Կլիմա

Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում և առանձնանում է համեմատաբար խոնավ կլիմայով։ Լոռին և Տավուշը համարվում են երկրի ամենախոնավ մարզերից։ Մարզի լեռնային դիրքը (միջին բարձրությունը՝ 1600–1700 մ, առավելագույնը՝ 3196 մ) պայմանավորում է կլիմայական բազմազանությունը։

Միջին և բարձրադիր գոտիներում կլիման բարեխառն լեռնային է՝ տևական և ցուրտ ձմեռներով ու համեմատաբար տաք, խոնավ ամառներով։ Ձմռանը ձևավորվում է կայուն ձնածածկույթ։

Նախալեռնային գոտում կլիման ավելի մեղմ է՝ մերձարևադարձային հատկանիշներով․ այստեղ ամառները չափավոր շոգ և համեմատաբար չոր են, իսկ ձմեռները՝ մեղմ։ Տարածքը ագրոկլիմայական առումով դասվում է ինտենսիվ ոռոգման գոտուն

Լոռու մարզում առանձնացվում են մի քանի կլիմայական ենթաշրջաններ՝ պայմանավորված ռելիեֆով և բարձրությամբ.

  • Ջավախքի լեռնա-մարգագետնային գոտի – ցուրտ ձմեռներ (մինչև −37…−38°C), զով ամառներ (10–14°C), առատ տեղումներ (900–1000 մմ), երկարատև ձնածածկույթ։
  • Լոռվա գոգավորություն – համեմատաբար մեղմ ձմեռներ (միջինում −2.6°C), զով ամառներ (21–22°C), տեղումներ՝ 600–700 մմ և ավելի։
  • Ձորագետի հովիտ – մեղմ կլիմա, կարճ ձմեռ (մոտ 3–3.5 ամիս), զով ամառ (միջինում 17°C), տեղումներ՝ շուրջ 700 մմ։
  • Դեբեդի ավազան – առավել տաք և մեղմ գոտի․ ձմռանը ջերմաստիճանը հաճախ չի իջնում 0°C-ից ցածր, ամռանը հասնում է մինչև 37–38°C, տեղումները՝ 400–500 մմ։
  • Փամբակի հովիտ – մեղմ ձմեռներ (−4…−5°C), անկայուն ձնածածկույթ։

Օդի միջին ջերմաստիճանը ձմռանը կազմում է մոտ −4.8°C, իսկ ամռանը՝ մինչև +18°C։ Տարեկան տեղումները առատ են՝ միջինում 600–700 մմ: Քամիները հիմնականում ուղղորդվում են Փամբակ և Դեբեդ գետերի հովիտներով։ Ամենաքամոտ հատվածը Պուշկինի լեռնանցքն է, որտեղ քամու արագությունը երբեմն հասնում է 43–53 մ/վ։ Տարածքում հաճախ են դիտվում մառախուղներ (մինչև 139 օր տարեկան), ամպրոպներ (50–70 օր), երբեմն նաև կարկուտ։