զորավարին, Լոռին գտել է նաև իր երգչին՝ անմահ Սայաթ-Նովային, ով ծնվել էր այստեղ՝ Սանահինում, որ ռամիկ էր, իշխան դառնալ չէր ուզում, բայց մի սազով ողջ Կովկասը նվաճեց:

ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/

Աշխարհագրական դիրք

  • Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում և զբաղեցնում է ամենաընդարձակ բնապատմական շրջանը:
  • Բարձրությունները տատանվում են 1600 մ – 1700 մ․
  • Ամենաերկար ձգվածությունը՝
    • ↔ Արևմուտքից արևելք՝ 84 կմ (Շիրակի մարզի սահմանագծին գտնվող Ջավախքի լեռնաշղթայից մինչև Տավուշի մարզի սահմանագծին գտնվող Գուգարաց լեռնաշղթայի արևելյան լանջերը)։
    • ↕ Հյուսիսից հարավ՝ մոտ 72 կմ (Վրաստանի հետ պետական սահմանից՝ Ջիլիզայի շրջակայքից, մինչև Փամբակի լեռնաշղթայի հարավային հատված՝ Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահմանագիծ)։

Սահմանակցող տարածքներ․

  • Մարզեր՝ Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ
  • Միջազգային սահմաններ՝ Վրաստան


Պատմական ժառանգություն

    Անվանումը – Լոռին իր անունը ստացել է պատմական Լոռե կամ Լոռի քաղաք-ամրոցից։ Միջնադարյան անվանում – X դարից Գուգարաց աշխարհը կոչել են Լոռի (կամ Լոռե), Մեծ Հայքի Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի կազմում։

    Բնակեցվածություն – Հայկական լեռնաշխարհում մարդու ամենահին բնակատեղերից է (մ.թ.ա. 4-3 հազ.-ներ)։ Մ.թ.ա. 1 հազ.-ում մտել է Ուրարտու (Այրարատ) պետության մեջ (մ.թ.ա. 7-րդ դար): Արգիշտի I-ը (Ք.ա. 785-784 թթ.) նվաճել է տարածքը և ներառել Վանի թագավորության մեջ։

    •  Ինքնուրույն իշխանություն – 979 կամ 982 թթ. Լոռին ստացավ ինքնուրույն իշխանություն Անիի Բագրատունիների թագավորության կազմում։ Պետությունը հիշատակվել է որպես «Լոռու թագավորություն», հետագայում՝ «Տաշիր-Ձորագետ»։

Պատմական բնակավայրեր

Լոռու մարզի տարածքում պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից և ոչ մեկը չի եղել։Սակայն նրա անառիկ ամրոցներն ու հնագույն բնակավայրերը հատկապես միջնադարում կարևոր դեր են խաղացել երկրի ռազմա-քաղաքական կյանքում։ Հիմնական կենտրոններն էին՝ Լոռի ամրոցը կամ Լոռե բերդաքաղաքը, Դսեղը, Տաշիրը և այլ բնակավայրեր։Պետության հոգևոր և քաղաքական կյանքում մեծ նշանակություն և առաքելություն են ունեցել երկրամասի վանական համալիրները: Հիմնական կենտրոններն էին՝ Սանահինը, Հաղպատը, Քոբայրը, ինչպես նաև Լոռե ամրոցը։

Բնակչություն

Լոռու մարզի բնակչությունը կազմավորվել է տարբեր պատմական շրջաններում բնակություն հաստատած խմբերից։ Հիմնական մասը հայեր են, որոնց նախնիները այստեղ են եկել՝ սկսած միջնադարից և հատկապես 19–20-րդ դարերում՝ Արևմտյան Հայաստանից, Ջավախքից, մեր օրերում՝ նաև Արցախից։ Բացի հայերից, մարզում բնակվում են նաև ռուս, եզդի և այլ ազգային խմբեր՝ փոքր համայնքներով։

ԲՆՈՒԹՅՈՒՆ

  • Տարածքը՝ գտնվելով երկրի հյուսիսում, ընդգրկում է Լոռվա սարահարթը և Դեբեդի հովիտը:
  • Հյուսիսից մարզը շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից՝ Ջավախքի լեռնավահանով, հարավից՝ Փամբակի լեռնաշղթայով և արևելքից՝ Գուգարաց լեռներով:
  • Բնությունը՝ հակադրություններով հարուստ, բարձր ու մասնատված լեռներ, խորը ձորեր, անծայրածիր սարահարթեր, արոտավայրեր:
  • Լոռու մարզը բնորոշվում է լեռնային գեղատեսիլ ռելիեֆով․ որտեղ միախառնվում են անտառապատ լեռները, գունագեղ գետահովիտները և բարձրադիր մարգագետինները։ Լոռին հայտնի է իր ճոխ ու փարթամ բուսածածկույթով:
  • Ջրահավաք ավազանները՝ հիմնականում Դեբեդի, հարավ-արևելքում՝ Աղստև գետի:

Գոտիներ

Լոռու տարածքում միմյանց հաջորդում են 5 լանդշաֆտային և 3 կլիմայական գոտիներ.


Լանդշաֆտային գոտիներ

1. Չոր տափաստանային – ▲800–900 մ

2. Լեռնատափաստանային – ▲~1200–1700 մ

3. Լեռնաանտառային – ▲~1700–2100 մ

4. Լեռնամարգագետնային և մերձալպյան – ▲~2100–2600 մ

5. Ալպյան բարձր լեռնային – ▲ ≥ 2600

6. Ձնամերձ (նիվալ) – ▲ 3000 մ-ից բարձր

/

Լոռու լանդշաֆտային գոտիներում առանձնացվող տեղային ենթաշրջաններ.

    1. Ջավախքի լեռնա-մարգագետնային

    • Բարձրադիր մարգագետիններ, զով-խոնավ կլիմա։

    2. Լոռվա տափաստանային և մարգագետնա-տափաստանային

    • Տաշիր–Ստեփանավան հովտահարթավայրային գյուղատնտեսական գոտի։

    3. Վիրահայոց լեռների տափաստանային և անտառա-մարգագետնային

    • Ալավերդի, Ախթալա—տափաստանային լանջեր, անտառապատ լեռներ։

    4. Փամբակ–Դեբեդի հովտասարավանդային անտառատափաստանային

    • Վանաձոր–Դեբեդ գետահովիտ՝ անտառներով և տափաստանային բարձրավանդակներով։

    5. Բազում–Փամբակի լեռնահովտային տափաստանա-մարգագետնային

    • Բազումի ու Փամբակի լեռնաշղթաների միջակայք։

Կլիմայական գոտիներ

1. Բարեխառն լեռնային — ▲ 1000–1400 մ

2․ Խոնավ լեռնային— ▲ 1400–1700 մ

3. Ցուրտ լեռնային — ▲ 1700–2100 մ

4. Բարձր լեռնային (մերձալպյան) — ▲ 2100–2600 մ

5. Ալպյան, ձյունամերձ խիստ ցուրտ — ▲ 2600 մ և ավելի

Հող և բուսականություն

  • Հողաբուսական ծածկույթին բնորոշ է ուղղաձիգ գոտիականությունը, գերակշռում են լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը:
  • Տարածքում գերակշռում են անտառային գորշ և դարչնագույն հողերը
  • Լոռու դաշտում՝ սևահողերը, լեռնամարգագետնատափաստանային, տեղ-տեղ՝ գետահովտաճահճային հողատիպերը
  • Անտառապատ տարածքը՝ ~26,3%
  • Հիմնական ծառատեսակներ՝ կաղնի, հաճարենի, կեչի, բոխի
  • Անտառների փեշերին՝ լեռնատափաստանային և մերձալպյան մարգագետիններ:
  • Բարձրլեռնային գոտում՝ ալպյան մարգագետիններ:

Բուսական աշխարհ (Ֆլորա)

Լոռու մարզը Հայաստանի ամենահարուստ բուսականությամբ մարզերից է։ Այստեղ աճում է ավելի քան 1500 բուսատեսակ, իսկ տարածքի մոտ 25%-ը ծածկված է անտառներով։ Բուսականությունը փոխվում է ըստ բարձրության՝ նախալեռնային թփուտներից մինչև ալպյան մարգագետիններ։

  • Ցածրադիր և նախալեռնային գոտի (մինչև 1000 մ) – չորասեր թփուտներ և վայրի պտղատու ծառեր՝ հոն, պնդուկենի, վայրի խնձորենի, վայրի տանձենի, ինչպես նաև նռնենի և թզենի։
  • Անտառային գոտի (1000–1700 մ)– գերակշռում են արևելյան հաճարենին, վրացական և արևելյան կաղնիները, կովկասյան բոխին, ինչպես նաև թխկին, հացենին, կովկասյան սոճին և Լիտվինովի կեչին։ Հանդիպում է նաև հազվագյուտ հատապտղային կենին։
  • Մարգագետնային գոտի (1700–2100 մ) – տարածված են հացազգի ու բազմազան խոտաբույսեր՝ փետրախոտ, սեզ, կորնգան, երեքնուկ և դեղաբույսեր։ Տաշիրի շրջանում հանդիպում են նաև տորֆային ճահիճներ։
  • Մերձալպյան և ալպյան գոտիներ (2100 մ-ից բարձր) – հարուստ են բարձրալեռնային մարգագետիններով, գունեղ ծաղկաբույսերով, այդ թվում՝ կովկասյան մրտավարդով (ռոդոդենդրոն), ինչպես նաև մամուռներով ու քարաքոսերով։ Ջրաճահճային տարածքներում հանդիպում է սպիտակ ջրաշուշանը։

Ֆլորայի հիմնական տեսակները

  • Արևելյան հաճարենի (Fagus orientalis)
  • Վրացական կաղնի (Quercus georgica)
  • Արևելյան կաղնի (Quercus macranthera)
  • Կովկասյան բոխի (Carpinus caucasica)
  • Կովկասյան սոճի (Pinus kochiana)
  • Հատապտղային կենի (Taxus baccata)
  • Լիտվինովի կեչի (Betula litwinowii)
  • Կովկասյան մրտավարդ (Rhododendron caucasicum)
  • Սովորական հոն (Cornus mas)
  • Սովորական պնդուկենի (Corylus avellana)
  • Սպիտակ ջրաշուշան (Nymphaea alba)

Կենդանական աշխարհ (Ֆաունա)


Լոռու մարզի կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է։ Ֆաունան ևս փոփոխվում է ըստ բարձրության՝ գետահովիտներից մինչև ալպյան գոտիներ։

  • Ցածրադիր և նախալեռնային գոտի (մինչև 1000 մ) – հանդիպում են շնագայլ, չղջիկներ, կաքավ, հոպոպ, ինչպես նաև հայկական լեռնային մողես, լճագորտ, դոդոշ և գյուրզա։
  • Անտառային գոտի (1000–1700 մ) – բնակվում են գորշ արջ, ազնվացեղ եղջերու, այծյամ, վայրի խոզ, լուսան, գայլ, աղվես, անտառային կատու, ինչպես նաև փայտփորիկներ, բուեր և բազեներ։
  • Սարահարթային գոտի (1700–2100 մ) – տարածված են դաշտամկներ, խլուրդներ, աղվեսներ ու գայլեր։ Գետերում հանդիպում են կարմրախայտstrong>, բեղլու և Կարմիր գրքում գրանցված ջրասամույրը։
  • Բարձր լեռնային և ալպյան գոտիներ (2100 մ-ից բարձր) – բնորոշ են բեզոարյան այծը, ուլարը, քարարծիվը, գառնանգղը և սպիտակագլուխ անգղը։
  • Այստեղ հանդիպում է ավելի քան 300 տեսակ ողնաշարավոր կենդանի։

  • Խոշոր կաթնասուններ – գորշ արջ, ազնվացեղ եղջերու, այծյամ, վայրի խոզ, բեզոարյան այծ։
  • Գիշատիչներ – գայլ, աղվես, լուսան, շնագայլ, անտառային կատու, քարակնձաղ։
  • Թռչուններ – քարարծիվ, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, ուլար, կովկասյան մարգագետնահավ, փայտփորիկ, կաքավ, հոպոպ։
  • Սողուններ և երկկենցաղներ – հայկական լեռնային մողես, գյուրզա, լորտուներ, լճագորտ, կանաչ դոդոշ։
  • Ջրային ֆաունա – կարմրախայտ, բեղլու և ջրասամույր։

    Ֆաունայի հիմնական տեսակները

  • Գորշ արջ (Ursus arctos)
  • Ազնվացեղ եղջերու (Cervus elaphus)
  • Բեզոարյան այծ (Vulpes vulpes)
  • Այծյամ (Capreolus capreolus)
  • Լուսան (Lynx lynx)
  • Վայրի խոզ (Sus scrofa)
  • Ջրասամույր (Lutra lutra)
  • Կարմրախայտ (Salmo trutta)
  • Քարարծիվ (Aquila chrysaetos)
  • Ուլար (Tetraogallus)
  • Հայկական լեռնային մողես (Darevskia armeniaca)


Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)

Լոռու մարզում գործում են 3 արգելավայրեր, 1 բուսաբանական այգի և 3 դենդրոպարկ։

Արգելավայրեր

  • Գյուլագարակի արգելավայր
  • Կովկասյան մրտավարդենու արգելավայր
  • Մարգահովիտի արգելավայր

Դենդրոպարկեր և բուսաբանական այգիներ

  • Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ
  • Վանաձորի դենդրոպարկ
  • Վանաձորի բուսաբանական այգի

Ռելիեֆ

Լոռին ունի հիմնականում լեռնային ռելիեֆ, քանի որ մարզի տարածքի գրեթե 80%-ը զբաղեցնում են լեռնաշղթաները և խոշոր լեռները:Մարզի տարածքը գտնվում է ծովի մակարդակից 1600-1700մ բարձրության վրա.

  • Լեռնային ռելիեֆ, բարձրությունների մեծ տատանումներ (2821մ)
  • Բնությունը՝ հակադրություններով լի, բարձր ու մասնատված լեռներ, խորը ձորեր, անծայրածիր սարահարթեր և արոտավայրեր:
  • Ամենաբարձր կետ՝ Աչքասար լեռ (3196 մ)
  • Ամենացածր կետ՝ Դեբեդի ստորին հոսանք, Քարկոփ (375 մ), որը միաժամանակ հանրապետության ամենացածր կետն է:

  Լեռնագագաթներ ( ≥2500 մ )


1. Աչքասար – 3196 մ

2. Թեժ լեռ (Թեժսար) – 3101 մ

3. Մայմեխ – 3094 մ

4. Խենթասար – 3046 մ

5. Մթին – 3039 մ

6. Բեկեր Քաշ – 3034 մ

7. Բովաքար (Հալաբ) – 3016 մ

8. Անգեղասար – 3003 մ

9. Ուրասար – 2992 մ

10. Գոգարան – 2977 մ

11. Երկայնասար – 2898 մ

12. Գել Ղոշան – 2891 մ

13. Գոմասար – 2885 մ

14. Սևակատար – 2805 մ

15. Կամար – 2738 մ

16. Թաթոսի քարափ – 2715 մ

17. Ալվար – 2704 մ

18. Քարախաչ – 2728 մ

19. Գյոլ Քոշան – 2570 մ

20. Յուղաքար – 2611 մ

21. Ծիլքար – 2558 մ

22. Լալվար – 2544 մ

23. Լեջան – 2527 մ

Հայտնի լեռ՝ Դժարսար – (2245 մ) (Այս սարի պատկերն է եղել հայկական նախկին 5000 դրամանոց թղթադրամի վրա):

Լեռնաշղթաներ

  • Բազումի լեռնաշղթա (90 կմ),ամենաբարձր գագաթ՝ Ուրասար 2992 մ
  • Գուգարաց լեռնաշղթա (80կմ),բարձրագույն գագաթ՝ Դժարսար 2245մ
  • Բովաքարի լեռներ (35-40կմ), բարձրագույն գագաթ՝ Բովաքար 3016մ
  • Ջավախքի լեռնաշղթա (51կմ),բարձրագույն կետ՝ Աչքասար 3196 մ
  • Վիրահայոց լեռներ (86կմ) բարձրագույն կետ՝ Լալվար 2552 մ
  • Փամբակի լեռնաշղթա (>100 կմ), բարձրագույն կետ՝ Թեժ լեռ 3101 մ

Լեռնանցքներ

  • Սպիտակի լեռնանցք – ▲~2378 մ Լոռի – Արագածոտն մարզերի սահմանագլխին, (Ապարան-Սպիտակ խճուղի)
  • Փամբակի լեռնանցք – ▲ ~2152 մ (Ջրաշեն– Ծիլքար)
  • Պուշկինի լեռնանցք – ▲ ~2038մ (Վանաձոր – Ստեփանավան) լեռնանցքի և նրա տակ ավտոխճուղային թունել (երկար.՝1830 մ)
  • Քարինջի լեռնանցք – ▲ ~1230 մ բարձր., (Թումանյան համայնք)

Հարթավայրեր

  • Լոռվա սարահարթ, Լոռու դաշտ – ▲1300-1600 մ ԾՄԲ, Բազումի, Ջավախքի և Վիրահայոց լեռնաշղթաների միջև
  • Փամբակի գոգավորություն – ▲1300-1600 մ ԾՄԲ,, մոտ 42 կմ երկարություն: Ջաջուռի լլեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճ:
  • Աղստևի գոգահովիտ – ▲1800 մ ԾՄԲ, մակերեսը՝10 կմ²
  • Գարգառի հովիտ – ▲2300 մ ԾՄԲ, Բազումի և Ջավախքի լեռնաշղթաների միջև:
  • Վանաձորի գոգահովիտ – ▲1350մ, մակերեսը՝ 8 կմ², Բազումի և Փամբակի լեռնաշղթաների միջև:

Ջրային համակարգ

Լոռու մարզն ունի խիտ ջրագրական ցանց, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական կառուցվածքով, լեռնային ռելիեֆով և մթնոլորտային առատ տեղումներով։ Մարզի տարածքով հոսում են 1356 գետեր ու գետակներ՝ ընդհանուր 3505 կմ երկարությամբ, որոնցից 55-ը գերազանցում են 10 կմ երկարությունը։ Տեղական խմելու ջրի աղբյուրներն առանձնանում են բարձր որակով, իսկ գետերի ջրերը լայնորեն օգտագործվում են էներգետիկ և ոռոգման նպատակներով։ Լոռու գետային համակարգը կազմում են՝ Դեբեդ, Ձորագետ, Փամբակ և Աղստև գետերը՝ իրենց բազմաթիվ լեռնային վտակներով, որոնցից գլխավոր ջրային զարկերակը Դեբեդ գետն է: Դեբեդը հոսում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքով։ Դեբեդը Հայաստանի ամենաջրառատ լեռնային գետն է։ Լոռին ամբողջությամբ գտնվում է Դեբեդի ավազանում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 4080 կմ², որից 3790 կմ²՝ ՀՀ տարածքում։

  • Դեբեդ գետի ընդհանուր երկարությունը — 178 կմ
  • Հայաստանի սահմաններում — 152 կմ

    Տարեկան հոսքը — 995 մլն մ³

Լոռու բնաշխարհում հաճախ հանդիպում են լեռնային և անտառային փոքրիկ ջրվեժներ, որոնք համարվում են մարզի բնության տեսարժան վայրեր։ Տարածքում կան նաև գեղատեսիլ լեռնային լճեր ու լճակներ, որոնք թեկուզ փոքր են, բայց մեծ արժեք ունեն լանդշաֆտի համար։

Ամենահայտնին «Դսեղի ծովեր» լեռնային լճակն է, որը թաքնված է անտառների և սարալանջերի խորքում՝ ստեղծելով եզակի բնական լանդշաֆտ։ Մարզի ջրային տնտեսության կարևոր օբյեկտ է նաև Մեծավանի ջրամբարը: Լոռին Հայաստանի ամենահագեցած մարզերից է փոքր ՀԷԿ-երով։ Դեբեդի և նրա վտակների վրա գործում են 20+ փոքր ՀԷԿ-եր, որոնք ապահովում են մարզի էներգետիկ պոտենցիալի զգալի մասը։Չնայած Լոռին չունի մեծ ձկնաբուծարաններ, ինչպես Արարատի մարզը, բայց կան տեղական նշանակության լճակներ.

  • Ստեփանավան–Տաշիր գոգավորություն
  • Ստեփանավան–Տաշիր գոգավորություն

Լոռին լեռնային աղբյուրներով (թերմալ /հանքային) և սառնորակ ջրերով հայտնի մարզ է, որի բնական աղբյուրները հագեցած են`

  • հիդրոկարբոնատային ջրերով
  • բարձր որակի խմելու ջրով։

Ջրբաժաններ

Լոռու մարզի ջրբաժանային համակարգը հիմնականում ձևավորվում է Բազումի, Փամբակի և Գուգարքի լեռնաշղթաներով, որոնք բաժանում են մարզի ջրային հոսքերը դեպի Դեբեդի, Աղստևի և Քուռի ավազաններ։Լոռու գետերն ու աղբյուրները հիմնականում հոսում են հյուսիս և հյուսիսարևելք, դեպի Դեբեդի վտակային համակարգը։

Գլխավոր ջրբաժաններ՝

  • Բազումի լեռներ – Լոռու հյուսիս-կենտրոն, բաժանում են Դեբեդի վերին հոսքի վտակները։
  • Փամբակի լեռնաշղթա – Կենտրոնական Լոռի, բաժանում է Փամբակ–Դեբեդի հոսքերը։
  • Գուգարքի լեռնաշղթա – Հարավային Լոռի, բաժանում է Դեբեդի և Աղստևի ավազանների հոսքերը (մարզի տարածքում)։

Գետեր

Գետեր՝ 1356, ընդհանուր երկարություն՝ 3505 կմ, 55-ը՝ >10 կմ

  • Դեբեդ – Քուռ գետի վտակ, ընդհ, երկ.՝178 կմ, Հայաստանում՝ 152 կմ:
  • Փամբակ – Դեբեդի վտակ, երկ.՝ 86 կմ
  • Աղստև – Քուռի վտակ, ընդհ, երկ.՝133 կմ, ՀՀ-ում՝ 99 կմ:Ակունքը՝ Թեժ լեռ:
  • Ձորագետ – Դեբեդի վտակ, երկ.՝67 կմ, ակունքը՝ Ջավախքի լեռներ
  • Գարգառ – Ձորագետի վտակ, երկ.՝28 կմ, ակունքը՝ Բազումի լեռներ
  • Վանաձոր – Տանձուտի վտակ, երկ.՝16 կմ, ակունքը՝ Մայմեխ լեռ:

Լճեր

  • Դսեղի ծովեր – ▲ 700-1900մ, ◯ 1.6 հա, ▼4,5 մ.
    📍 Սևորդաց լեռնաշղթայի Ծոցիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում: Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք:
  • Ջրաշուշանների լիճ – ▲ 1540-1560 մ, ◯ 0,4-0,5 հա,
    📍 Ուրասար գյուղից 1․2 կմ հյուսիս-արևելք։
  • Էտտիկ – ▲ 1820մ, ◯ 8,75 հա,
    📍 Տաշիր քաղաքի մոտ:
  • Կապուտակ լճակ – ▲ 1870-1900մ, ◯ 0,3-0.4 հա
    📍Մարգահովիտ գյուղի մոտակայքում (անտառների մեջ)
  • Տաշիրի լիճ (Լուսավոր Լիման) – ▲ 1540-1560 մ, ◯ 0,4-0,5 հա
  • Վարդաբլուր լճեր – 5 լիճ, ▲ 1325 մ,
    📍Վանաձորից 19 կմ հյուսիս-արևմուտք

Ջրամբարներ

  • Մեծավանի ջրամբար – ▲ 1588մ ԲԾՄ ◯ 330 հա, 💠 5,4 մլն մ3 Տաշիր գետի վրա, Մեծավան գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք։

Ջրվեժներ

  • Թռչկան ՝ 23,5 մ (Չիչխան գետ), Լոռու և Շիրակի մարզերի սահմանին ~1740 մ ԲԾՄ
  • Չռռան (Մարց գետի վրա)՝ ~ 5 մ, ▲ ~960-980 մ ԲԾՄ
  • Լորուտի ջրվեժ (Արջաջուր)՝ ~ 8 մ (Մարց գետ), ▲~1350-1400 մ ԲԾՄ
    📍 Լորուտ գյուղում

Հանքային բուժիչ աղբյուրներ

  • Ֆիոլետովոյի, Ալավերդու, Վանաձորի, Ծաղկաշատի և Ստեփանավանի սառը (14-20°C) հանքային բուժիչ ջրեր
  • Հանքային և արտեզյան ջրեր՝ Լոռու արտեզյան ավազան
  • Բուժիչ տորֆի հանքավայրեր՝ Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մարգահովիտ, Տաշիր-Սարատովկա

Բնական ռեսուրսներ

  • Ինտրուզիվ քարեր, բազալտ, ավազակոպճային խառնուրդ
  • Մետաղական հանքավայրեր՝ ոսկի, մոլիբդեն, պղինձ, կապար, երկաթ
  • Մեծ հանքավայրեր՝ Շամլուղ, Թեղուտ, Մղարթ, Արմանիս

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզը հանդիսանում է Հայաստանի ավանդական արդյունաբերական կենտրոններից մեկը։ Հողերի, հանքահումքային և ջրային ռեսուրսները վաղուց են ձևավորել տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմքը՝ ձուլարաններից և հանքարդյունաբերությունից մինչև էներգետիկ և մեքենաշինական արտադրություններ։ Դարերի ընթացքում Լոռին կարևոր դեր է խաղացել Հայաստանի ամբողջական տնտեսական պատկերի ձևավորման մեջ՝ լինելով արդյունաբերության և առաջընթացի կարևոր հենասյուն: Մարզի տնտեսության հիմնական ճյուղերն են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։

Տարածքային առանձնահատկություններ

Լոռին առանձնահատուկ է նրանով, որ մարզի ներկայիս տարածաշրջաններն իրարից քիչ են տարբերվում իրենց աշխարհագրական, բնակլիմայական և մշակութային հատկանիշներով՝ կազմելով համապարփակ տնտեսական տարածք՝ ամուր կապող գործոններով։

  • Թումանյան
  • Տաշիր
  • Ստեփանավան
  • Սպիտակ

Մարզկենտրոնի արդյունաբերական կարողությունները «լրացվում են» հյուսիսային շրջանների գյուղատնտեսական պոտենցիալով, իսկ տուրիզմի ներուժը մարզի բոլոր շրջաններում էլ անսահմանափակ է։

Մարդկային ռեսուրսներ

Մարդկային ռեսուրսների իր մեծ պոտենցիալով Լոռին մշտապես եղել է Հայաստանի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից

Արդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը Լոռիում

  • 1763թ.-ին Հերակլ II-ը Ախթալա տեղափոխեց 800 հույն ընտանիք, որոնք զբաղվեցին արծաթի ու պղնձի արդյունահանմամբ։
  • 18-րդ դարում հիմնվեց Ախթալա ավանը, որը 19-րդ դարում դարձավ Մելիքովների սեփականությունը:
  • 18-րդ դարավերջին վերակառուցվեցին Ախթալայի արծաթ-կապարի և Ալավերդու պղնձի ձուլարանները.
  • 19-րդ դարում հանքարդյունաբերության մեջ ներգրավվեց ռուսական և ֆրանսիական կապիտալը, կառուցվեցին նոր հանքահորեր և հզոր վառարաններ։
  • 1899թ.-ին Թբիլիսի–Ալեքսանդրոպոլ երկաթգծի բացումը խթանեց արդյունաբերական արտադրությունը։
  • Խորհրդային շրջանում Լոռին դարձավ Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերական կարևոր կենտրոն՝ զարգացած ենթաշրջաններով և մեծ հնարավորություններով

Խորհրդային տարիներին Լոռին մասնագիտացած էր՝

  • մեքենաշինության,
  • քիմիական ու պոլիմերային արտադրության,
  • սարքաշինության,
  • թեթև արդյունաբերության,
  • սննդի արդյունաբերության,
  • հանքարդյունաբերության մեջ։

Ալավերդու պղնձաձուլարանը եղել է Խորհրդային Հայաստանի (76) արդյունաբերական հսկաներից, սակայն վերջին տասնամյակներին պարապուրդի է մատնված։

Վանաձորը (Կիրովական) համարվում էր ՀԽՍՀ արդյունաբերական երկրորդ քաղաքը․ իր ծաղկման շրջանում գործել է 27 ձեռնարկություն։

  • Ալ. Միյասնիկյանի քիմիական գործարան
  • «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ (մինչև 2018 թ.)
  • «Լոռի» հանքային ջրերի գործարան
  • Կահույքի, կարի, տրիկոտաժի, մորթու-մուշտակի ֆաբրիկաներ
  • Գիտաարտադրական կենտրոն «Պոլիմերսոսինձ»

1988-ի երկրաշարժը ծանր հարված հասցրեց մարզի արտադրական ներուժին։ Շատ ձեռնարկություններից այսօր միայն ավերակներ են մնացել։

Անկախության տարիներին

Արցախյան պատերազմից և տնտեսական ճգնաժամերից հետո այստեղ ստեղծվեցին նոր ձեռնարկություններ՝ ՓԲԸ, ՍՊԸ, ԲԲԸ: Վանաձորը բիզնես-ակտիվությամբ դարձավ Հայաստանի 2-րդ քաղաքը՝ Երևանից հետո:

Թեթև արդյունաբերություն

  • «Գլորիա» կարի ֆաբրիկա (արտահանման մեծ ծավալներով, հարյուրավոր աշխատատեղեր)։
  • ՓՄՁ-ներ՝ «Լուսիա ֆուդ», «Սոխակյան դիզայն», «Աստերի» և այլն։

Սննդարդյունաբերություն

Լոռի մարզը հարուստ է գյուղատնտեսական հումքով, հատկապես հատիկավոր, պտուղ-բանջարեղենի և կաթնամթերքի արտադրության առումով։ Այս ռեսուրսները հիմք հանդիսացան տեղական սննդի արդյունաբերության զարգացման համար՝ ներառյալ ալյուրի, ձեթի, պանրի, երշիկեղենի և պատրաստի սննդի արտադրությունը։ Այս ոլորտը ոչ միայն ապահովել է աշխատատեղեր, այլև կարևոր է մարզի տնտեսական հարստությունը պահպանելու և ներքին շուկան սնուցելու համար։

Ստեփանավանում՝

  • Սոճու կանաչ կոներից պատրաստում են բնական մեղր
  • Անտառային բարիքներից բազմատեսակ մուրաբաներ և պահածոներ:

Տաշիրի տարածաշրջանը առանձնանում է պանրի արտադրությամբ, որը ճանաչված է նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Գյուղատնտեսություն

Լոռու գյուղատնտեսական հողատարածքը կազմում է շուրջ 192,212 հա, որից 47,823 հա վարելահող է։ Գյուղատնտեսությունը զարգանում է բուսաբուսության և անասնաբուծություն ուղղություններով: Լոռին վաղուց ի վեր հայտնի է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի և պտղաբուծության արտադրությամբ: Գրեթե բոլոր գյուղերում զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ, պտղաբուծությամբ և կերաբույսերի մշակությամբ:

Բուսաբուծություն

  • հացահատիկի արտադրություն
  • կարտոֆիլ
  • բանջարեղեն
  • պտղաբուծություն

Ստեփանավանի տարածաշրջանում զարգանում է օրգանական գյուղատնտեսությունը, հատկապես ոչ ավանդական բանջարեղենի արտադրությունը։

Ստեփանավանի սոճու անտառները նպաստում են առողջարար մթերքների արտադրության զարգացմանը:

  • Օրգանական գյուղատնտեսության
  • Մեղվաբուծության

Անասնապահություն

Անասնաբուծությունը այս տարածաշրջանում ևս դարավոր ավանդույթներ ունի:Լայնարձակ արոտավայրերը մշտապպես նպաստել են նոր ֆերմաների զարգացմանը։Լոռու բոլոր գյուղերում զբաղվում են անասնապահությամբ:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզը հայտնի է իր գիտակրթական մեծ ներուժով։ Մարզում գործում են հարյուրավոր դպրոցներ, այդ թվում՝ գեղարվեստի, նաև մշակույթի տներ և համույթներ։ Լոռին վաղուց հայտնի է նաև սպորտային զարգացած ավանդույթներով՝ տալով բազմաթիվ չեմպիոններ Հայաստանի սպորտին։

Գիտակրթական հենք

  • 163 հանրակրթական դպրոց
  • 25 գեղարվեստի դպրոց
  • 7 մշակույթի տուն
  • 3 համույթ
  • 16 մարզադպրոց
  • 7 բուհ

Լոռու մարզը հետզհետե դառնում է նորարարական կենտրոն։ Վանաձորում ստեղծվել է նաև Տեխնոլոգիական կենտրոն, իսկ Դեբեդում բացվել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական հարթակը, որը խթանում է կրթությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու բիզնեսի մրցունակությունը։

Բուհեր

  • Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան
  • Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ
  • Վանաձորի «Մխիթար Գոշ» Միջազգային Համալսարան
  • Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) Վանաձորի մասնաճյուղ
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Պետրոս Մելքոնյանի անվան Վանաձորի մասնաճյուղ
  • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ

ՄՇԱԿՈՒՅԹ

Թատրոններ

  • Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
  • Վանաձորի Տիկնիկային թատրոն
  • ԿինոԼոռի

Թանգարաններ

  • Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան Վանաձորում
  • Վանաձորի Պատմության Թանգարան
  • Վանաձորի կերպարվեստի թանգարան
  • Ստեփան Զորյանի տուն-թանգարան
  • Թայիրովի ամառանոց
  • Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան Դսեղում
  • Ստեփան Շահումյանի տուն-թանգարան Ստեփանավանում
  • Ալավերդու պատկերասրահ Ալավերդիում

ՏՈՒՐԻԶՄ

Լոռին ներկայանում է որպես Հայաստանի ամենաչքնաղ ու գունեղ, ամենագրավիչ բնաշխարհներից մեկը։ Իր անզուգական բնությամբ այս տարածաշրջանը դարեր շարունակ հմայել է մարդկանց, իսկ 19-րդ դարից դարձել է նաև զբոսաշրջային հետաքրքրության վայր՝ գրավելով բազմաթիվ հովեկների:
Հետաքրքրությունը Լոռվա հանդեպ պայմանավորված է նախևառաջ այն հեքիաթային բնաշխարհով, որը մեր դարաշրջանում կոչվեց «թումանյանական», և դրանով ամեն ինչ ասված է: Այն պատկերում է և՛ տեղանքի ռելիեֆների բացառիկությունը, և՛ բնության կախարդանքը, և՛ կլիմայի յուրահատկությունը:

Լոռին ակտիվորեն զարգացնում է միջազգային համագործակցություն: Մարզի և Ֆրանսիայի Պրովանս–Ալպեր–Լազուրի Ափ ռեգիոնի միջև իրականացվել են զբոսաշրջային զարգացման մի շարք ծրագրեր, որոնք նոր շունչ են հաղորդել տարածաշրջանին։ Տարիներ առաջ Թումանյանի տարածաշրջանում հիմնվեց «Թումանյան աշխարհ» զբոսաշրջության կենտրոնը (toumanian-lori.com), որը դարձավ մշակութային ու տուրիստական կարևոր օջախ։

2010թ․ ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ և IREX կազմակերպության կողմից իրականացվեց «Ստեփանավանի տարածաշրջանի գաղտնիքները» ծրագիրը, որի արդյունքը եղավ զբոսաշրջային ուղեցույցի ստեղծումը։ Այս նախաձեռնությունները մեծապես նպաստեցին Լոռու նոր տուրիստական իմիջի ձևավորմանը։

Այսպիսով. Լոռին դիրքավորվում է որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոն: Գյումրիից հետո, շնորհիվ EIF-ի, այստեղ հիմնվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Վանաձորում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանելու նպատակով:

Բնության հուշարձաններ

Լոռին Հայաստանի ամենաանտառաշատ և կանաչ մարզերից է.

  • Դեբեդի կիրճ – խորունկ ու գեղատեսիլ կիրճ, հարուստ բուսականությամբ և պատմամշակութային հուշարձաններով:
  • Ձորագետի կիրճ -----Ձորագետը Դեբեդի ձախ վտակն է։ Ստեփանավանից ներքև, ընդունելով Տաշիր օժանդակը, գետը մտնում է մինչև 100-120 մ․ խորությամբ կիրճի մեջ։ Արշավորդների համար այն գրավիչ է իր գեղեցիկ տեսարաններով։ Կիրճի վերին հոսանքում գտնվում է Լոռու բերդը:
  • Ախթալայի և շրջակա բնամիջավայր - Դեբեդի կիրճի անտառշատ ու շքեղ վայրերից:
  • Գուգարաց անտառներ – հարուստ են կենսաբազմազանությամբ,
  • Դսեղի ծովեր լիճ - երկրաբանական բնության հուշարձան է Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելքում, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի գոգավորությունում:
  • Թռչկանի ջրվեժ - Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրն է (մոտ 25 մ) և ամենաջրառատը՝ Լոռու և Շիրակի սահմանագլխին, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում՝ Փամբակ գետի ձախ վտակ Չիչկան գետի վրա:
  • Դսեղի ջրվեժներ և բնության անկյուններ – զբոսաշրջիկներին գրավում են իրենց կուսական գեղեցկությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

  • Լոռու մարզը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության իրական գանձարան․
  • Հաղպատավանք (X-XIII դդ.) – ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձաններից է, համարվում է միջնադարյան կրթության և մշակույթի կարևոր կենտրոն։
  • Սանահին վանական համալիր (X դ.) – միջնադարյան գիտության ու մշակույթի կենտրոն, որտեղ գործել են գրատներ ու դպրատուներ։
  • Լոռե բերդ (X դ.) – հիմնադրել է Դավիթ Անհողինը, միջնադարյան Հայաստանի խոշորագույն ռազմական ամրոցներից
  • Օձունի տաճար (VI դ.) – վաղ միջնադարյան եզակի բազիլիկ եկեղեցի, հարուստ քանդակազարդերով։
  • Քոբայրի վանք (XII դ.) – առանձնանում է որմնանկարներով և բարձրադիր գեղատեսիլ դիրքով։
  • Հնեվանք (VII դ.) – քարքարոտ կիրճի եզրին կառուցված հին վանական համալիր։
  • Սրբավայրեր և եկեղեցիներ – Ալավերդի, Ախթալա, Դսեղ և այլ գյուղերում։

Տուրիզմի տեսակներ

Լոռին առաջարկում է տուրիզմի ամենատարբեր տեսակներ.

  • Էկոլոգիական և արշավային տուրիզմ – Դեբեդի կիրճ, Դսեղ, Լոռե բերդի տարածք։
  • Արկածային տուրիզմ – ռաֆթինգ Դեբեդ գետում, լեռնային հեծանվավազք, ժայռամագլցում։
  • Ագրոտուրիզմ – գյուղական հյուրատներ Դսեղում, Գյուլագարակում, Ստեփանավանում
  • Մշակութային տուրիզմ – թանգարաններ Վանաձորում, Դսեղում՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը և այլն։
  • Հոգևոր տուրիզմ – ուխտագնացություններ դեպի սրբավայրեր և եկեղեցիներ – Ալավերդիում, Ախթալայում, Դսեղում և այլ գյուղերում:
  • Սպորտային տուրիզմ - Լոռին մեծ ներուժ ունի սպորտային տուրիզմի զարգացման համար։ Մարզի ռազմավարական դիրքը, բնական հարստություններն ու լեռնային լանդշաֆտները այն դարձնում են գրավիչ թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաների համար։

Զբոսաշրջային ենթակառուցվածքներ

Լոռու մարզում ներկայումս գործում են բազմաթիվ հյուրանոցներ, առողջարաններ, հյուրատներ հանգստյան տներ, գեսթհաուսներ․ և այլ հաստատություններ, որոնց ծավալները բավարարում են մարզի զբոսաշրջային պահանջները՝ ապահովելով զբոսաշրջիկների հարմարավետ ներկայությունը։
Մարզում առկա հյուրանոցային համակարգը կարող է միաժամանակ ապահովել մոտ 1300 ննջատեղ ( 600 սենյակ), որից 900-ը՝ քաղաքային բնակավայրերում, 400-ը՝ գյուղական համայնքներում: Հյուրանոցային ռեսուրսները հիմնականում կենտրոնացած են Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Շահումյան, Նեղոց, Ձորագետ, Հաղպատ, Օձուն, Դսեղ, Վահագնաձոր, Փամբակ գյուղերում:

  • Վանաձորում՝ ժամանակակից հյուրանոցներ և առողջարաններ։
  • Դսեղում և Դեբեդի կիրճում՝ էկո-լոջեր և գյուղական հյուրատներ:
  • Ստեփանավանում և Գյուլագարակում՝ հանգստյան գոտիներ՝ առողջարանային ուղղվածությամբ:

ԼՈԳԻՍՏԻԿԱ

Ավտոճանապարհներ

  • ՀՀ այլ մարզերի համեմատ, Լոռին ունի տրանսպորտային լոգիստիկայի ընդգծված առավելություն՝ պայմանավորված իր նպաստավոր աշխարհագրական դիրքով, քանի որ այն հանդիսանում է ցամաքային անցակետ՝ դեպի Վրաստան և սևծովյան տարածաշրջան:
  • Լոռու առավելությունը նաև այն է, որ մարզն ունի Վրաստան տանող 2 միջպետական ավտոճանապարհ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման և Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Վրաստանի սահման:
  • Հարևան մարզերի և Վրաստանի հետ Լոռին կապված է բարեկարգ ավտոխճուղիներով և ժամանակակից կամուրջներով:

Լեռնանցքներ

  • Լոռու մարզում է գտնվում ՀՀ ավտոտրանսպորտային ամենաերկար թունելը, որն անցնում է Բազումի լեռնաշղթայի ստորոտով՝ կազմելով Ստեփանավան –Վանաձոր հիմնական ավտոերթուղու մի հատվածը:

Երկաթուղի

  • Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում է նաև ՀՀ գլխավոր՝ Հայաստանը Վրաստանին կապող Թբիլիսի-Երևան երկաթուղու մի հատվածը:

Ճոպանուղի

  • Որոշ տեղանքներում գործում է օդային էլեկտրատրանսպորտ (ճոպանուղի):

Բեռնափոխադրումներ

  • Մարզի տարածքով կատարվող բեռնափոխադրումներն իրականացվում են ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային և էլեկտրա-տրանսպորտով (ճոպանուղի):

ԵԶՐԱՓԱԿԻՉ

Այսօր Լոռին ներկայանում է որպես Հայաստանի ամենաչքնաղ և գուցեև ամենագրավիչ բնաշխարհներից մեկը։ Անցյալ դարից ի վեր այս երկրամասը նշամակալի դեր է ունեցել զբոսաշրջության ոլորտում, իսկ նրա ապագան խոստանում է լինել անհամեմատ ավելի փայլուն՝ դառնալով հատուկ տուրիստական ուղղություն Հայաստանում։