Ֆլորա

Լոռու մարզի բուսական աշխարհը խիստ բազմազան է, ինչը այն դարձնում է կարևոր էկոզբոսաշրջային ռեսուրս։ Այս ներուժը հնարավորություն է տալիս զարգացնելու ճանաչողական և բուսաբանական էքսկուրսիաներ՝ ներառյալ վայրի բուսատեսակների, պտուղների, հատապտուղների, դեղաբույսերի և սնկերի հավաքում, ինչպես նաև լուսանկարչական զբոսաշրջություն։ Մարզի լանդշաֆտների բարձր էսթետիկական արժեքը պայմանավորված է դրանց բազմազանությամբ և բնական ներդաշնակությամբ։

Լոռու լեռնաշղթաների արտաքին լանջերը առանձնանում են խիտ և հարուստ բուսածածկույթով։ Բնական պայմանների բազմազանության և լեռնային ռելիեֆի ուղղաձիգ կտրտվածության շնորհիվ այստեղ ձևավորվել են հստակ արտահայտված բուսական գոտիներ՝ լեռների ստորոտներից մինչև գագաթներ․ լեռնատափաստանային, լեռնանտառային, ենթալպյան և ալպյան։

Ըստ տարածքային տեղաբաշխման առանձնացվում են հետևյալ բուսական շրջանները՝ Ջավախքի լեռնա-մարգագետնային, Լոռու տափաստանային և մարգագետնա-տափաստանային, Վիրահայոց լեռների տափաստանային և անտառա-մարգագետնային, Փամբակ-Դեբեդի հովտա-սարահարթային (անտառա-տափաստանային), ինչպես նաև Բազում–Փամբակի լեռնա-հովտային և տափաստանա-մարգագետնային գոտիները։

Լեռնատափաստանային գոտի

Լեռնատափաստանային բուսականությունը ձևավորվում է բարեխառն չորային և հարաբերականորեն խոնավ կլիմայական պայմաններում։ Այն զբաղեցնում է մարզի զգալի մասը՝ ցածրադիր տարածքներից մինչև մոտ 2200–2300 մ բարձրությունները։ Առանձնացվում են Ջավախքի, Լոռու, Փամբակ–Դեբեդի, Բազում–Փամբակի ևՎիրահայոց լեռների ենթաշրջանները։

Տափաստաններում տարածված են փետրախոտը (Stipa pennata L.), շյուղախոտ մարգագետնայինը (Festuca pratensis Huds.), սեզ սողացողը (Elytrigia repens L.), դաշտավլուկ մարգագետնայինը (Poa pratensis L.), կծմախոտը (Bothriochloa ischaemum L.)։

Խոնավ հատվածներում հանդիպում է նաև երիցուկ (Tanacetum)։ Չոր լեռնատափաստաններում բնորոշ են փշոտ բույսերը՝ հատկապես գազի տեսակները (Astragalus) և տարբեր թփեր։

Տափաստանային բուսականության հիմքը կազմում են հացազգիները։ Լայն տարածում ունեն նաև փշոտ գազաթփերը, որոնք հատկապես բնորոշ են Փամբակի լեռներին և տեղ-տեղ ձևավորում են ամբողջական բուսածածկույթ։

Լեռնանտառային գոտի

Լեռնանտառային գոտին տարածվում է Վիրահայոց, Բազումի, Փամբակի և Գուգարաց լեռների զառիթափ լանջերին՝ մոտ 550–600 մետրից մինչև 2000–2200 մ բարձրությունների վրա։ Այն հատկապես զարգացած է հումուսով աղքատ և լվացված հողերի պայմաններում և ունի մեծ զբոսաշրջային արժեք։ Լոռու տարածքի շուրջ 26.3%-ը անտառապատ է, ինչը կազմում է Հայաստանի անտառների մոտ 30%-ը։ Անտառածածկ տարածքներ են ընդգրկում Թումանյանի, Ստեփանավանի և Գուգարքի տարածաշրջաները:

Լոռու անտառներում աճում են շուրջ 60 ծառատեսակ և ավելի քան 90 թփատեսակ։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին (Fagus orientalis), կաղնին (Quercus), բոխին (Carpinus betulus), ինչպես նաև սոճին։

Ոչ հիմնական տեսակներից են լորենին (Tilia caucasica), թխկին (Acer ibericum), կեչին, հացենին և այլ տեսակներ։

Տարածքում հանդիպում են ինչպես մաքուր կաղնուտներ, այնպես էլ խառը անտառներ՝ հաճարենու, սոճու և գիհու մասնակցությամբ։ Կաղնին առանձնանում է իր դիմացկունությամբ և բարձրորակ բնափայտով։

Շնողի գետափներին և թփուտներում հանդիպում է նաև Բռնչի սովորական (Vibúrnum ópulus), որը ցախակեռասազգիների ընտանիքին պատկանող հազվագյուտ տեսակ է:

Բազումի լեռներում գտնվող Պուշկինի լեռնանցքը համարվում է ոչ միայն Լոռու, այլև Հայաստանի ամենագրավիչ բնապատկերային ճանապարհներից մեկը։

Գայլաձորի կիրճի լորուտները և Սարանքի լորենու անտառ-պուրակները յուրահատուկ են իրենց կազմով․ այստեղ կարելի է հանդիպել մինչև 130–150 տարեկան սոճիներ՝ 30–35 մ բարձրությամբ և մինչև 40-50 սմ բնի տրամագծով։

Լալվարի և Լեջանի լեռնազանգվածների լանջերին տարածված են գեղատեսիլ անտառապատ հովիտներ։ Ջրաղացաձորի կիրճը, որը բացվում է Ախթալայից հարավ-արևելք, առանձնանում է իր խիտ անտառներով։

Գարգառ գետի հովիտը ևս աչքի է ընկնում իր գեղեցկությամբ։ Այստեղ է գտնվում Արջասար լեռը (1819 մ), որի լանջերը ծածկված են հաճարենու, բոխու և կաղնու անտառներով։

Փամբակի հովտում և Ստեփանավանի շրջակայքում տարածված են սոճու անտառներ, որոնցից առավել հայտնի է Գյուլագարակի սոճուտը՝ պալեոգեն-նեոգեն ժամանակաշրջանի մնացորդային անտառ (116 հա)։

Գիհու նոսրանտառները կղզիաձև տարածված են Ալավերդու և Այրումի միջև ընկած տարածքներում։

Լոռու գրեթե բոլոր բնակավայրերը շրջապատված են անտառներով՝ հաճախ ամբողջությամբ միաձուլվելով դրանց հետ և ստեղծելով բացառիկ բնապատկերներ։

Առանձնանում են հատկապես Ակներ, Արդվին, Ահնիձոր, Աքորի, Գարգառ, Գյուլագարակ, Դեբեդ, Դսեղ, Եղեգնուտ, Կուրթան, Հաղպատ, Յաղդան, Շնող, Սանահին, Ուրասար, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Հարթագյուղ, Քարինջ և Օձուն գյուղերը։

Վայրի պտղատու բույսեր

Խառը անտառներում լայնորեն տարածված են վայրի պտղատու ծառերն ու թփերը՝ նռնենի, խնձորենի, տանձենի, գիլասենի, հոնի ծառ, ծիրանենի, ընկուզենի, ալոճենի և այլ տեսակներ։

Հատապտուղներից հանդիպում են մոշ, մոռ, ազնվամորի, անտառային մորի, հաղարջ, խնջլուզ և մասուր։

Ենթալպյան և ալպյան գոտի

Լոռու բարձրադիր հատվածներում տարածված են ենթալպյան և ալպյան մարգագետինները, որոնք տարբերվում են խիտ ու բազմատեսակ խոտածածկույթով։ Այս գոտիները ոչ միայն ունեն բարձր էկոլոգիական արժեք, այլև կարևոր են անասնապահության զարգացման համար։

Դեղաբույսեր

Մարգագետիններում և անտառամերձ տարածքներում աճում են ավելի քան 50 տեսակի դեղաբույսեր՝ անթառամ, անմեռուկ, անիսոն, հազարատերևուկ, անանուխ, եղինջ, գնարբուկ, ուրց, օշինդր և այլն։

Ամռան ամիսներին այս տարածքները վերածվում են գունեղ ծաղկադաշտերի՝ ստեղծելով բացառիկ տեսարաններ և մեծ հնարավորություններ էկոտուրիզմի, արշավների և բնության լուսանկարչության համար։

Ֆաունա (Կենդանական աշխարհ)

Կենդանական աշխարհի բազմազանությունը

Լոռու մարզի կենդանական աշխարհը իր բազմազանությամբ բնավ չի զիջում բուսականին։ Մարզի տարածքը գտնվում է Կովկասյան և Փոքրասիական կենդանաաշխարհագրական շրջանների սահմանագծին, ինչի շնորհիվ այստեղ ձևավորվել է հարուստ և բազմաշերտ ֆաունա։ Կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ ընդհանուր են Հայաստանի այլ մարզերի հետ, սակայն հանդիպում են նաև Լոռուն բնորոշ տեսակներ։ Ֆաունայի տեղաբաշխվածությունը հիմնականում համընկնում է բուսական գոտիներին՝ ձևավորելով հստակ բնական գոտիականություն։

Լեռնատափաստանների բնակիչներ

Լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում լայն տարածում ունեն կրծողները՝ դաշտամուկը (Microtinae), համստերը (Cricetinae), սովորական դաշտամուկը (Arvicolinae peculiaris), ջրային դաշտամուկը (Arvicolinae), ճագարամուկը (Dipodidae), որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, ինչպես նաև կուղբը կամ ջրշունը (Castor fiber)։

Այս գոտիներում տարածված են նաև կզաքիսազգիները՝ խայտաքիս, աքիս (կնգում՝ Mustela nivalis), գորշուկ, ջրասամույր և քարակզաքիս։ Խայտաքիսը (Vormela peregusna), որը հանդիպում է նաև Լոռու մարզում, բնակվում է այլ կենդանիների լքված բներում և սնվում հիմնականում կրծողներով։ Տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և գտնվում է պահպանության տակ։

Գիշատիչներից ամենափոքրը աքիսն է (Mustela nivalis), որը հայտնի է նաև որպես հայկական մուկ կամ կնգում, քանի որ այն հենց Հայաստանից է անցել Եվրոպա: Այն լայն տարածում ունի Հայաստանում և առանձնանում է իր շարժունակությամբ ու օգտակարությամբ՝ սնվելով մանր կրծողներով։ Աքիսի մորթին պատմականորեն ունեցել է խորհրդանշական նշանակություն՝ մարմնավորելով մաքրություն և ազնվականություն։

Լոռու գետերում և լճերում հանդիպում է ջրասամույրը (Lutra lutra), որը ապրում է մաքուր ջրերում և սնվում հիմնականում ձկներով։ Տեսակը գնահատվում է որպես վտանգված և ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Հանդիպում են նաև քարակզաքիսը (Mustelidae), գորշուկը կամ փորսուղը (Meles meles):

Սկյուռանմաններից տարածված է Փոքրասիական գետնասկյուռը (Spermophilus xanthoprymnus), որը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Միջատակերներից հանդիպում են սովորական ոզնիները (Erinaceus europaeus), որոնք առավել տարածված են Թումանյան և Ստեփանավան քաղաքների շրջակա անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Դրանք օգտակար կենդանիներ են՝ սնվելով միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝օձերով), ոչնչացնում են վնասակար միջատներին:

Սողուններ և երկկենցաղներ

Լոռու կենդանական աշխարհը սողուններով առանձնապես հարուստ չէ, սակայն աչքի է ընկնում բազմազանությամբ։ Տարածված տեսակներից են՝ ջրային և սովորական լորտուները (Natrix), դեղնափորիկ լորտունը (Pseudopus apodus), գյուրզան (Macrovipera lebetina), Դարևսկու վահանագալուխ իժը (Vipera darevski), ինչպես նաև տարբեր մողեսներ։

Լոռու բնաշխարհում սողունների դասին պատկանող կենդանիներից հանդիպում է նաև միջերկրածովյան կրիան (Testudines), որը զրահավոր ցամաքային կենդանի է: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Երկկենցաղներից առանձնահատուկ է Փոքրասիական տրիտոնը (Triturus vittatus), որը Հայաստանում հանդիպում է միայն Լոռու մարզում՝ խառը և լայնատերև անտառներում, նաև լեռների լանջերին (Ախթալա, Օձուն և Դսեղ գյուղերի շրջակայքում)։ Այն երկկենցաղների կարգի սալամանդրների (պոչավորների) ընտանիքի մողես է, որը բնակվում է հոսող և կանգուն ջրավազաններում և ափամերձ վայրերում՝ 900-1200 ծ.մ.բ.: Մեծ քանակներով որսվելու հետևանքով տեսակը համարվում է վտանգված և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Երկկենցաղներից Լոռիում լայն տարածում ունեն հատկապես լճագորտը (Rana ridibunda), Շելկովնիկովի ծառագորտը (Квакша Шелковникова), փոփոխական կամ կանաչ դոդոշը (Bufo viridis), ինչպես նաև քարադոդոշը (կովկասյան ագաման):

Անողնաշարավորների բազմազանություն

Լոռու մարզի ֆաունան հարուստ է նաև անողնաշարավոր կենդանիներով, որոնք կազմում են էկոհամակարգի կարևոր մասը։ Դրանք տարածված են անտառներում, մարգագետիններում, գետերի ափերին և հողի շերտերում։

Հանդիպում են փափկամարմիններ և հոդվածոտանիներ՝ միջատներ, սարդակերպեր և կարիճներ։ Տարածված են՝ սարդեր, ցեցեր և այլ փոքր անողնաշարավորներ, որոնք Լոռու էկոհամակարգի կարևոր օղակներից են և ունեն էկոլոգիական մեծ նշանակություն: Նրանք մասնակցում են հողի ձևավորմանը, բույսերի փոշոտմանը և սննդային շղթաների կայունությանը՝ կարգավորելով միջատների թվաքանակը։

Միջատներ

Լոռու մարզում լայն տարածում ունեն բազմատեսակ միջատներ՝ բզեզներ, թիթեռներ, մեղուներ, կրետներ, մրջյուններ և այլն:

Թիթեռներ

Լոռու անտառներում հանդիպում են բազմաթիվ թիթեռատեսակներ, որոնք ակտիվ են հատկապես տաք սեզոնին։ Դրանք հաճախ օգտագործվում են որպես միջավայրի մաքրության և էկոլոգիական հավասարակշռության ցուցիչներ։ Հաճախ կարելի է տեսնել անհավանական գեղեցկության թիթեռներ, որոնց բազմաթիվ տեսակներ վարում են գիշերային կյանք։

Թռչող միջատներից հանդիպում են ամենատարբեր բզեզներ: Բզեզներն ու մրջյունները մասնակցում են օրգանական նյութերի քայքայման գործընթացին՝ նաստելով հողի բնական վերականգնմանըԿարևոր դեր ունեն նաև մեղուները և այլ փոշոտող միջատները։ Մեղուները ոչ միայն կարևոր փոշոտողներ են, այլև մեծ դեր ունեն բուսական աշխարհի վերարտադրության մեջ։

Երբեմն հանդիպում է յուրատեսակ զրահով մի միջատ, որին լոռեցիները Նամաբողոճ են անվանում՝ այսինքն խոնավություն սիրող միջատ: Երբ փորձում ես բռնել, նա դառնում է գնդակ և կարող է մի քանի րոպե սպասել գնդակ դարձած, բայց հենց վտանգն անցնում է, զգուշորեն բացվում է ու փախչում:

Կա նաև մի հազվագյուտ գիշատիչ միջատ, որը ունակ է մի վայրկյանում բռնել մեղվին ու մի քանի անգամ խայթել նրան, անգամ գրկել ու փախցնել:

Թռչունների աշխարհ

Լոռու մարզի թռչնաշխարհը հարուստ է և բազմազան։ Այն աչքի է ընկնում նաև իր գունեղությամբ։ Լոռու տարածքներում բնակվում են սև ագռավը, անտառային կաչաղակը, կարմրակտուց ճայը, աղավնիներ և բազմաթիվ այլ տեսակներ։ Անտառները, ժայռերը, մարգագետիններն ու ջրային տարածքները ստեղծում են տարբեր թռչնատեսակների համար նպաստավոր կենսավայրեր։ Լոռու լեռներում լայնորեն տարածված է Սև ագռավը, որը, որպես բնական սանիտար, խիստ օգտակար թռչնատեսակ է: Սակայն վերջին տարիներին դաշտերում լեշերի նվազման պատճառով զգալիորեն կրճատվել է սրանց քանակը: Այժմ թռչունը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Անտառային կաչաղակը (Garrulus glandarius) կամ սովորական կաչաղակը ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն է, որն ավելի շատ բնակվում է սաղարթավոր անտառներում և ծառածածկ գետահովիտներում։

Լոռվա լեռնաշխարհում՝ ժայռերի ծերպերում,ն աև մարգագետիններում և նոսրանտառներում բնակվում է Կարմրակտուց ճայը (Pyrrhocorax pyrrhocorax), որը ագռավների ընտանիքի աղմկարար թռչուն է: Ունի փայլուն սև փետրավորում, կարմիր կեռ կտուց և կարմիր ոտքեր, ինչպես նաև զրնգուն ձայն։ Սավառնում է մեծ բարձրություններում, իսկ ձմեռներն անցկացնում է ցածրադիր վայրերում: Կերակրվում է հիմնականում երամներով

Անտառային գոտում՝ հատկապես գիհու անտառներում ապրում է Հոբալը (Columba oenas), որը Հայաստանում բնադրվող և չվող թռչուն է: Բնադրվում է անտառի խուլ հատվածներում՝ առանձին զույգերով և համարվում է որսի թռչուն։

Լոռվա բնաշխարհում հանդիպում են բազմաթիվ այլ թռչուններ՝ ինչպես տարածված, այնպես էլ ավելի հազվադեպ տեսակներ։ Դրանցից են՝ անտառային արտույտը (Lullula arborea), քարակաքավը (Perdix), գորշ կաքավը (Perdix cinerea), վայրի աղավնիները, բադերն ու սագերը, շիկահավը (Erithacus rubecula), լորը (Coturnix), ճնճղուկները և շահրիկները։

Լայնորեն տարածված են նաև գիշատիչ թռչուններ՝ արծիվներ (Aquila), բազեներ (Falco) և անգղներ։ Հաճախ կարելի է հանդիպել ծիծեռնակների (Hirundinidae), սարյակների (Sturnus), օղակավոր տատրակների (Streptopelia decaocto), կաչաղակների (Pica) և արագիլների (Ciconiidae) և բազմաթիվ այլ թռչունների, որոնք բնակվում են ինչպես անտառներում, այնպես էլ բաց տարածքներում։

Լոռու բնաշխարհը հարստացնում են նաև մոխրագույն կռունկը (Grus grus), երկնագույն երաշտահավը (Parus coeruleus), կարմրակատարը (Carduelis carduelis), դեղին խաղտտնիկը (Motacilla flava), խայտաբղետ փայտփորիկը, սևուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros) և ոսկեգույն մեղվակերը (Merops apiaster)։

Ասեղնատերև անտառներում, հատկապես «Սոճուտ» դենդրոպարկում, հանդիպում է եղևնու խաչկտուցը (Loxia curvirostra), իսկ անտառներում տարածված են նաև մոշահավը կամ սև կեռնեխը (Turdus merula) և բուն (Asio otus):

Թռչունների աշխարհը Լոռու բնության կենդանի երաժշտությունն է՝ անտառային աշխույժ ձայներով ու երկնքի գունեղ շնչով։ Այն մշտապես շարժման մեջ է, որտեղ յուրաքանչյուր թևաբախում պատմում է ազատության, ներդաշնակության և վայրի բնության անսահման գեղեցկության մասին։ Միաժամանակ, սա բացահայտման, դիտարկման և բնության հետ ներդաշնակ շփման հրաշալի հնարավորություն է։

Լոռվա ջրերում

Լոռու մարզի տարածքով հոսող գետերում հանդիպում են տարբեր ձկնատեսակներ, որոնցից են՝ արծաթափայլ կարասը (Carassius auratus gibelio), ծածանը (Cyprinus carpio), կողակը (Varicorhinus), Քուռի բեղլուն (Barbus lacerta cyri), Քուռի լերկաձուկը, թխաթույր կարմրախայտը (Salmo trutta), հանդիպում է նաև գետի խեցգետին, իսկ լճերում՝ կարաս, ծածան և խեցգետիններ:

Լոռու բարձրադիր հատվածներում տարածված են ենթալպյան և ալպյան մարգագետինները, որոնք տարբերվում են խիտ ու բազմատեսակ խոտածածկույթով։ Այս գոտիները ոչ միայն ունեն բարձր էկոլոգիական արժեք, այլև կարևոր են անասնապահության զարգացման համար։

Անտառների վայրի բնակիչները

Լոռու անտառներում ապրող խոշոր գիշատիչ կաթնասուններից տարածված են՝ գորշ գայլը (Canis lupus), սովորական աղվեսը (Vulpes Vulpes), որն ունի արժեքավոր մորթի և որսագողության պատճառով բավականին վտանգված է, լուսանը (Lynx), կովկասյան կամ առաջավորասիական ընձառյուծը (Caucasian leopard (Panthera pardus ciscaucasica), շնագայլը (Canis aureus), որն ապրում է ժայռաճեղքերում, քարքարոտ ձորակներում, քարանձավներում, հաճախ՝ աղվեսի կամ գորշուկի լքած գետնափոր բներում, արջը, վարազը, նապաստակը (Leporidae), անտառային կատուն (Felis silvestris):

Վայրի (եվրոպական) կատուն (Felis silvestris) ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Սա ևս գիշատիչ է, պատկանում է կատվազգիների ընտանիքին, սակայն վախկոտ տեսակ է: Բնակվում է ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, գետնափոր բներում և այլ բնական թաքստոցներում:

Կատվազգիներից հանդիպում է նաև լուսանը, որին հաճախ վայրի կատու են անվանում, սակայն նրանց միջև մեծ տարբերություններ կան։ Լինելով կատվազգի, լուսանը ևս հրաշալի ծառ է մագլցում և տեսնում մթության մեջ, սակայն զգալիորեն անվախ է: Բնակվում է անտառներում և անտառամերձ ժայռերում, իսկ նրա ավարն են դառնում մայրեհավերը,աքարները,եղնիկները, նաև նապաստակները, մկներն ու այլ կրծողներ: Լոռվա անտառներում վայրի վարազներն ու եղջերուները հաճախ են դառնում լուսանների ու հովազների որսը:

Լոռու բնաշխարհի կաթնասունների գեղեցիկ ներկայացուցիչներից է այծյամը (Capreolus capreolus), որը բնակվում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում՝ հաճախ բարձրանալով մինչև 3000 մետր բարձրության լեռները: Հայաստանում հանդիպում են Capreolus capreolus caucasicus ենթատեասկի այծյամների պոպուլյացիաներ:

Վտանգված տեսակներից է ազնվացեղ եղջերուն (Cervus elaphus): Ազնվացեղ եղջերուն կամ մարալը մինչև 1954 թ. լայնորեն տարածված է եղել հյուսիսային, արևելյան և հարավային Հայաստանի անտառներում: Սակայն որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով տեսակն աստիճանաբար սկսեց անհետանալ երկրի տարածքից: Իսկ 1954 թ.-ց հետո երբեմն եկել են Վրաստանից: Այսօր կենդանին ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Ուստի կենդանու որսն արգելված է Հայաստանում:

2013 -ից Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի (Cervus elaphus maral) վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ: Երկար տարիներ Հայաստանից բացակայած եղջերուն 2018 թվին վերջապես վերադարձավ Հայաստան: Կենդանու վերաբնակեցման ծրագրով ԻԻՀ -ից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ (Իրանից և Վրաստանից):Եղջերուները տեղափոխվեցին «Դիլիջան» ազգային պարկ, ուր կառուցված էր վերջիններիս բազմացման կենտրոն:

Չղջիկները (Chiroptera)՝ միակ թռչող կաթնասուններն են, որոնք Լոռու անտառներում և քարանձավներում ակտիվանում են հատկապես գիշերային ժամերին՝ լրացնելով բնության գաղտնավոր և խորհրդավոր մթնոլորտը։

Մերձալպյան և ալպյան գոտիները ֆաունայով համեմատաբար աղքատ են: Կաթնասուններից այստեղ հանդիպում են հայկական մուֆլոնը (Ovis orientalis gmelini), որը Հայաստանի բնաշխարհիկ և վտանգված տեսակ է։

Մարդու կողքին ապրող կենդանիներ

Կենդանական աշխարհի այս բազմազանությունը կարևոր նախադրյալ է Լոռու մարզում էկոտուրիզմի զարգացման համար։ Տուրիզմի տեսանկյունից մարզը հետաքրքիր է նաև գյուղատնտեսական կենդանիներով՝ զարգացած են ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը, այծաբուծությունը, ձիաբուծությունը և այլ ճյուղեր։

Հատուկ ուշադրության է արժանի ղարաբաղյան ձին՝ հայկական հին ցեղատեսակ, որը ձևավորվել է պատմական ժամանակներում։ Այն աչքի է ընկնում գեղեցիկ կառուցվածքով, դիմացկունությամբ և հեզ բնավորությամբ։

Այսօր Լոռու լեռներում ու անտառներում, բնության ներդաշնակ միջավայրում, վայրի կենդանիների կողքին կարելի է տեսնել նաև ազատ վարգող ղարաբաղյան ձիեր, որոնք յուրահատուկ հմայք են հաղորդում այս հեքիաթային բնաշխարհին։