Ռելիեֆ

Լոռին ունի հիմնականում լեռնային ռելիեֆ, քանի որ նրա տարածքի գրեթե 80%-ը զբաղեցնում են լեռնաշղթաներ և խոշոր լեռներ։ Լոռվա բնաշխարհի ռելիեֆը ձևավորում են Բազումի, Ջավախքի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի ընդարձակ լեռնաշղթաները։

Տարածքի ռելիեֆը ձևավորվել է ծալքավորման, բեկորացման և հրաբխային գործընթացների արդյունքում, ուստի այն բնութագրվում է բարձրությունների մեծ տատանումներով։

Մարզի ամենաբարձր կետը՝ Աչքասար լեռան գագաթը, գտնվում է ծովի մակերևույթից 3196 մ բարձրության վրա, իսկ ամենացածր կետը, որը նաև հանրապետության ամենացածր կետն է, որը գտնվում է Դեբեդի ստորին հոսանքում՝ Քարկոփ գյուղի մոտակայքում՝ 375 մ բարձրության վրա։

Դեբեդ գետը Լոռին բաժանում է երկու մասի․ ձախ կողմում Գուգարքն է՝ Լոռվա սարահարթը, իսկ աջ կողմում՝ խոր ձորեր, կիրճեր և անտառապատ լեռներ։ Մարզի միջին հատվածում տարածքը հարաբերականորեն հարթ է՝ մոտ 1400 մ բարձրությամբ։ Լոռվան բնորոշ է վերընթաց գոտիականությունը։ Լեռնաշղթաներին փոխարինում են աստիճանաձև սարալանջեր, լավային սարավանդներ, կիրճեր ու ձորեր։

Դեբեդն ու իր վտակները հիմնականում անցնում են նեղ և խոր կիրճերով՝ ձևավորելով տպավորիչ բնապատկերներ։ Թումանյան քաղաքի մոտ կիրճի խորությունը հասնում է մինչև 350 մետրի։

Մարզի բնակավայրերը տեղակայված են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մ բարձրությունների վրա։ Յուրաքանչյուր գյուղ ու քաղաք ունի իր յուրահատուկ լանդշաֆտը, սակայն բոլորին միավորում է մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ հեքիաթային բնաշխարհը, լինի դա սարահարթերի վրա տարածված, թե լեռների լանջերին բազմած։

Հողը / Ընդերքը / Հանքային ջրերը

Հողաբուսական ծածկույթին բնորոշ է ուղղաձիգ գոտիականությունը։ Գերակշռում են լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը՝ կաղնու, հաճարենու, կեչու անտառներով և ալպյան մարգագետիններով։

Տարածքում տարածված են անտառային գորշ և դարչնագույն հողերը, Լոռու դաշտում՝ սևահողերը, ինչպես նաև լեռնամարգագետնատափաստանային և տեղ-տեղ գետահովտային ճահճային հողատիպերը։

Լոռին հայտնի է իր փարթամ բուսածածկույթով․ մարզի տարածքի շուրջ 26.3%-ը անտառապատ է։

Հարուստ ու բազմազան բուսականությամբ առանձնանում են նաև անտառների փեշերին տարածված լեռնատափաստանային և մերձալպյան մարգագետինները։

Ընդերքը

Լոռու մարզի ընդերքը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով և իր նշանակությամբ հանրապետությունում զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը։

Օգտակար հանածոները հիմնականում ներկայացված են ինտրուզիվ ծագման երեսապատման քարերով, բազալտներով, ավազակոպճային խառնուրդներով։ Մետաղական հանածոներից առանձնանում են ոսկու, մոլիբդենի, պղնձի, կապարի և երկաթի հանքավայրերը։

Մարզում կան նաև բազմամետաղների, կաոլինային ապարների, շինանյութերի, գիպսի, բարիտի և կրաքարի պաշարներ։ Ներկայումս շահագործվում են Շամլուղի պղնձի, Թեղուտի պղնձա-մոլիբդենային, ինչպես նաև Մղարթի և Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրերը։

Ախթալա-Շամլուղի հանքը Հայաստանի ամենահին հանքավայրերից է։ Ախթալայի պատմությունը սերտորեն կապված է հանքարդյունաբերության հետ։ Դեռ հին ժամանակներից այս տարածքը հայտնի էր որպես պղնձի հարուստ հանքավայր։ Դարեր առաջ ձուլարանները գործել են վանքի տարածքում, իսկ 12–13-րդ դարերում բնակավայրը կոչվել է Պղնձահանք։

Հանքավայրը սկսել է ակտիվ շահագործվել 1770 թ., երբ վրաց թագավոր Հերակլ II-ը Տրապիզոնից հույն ընտանիքներ վերաբնակեցրեց այստեղ։ Հետագայում այն շահագործվել է ֆրանսիական, ապա ռուսական և հայկական ընկերությունների կողմից։

Լոռին հարուստ է նաև հանքային և արտեզյան ջրերով, ինչպես նաև տորֆի հանքավայրերով։ Տորֆերը օժտված են բուժիչ և հակամիկրոբային հատկություններով և գտնվում են 1750–1850 մ բարձրություններում՝ Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մարգահովիտ գյուղերի, ինչպես նաև Տաշիր-Սարատովկա հատվածում։

Դրանք համարվում են մարզի կարևոր ռեկրեացիոն ռեսուրսներից։ Տորֆի բնական խոնավությունը կազմում է 86.3%, ունի մուգ դարչնագույն զանգված և թույլ թթվային ռեակցիա։ Այն օգտագործվում է բուժական նպատակներով՝ Վանաձորի «Հայաստան» առողջարանում։

Հանքային ջրեր և աղբյուրներ

Լոռու մարզը հարուստ է հանքային և արտեզյան ջրերի ելքերով՝ բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, որոնք ունեն նաև տնտեսական կարևոր նշանակություն։

Հանքային աղբյուրների առատությունը պայմանավորված է ռելիեֆի խիստ մասնատվածությամբ և հանքային ջրերի արտաբխման բարենպաստ պայմաններով։ Հայտնի են Վանաձորի, Ֆիոլետովոյի, Ալավերդու, Ստեփանավանի և Ծաղկաշատի սառը (14–20°C) հանքային ջրերը։

Ֆիոլետովոյի հանքային ջրերը բխում են Աղստևի հովտում գտնվող աղբյուրներից և իրենց բաղադրությամբ մոտ են Վրաստանի Ծղալտուբոյի ջրերին։

Ստեփանավանի շրջակայքում կան մի շարք հանքային աղբյուրներ, որոնցից հայտնի է Կաթնաղբյուրը։ Չոռնայա և Ժոլտայա գետակների աղբյուրները գտնվում են Ուրասար գյուղի մոտակայքում։

Դեբեդի ավազանում հաշվվում են շուրջ 35 հանքային աղբյուրներ, որոնք դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Տանձուտ գետի ափին գտնվող «Թթու ջուր» աղբյուրը իր հատկություններով մոտ է ֆրանսիական Perrier ջրին և հանդիսանում է նաև սիրված հանգստի գոտի

Վանաձորի շրջակայքում ուսումնասիրված Բզովդալի աղբյուրները ևս կարևոր են․ այստեղ բազալտային շերտերից ստացվող ջրերը իրենց հատկություններով մոտ են Ջերմուկի ջրերին:

Հանքային ջրերի հետազոտումն ու արդյունավետ օգտագործումը մարզի զարգացման կարևոր ուղղություններից է։