Տվյալներ / Բնություն / Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն /Լոգիիստիկա
Հայաստանի հարավի անսասան ոգին
Սյունիքը ոչ միայն բնության հրաշք է, այլև հայկական ինքնության
ամուր հենասյուներից մեկը։ Այստեղ անցյալն ու ներկան միահյուսված
են՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր
ճանապարհ մի նոր բացահայտում է։
Լեռների հզորությունն ու դարերից եկող ոգին զգացվում են ամենուր։
Լեռները այստեղ կարծես շունչ ունեն, իսկ պատմությունը՝ կենդանի
ներկայություն։ Իր անառիկ լեռնաշղթաների երկնասլաց գագաթներով ու
խոր կիրճերով այս բնաշխարհը դարեր շարունակ եղել է ամուր բերդ՝ ի
սարսափ թշնամյաց:
Սյունիքի բարձր երկնքի տակ հպարտ ու անպարտ կանգնած է Խուստուփը՝
հայի սրտի լեռը՝ Նժդեհի հավերժ հիշատակի ու պայքարի խորհրդանիշը։
Այն լեռ չէ միայն․ այն ոգի է, որ դեռ ապրում է քարերի մեջ, քամու
ձայնի ու լռության խորքերում։
Խնձորեսկ՝ բնական ամրոց և ինքնակազմակերպված աշխարհ
Հին Խնձորեսկը՝ Սյունիքի լեռնահովիտներում ձգվող եզակի
բնակավայր, ձևավորվել է որպես բնական անառիկ բերդ՝ ինքնաբավ ու
պաշտպանված բնակելի համակարգ։
Քարանձավներն ու մինչև 100–120 մ բարձրությամբ ժայռերը ոչ միայն
ապաստան էին, այլև մտածված կառուցված միջավայր, որտեղ տները
աստիճանաբար բարձրանում էին լանջերով, և մեկի կտուրը դառնում էր
վերևի տան բակը։
Այս յուրատեսակ կառուցվածքը ձևավորել էր ինքնակազմակերպված
«միկրո-պետություն»՝ իր ներքին կարգով, տնտեսությամբ և
պաշտպանական համակարգով։ Նրա բնակիչները ոչ միայն ապահովում էին
իրենց անվտանգությունը, այլև զարգացնում էին գյուղատնտեսություն,
արհեստներ և մշակույթ։
Հին Խնձորեսկը հայոց աշխարհում բացառիկ է ոչ միայն իր արտասովոր
բնությամբ, այլև որպես ինքնակազմակերպված, ինքնապաշտպանվող և
կենսունակ համայնքի եզակի օրինակ։ Այն կարևոր դեր է ունեցել
հատկապես 18-րդ դարում Դավիթ Բեկի գլխավորությամբ մղվող
ազատագրական պայքարում, և որպես Մխիթար Սպարապետի զորակայան։
Մոտակայքում Խնձորեսկի կախովի կամուրջն է, որը
նույնպես պատմում է հին կյանքի ու քարանձավային բնակության
մասին՝ միաձուլելով բնությունն ու մարդկային գոյատևման
հմտությունները։
Տաթևի վանքից մինչև «Տա-թևի թևեր»
Տաթևի վանքը՝ աշխարհի հզոր միջնադարյան հոգևոր կենտրոններից մեկը, դարեր շարունակ վեր է խոյանում Սյունյաց աշխարհի ամենահզոր կիրճերից մեկի՝ Որոտանի եզրին՝ ստեղծելով վեհաշուք ու խորհրդավոր մթնոլորտ։
Վանքի գլխավերևում ճախրում է «Տաթևի թևեր»ը՝ աշխարհի ամենաերկար ուղևորատար ճոպանուղիներից մեկը՝ թռչնի թռիչքի բարձրությունից բացելով Սյունիքի լեռնաշխարհի շնչառություն կտրող բնապատկերներ։
Արկածներ որոնողները
Սյունիքը բացվում է որպես մի աշխարհ, որտեղ բնությունն ու լռությունը խոսում են իրենց լեզվով, իսկ արկածը դառնում է ճանապարհի հավատարիմ ուղեկիցը։ Այստեղ ճանապարհները պարզապես անցումներ չեն․ դրանք բացահայտում են՝ լեռնագնացների, քայլողների ու ազատության որոնողների համար։ Խուստուփի լանջերով ձգվող արշավային ուղիները բարձրանում են դեպի երկինք՝ ամեն քայլով բացելով նոր տեսարաններ ու նոր շնչառություն։ Off-road արկածային ճանապարհները քանդում են սովորական սահմանները՝ տանելով դեպի վայրեր, որտեղ միայն բնությունն է ուղեցույցը։ Իսկ ձորերով ու կիրճերով արշավները ճանապարհը դարձնում են կենդանի պատմություն՝ քարերի, ջրի ու քամու ուղեկցությամբ։ Այստեղ՝ բարձրադիր աշխարհում, իշխում է լռությունը, և ամեն ինչ վերանում է, բացի զգացողությունից:
Լեգենդների աշխարհում
Ահա և նա՝ Սյունյաց աշխարհի թագուհին՝ Շաքիի ջրվեժը՝ իր զգլխիչ անկումներով ու գեղեցիկ լեգենդներով։ Սա պատմություն է կուսական բնության ու նրա անաղարտության համար պայքարող ժայռի ու ջրի մասին։ Իսկ իրականում նա պարզապես ջուր չէ․ նա Սյունիքի շունչն է՝ քարերի միջով ազատորեն գահավիժող, կենդանի ու անկասելի։ Այստեղ Սյունիքի բնությունը բացվում է իր ամբողջ խորությամբ ու իմաստությամբ՝ անվերջ շարժման մեջ՝ ժայռերից թափվող ջրվեժների շառաչի, լեռնային ջինջ լճերի մեղմ ծփանքի, բնական կամուրջների ու սատանայի խորհրդավոր կապերի, լույսի ու ստվերի խաղերի մեջ… Աննկարագրելի են լուսաբացները լեռներում, երբ արևը դանդաղ բարձրանում է լեռների գագաթներին։ Սա էլ մի ուրիշ լեգենդ է՝ արևի ու լույսի մասին:
Կա նաև լեգենդ մայրամուտի մասին. երբ արևը մայր է մտնում Որոտանի կիրճի վրա, և այն վերածվում է ոսկեգույն հոսքի ու լցվում գետը, որից էլ ծնվում են նոր կյանքի ոսկեգույն սերմեր՝ սահելով գետի հոսանքով, և ամեն գարնան դառնալով ծառեր, ծաղկունք ու թփեր։
Իսկ մառախուղները ծածկում են խոր կիրճը՝ խորհրդավոր շղարշի տակ։ Դրանք գիշերային փերիներ են, որ իջնում են սարերի գլխին, լուռ սահում ժայռերի միջով ու փաթաթվում լեռների ուսերին։ Ասում են՝ նրանք պահապաններն են Որոտանի գաղտնիքների, որ գիշերվա քողի տակ պահում են արևի թողած ոսկեգույն սերմերը մինչև լուսաբաց՝ երբ աշխարհը կրկին կծնվի։
Հազարամյա քարերի, արևահամ բարիքի ու աստղերի կապը
Այսօր Սյունիքը ոչ միայն պատմություն է, լեգենդներ, լեռներ, գետեր ու լճեր, այլև կենդանի տարածաշրջան՝ իր գյուղական պարզ կյանքով և ջերմ, անկեղծ հյուրասիրությամբ։ Մեղրիի արևն ու մեղրի քաղցր համը լրացնում են այս պատկերը՝ հարստացնելով այն արևավառ գույներով ու արևահամ բույրերով։ Ու՛մ է պետք երկիրը՝ առանց գյուղի, առանց սյունյաց սարերի, սարերի հովի ու հովիվի:
Եվ այս անվերջանալի հովերգության մեջ հազարավոր տարիներ դիք - դիք շարված առեղծվածային քարեր՝ ավելին՝ Զորաց քարեր, թե Քարահունջ՝ ասել է թե հնչող քարեր; Բայց այստեղ քարերը չեն հնչում, այլ «խոսում» են՝ վկայելով հազարամյակների գիտելիքի, դիտարկումների և տիեզերքի հետ մարդու խոր ու անքակտելի կապի ու հնագույն աստղադիտարանի մասին: Աշխարհահռչակ Քարահունջը այն խորհրդավոր վայրն է, որտեղ, ըստ բազմաթիվ վարկածների, մարդը առաջին անգամ գիտակցաբար հայացքը հառեց երկնքին։
Այսպիսին է Սյունիքը՝ բազմաշերտ ու բազմաբնույթ, բայց միշտ խորապես հայկական։ Սա պարզապես ճանապարհ չէ․ սա աշխարհ է նրանց համար, ովքեր որոնում են արկածներ, վայրի բնություն, սուր զգացողություններ և լռություն։ Սա վայր է նրանց համար, ովքեր փնտրում են ոչ միայն գեղեցիկ տեսարաններ այլև ուժ, խորություն և իրական փորձառություն։ Արկածային ուղևորություններ, մշակութային բացահայտումներ և յուրատեսակ հանգիստ․Սյունիքը ներկայանում է որպես էկոտուրիզմի, արկածային և ճանաչողական բացառիկ ուղղություն՝ իր հզոր լեռների գրկում:
ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/
Աշխարհագրական դիրք
Սահմանակցող տարածքներ․
Պատմական ժառանգություն
Բնակչություն
Սյունիքի բնակչությունը ձևավորվել է հազարամյա գործընթացների արդյունքում։ Բնակչության հիմնական մասը հայեր են։ Նախնիների մի մասը այստեղ է ապրում անհիշելի ժամանակներից, մյուս մասը՝ վերաբնակեցվել է Հայաստանի տարբեր գավառներից՝ հատկապես XVII–XVIII դարերում՝ պարսկական արշավանքներից, ապա ներգաղթերից հետո։ Մարզի ներկայիս բնակչությունը հիմնականում բնակվում է Գորիսում, Սիսիանում, Կապանում և Մեղրիում։ Գյուղական բնակավայրերում դեռ պահպանվել են հին ավանդույթներ, բարբառներ և գյուղատնտեսական կյանքի ձևեր։ Սյունեցիները հայտնի են իրենց հողին ու արմատներին խոր կապվածությամբ, աշխատասիրությամբ և ազատատենչ ոգով, որը դրսևորվել է նաև պատմական պայքարների ընթացքում՝ Դավիթ Բեկից մինչև Նժդեհի առաջնորդած շարժումները։ Սյունիքը մշտապես պահպանել է հայկական բնույթը՝ չնայած օտար տիրապետությունների ազդեցությանը։
ԲՆՈՒԹՅՈՒՆ
Հող և բուսականություն
Գոտիներ
Սյունիքի տարածքում հերթափոխվում են հետևյալ լանդշաֆտային գոտիները․
Լանդշաֆտային գոտիներ
Կլիմայական գոտիներ
Մարզի հարավային մասը ընդգրկված է նաև Շիկահողի արգելոցում։ Գետահովիտներում կան անտառային պուրակներ, իսկ Իշխանասար. Ծղուկ, Ծիծեռնակաքար, Բագենք լեռնազանգվածներում հանդիպում են լեռնատունդրային կղզյակներ:
Ռելիեֆ
Բարձր գագաթներ (≥2500 մ)
Լեռնաշղթաներ
Լեռնանցքներ
Հարթավայրեր և սարահարթեր
Գետեր ( երկարությունը ≥ 15 կմ)
Արաքսի համակարգ
Ջրբաժաններ
Լճեր
Սյունիքի տարածքում խոշոր լճեր չկան, բայց կան բազմաթիվ լեռնային բարձրադիր փոքր լճեր և լճակներ, որոնք գտնվում են ծովի մակարդակից՝ 2000 -3000 մ և ավելի բարձրությունների վրա: Առավել հայտնի են Սյունիքի սահմանագլխին գտնվող Ալ և Սև լճերը: Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը հիմնականում ունեն սառցադաշտային ծագում: Դրանցից են՝ Գազանալիճը, Կապուտանը (Գոգի լիճ), Ծաղկաքար, Կապտաչ (Սրտեր), Հարժիս լճերը:
Ջրամբարներ
Ջրվեժներ
Հանքային աղբյուրներ
Սյունիքի մարզի տարածքն առատ է ստորերկրյա քաղցրահամ, հանքային թերմալ ջրերով, որոնցից են՝ Սիսիան-Ուռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները, «Քաջարան» թերմալ ջուրը, որը նշանավոր «Ջերմուկի» նմանօրինակն է: Կան նաև բազմաթիվ լեռնային աղբյուրներ, որոնց թվում հայտնի են՝ Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և այլ հանքային ջրի ելքերը:
Հանքեր և հանքավայրեր
Սյունիքը Հայաստանի օգտակար հանածոներով ամենահարուստ մարզերից է․ այստեղ հայտնի են պղնձի, մոլիբդենի և ոսկու հանքավայրերը դեռ հնագույն ժամանակներից։ Մարզում հաշվվում է շուրջ 80 հանքավայր՝ մետաղական և ոչ մետաղական։
Մետաղական հանքավայրեր
Հիմնական հանքեր
Ոչ մետաղական հանքավայրեր
Դադարեցված հանքավայրեր
Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սյունիքն իր բնական ռեսուրսներով Հայաստանի ամենաարդյունաբերական և հանքային հարուստ երկրամասերից է։ Բնահումքային պաշարներով և արտադրական ներուժով հանդիսանում է Հանրապետության ամենախոշոր վարչական տարածքը։ Այն Հայաստանի ամենարդյունավետ և բազմաճյուղ տնտեսական շրջաններից մեկն է
Արդյունաբերություն
Արդյունաբերության ծավալներով Սյունիքը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Երևանից հետո, ապահովելով երկրի արդյունաբերական արտադրանքի 15-17%-ը։ Մարզի արդյունաբերական առավել զարգացած շրջաններն են՝ Կապանի և Մեղրո, իսկ գյուղատնտեսությամբ՝ Սիսիանի և Գորիսի տարածաշրջանները: Գործում են մի քանի հանքարդյունաբերական, էլեկտրաէներգետիկ, սննդարդյունաբերական և ջրերի վերամշակման ձեռնարկություններ։
Հանքարդյունաբերություն
Հանքարդյունաբերությունը Սյունիքի մարզի տնտեսության գերիշխող ճյուղն է՝ ձևավորված հնագույն ժամանակներից։ Տեղանքի հարուստ բնական պաշարները՝ պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, արծաթի և այլ մետաղների հանքավայրերով, դարերով հիմք են ծառայել Սյունիքի տնտեսական զարգացման համար։ Այս ճյուղը տալիս է մարզի արդյունաբերական արտադրանքի շուրջ 90%-ը, իսկ ընդհանուր ծառայությունների և արտադրանքի՝ մոտ 60%-ը:
Հանքային պաշարներ
Սյունիքը Հայաստանի ամենահարուստ մարզն է օգտակար հանածոներով։ Այստեղ դեռ շատ վաղուց արդյունահանվել է պղինձ, ոսկի և մոլիբդեն։ Մարզը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7%-ը։ Աշխարհում առկա մոտ 11,5 մլն տոննա մոլիբդենից շուրջ 800 հազար տոննան գտնվում է Սյունիքում՝ Մարզի հիմնական պաշարները՝
Մարզի գլխավոր հանքավայրերն են՝
Կապանի, Քաջարանի, Ագարակի, Դաստակերտի, Լիճքի, Սվարանցի
և այլ տարածքները։
Ներկայումս ակտիվորեն շահագործվում են՝Քաջարանի,Կապանի, Ագարակի և Լիճքի հանքերը։ Բացի դրանցից, Սյունիքի տարածքում կան ալյումինի, պլատինի, մկնդեղի, անտիմոնի, սնդիկի, ցինկի, վոլֆրամի, տիտանի, քարածխի, տորֆի, բյուրեղների, ադամանդի և այլ հսկայական հանքավայրեր, զգալի են նաև բազալտի, մարմարի, կրի և կավի պաշարները
Սակայն այս հարստությունն ունի նաև իր հակասական կողմը։ Միևնույն ժամանակ, Սյունիքը առանձնանում է գեղատեսիլ բնաշխարհով, և հաճախ հանքային պաշարներով հարուստ տարածքները համընկնում են մարզի ամենագեղեցիկ բնական գոտիների հետ՝ կենսաբազմազանությամբ հարուստ միջավայրեր՝ անտառապատ լեռնաշղթաներ, մաքուր գետեր և այլն։
Այսպիսով, ձևավորվում է իրարամերժ իրավիճակ․ մի կողմից Սյունիքը Հայաստանի տնտեսական կարևորագույն հենարաններից է, մյուս կողմից՝ հենց այն բնական միջավայրերն են գտնվում զգայուն վիճակում, որոնք ունեն բարձր էկոտուրիստական արժեք և կարող են դառնալ կայուն զարգացման կարևոր ուղղություն։
Այս հակադրությունը վաղուց արդեն դիտարկվում է որպես Հայաստանի ռազմավարական մարտահրավեր՝ արդյունավետ և պատասխանատու օգտագործել հանքային հարստությունները՝ միաժամանակ պահպանելով Սյունյաց անզուգական բնաշխարհը՝ խուսափելով անդառնալի կորուստներից։
Այդ նպատակով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բնապահպանական վերահսկողությանը և հանքարդյունաբերության և բնական միջավայրի միջև հավասարակշռության պահպանմանը։
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն շուրջ 60 տարի Քաջարանում գործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունահանող ձեռնարկություններից մեկը։ Այն համարվում է պղնձի և մոլիբդենի հանքաքարի առաջատար արտադրող և վերամշակող, որի գործունեությունը հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների, սոցիալական պատասխանատվության և բնապահպանական ծրագրերի վրա։ Տարիների հարուստ փորձը, կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը, բազմաթիվ սոցիալական ու բնապահպանական ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձի կիրառումն ապահովել են հայտնի ընկերության անխափան և արդյունավետ գործունեությունն ու զարգացումը:
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Մարզի տարածքով հոսում են շուրջ 170 մեծ ու փոքր գետեր, որոնց շնորհիվ այն օժտված է հիդրոէներգետիկ մեծ ռեսուրսներով։ Տեղական տնտեսության հիմնական ճյուղերից է էներգետիկան։ Սյունիքի ամենախոշոր գետերն են՝ Որոտանը, Ողջին և Մեղրիգետը։ Մարզում գործում է էլեկտրաէներգիայի բաշխման հզոր ցանց,որին միացված է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ նախկինում նաև Արցախը։ Արտադրվող էլեկտրաէներգիայի մեծ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին, որը նախագծվել է 1954 թ-ին, իսկ 1961-ին սկսվել է շինարարությունը: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգում: Այն բաղկացած է 3 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա։
Համակարգի տեղակայված հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան միջին արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ.ժ։ Ամենաբարձր ճնշումային կայանը համակարգի 3-րդ աստիճանն է՝ Տաթև ՀԷԿ-ը։ Հիդրոէներգետիկ համակարգի ջրերը օգտագործվում են նաև գյուղատնտեսական հողերի ոռոգման նպատակով։ Մարզում գործում է նաև փոքր ՀԷԿ-երի ցանց։ Համակարգի ջրային պաշարները օգտագործվում են նաև գյուղական և քաղաքային հողատարածքների ջրարբիացման և ոռոգման համար: Գործում է նաև փոքր ՀԷԿ-երի ցանց:
Ջրամբարներ
Համակարգում ընդգրկված են նաև 5 հիմնական ջրամբար՝
Սպանդարյանի ջրամբարը խոշորագույնն է Հայաստանում։ Այն կառուցվել է Որոտան գետի վրա՝ Գորայք համայնքի հարավ-արևելքում։
Ջրամբարը ծառայում է Որոտանի կասկադի ՀԷԿ-երին ջրով ապահովելու և Որոտանի հոսքի մի մասը Սևանա լիճ տեղափոխելու համար։Այն միացված է Արփա գետին՝ 21.6 կմ երկարությամբ Որոտան–Արփա–Սևան թունելով։
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսությունը առավել զարգացած է Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում։ Հիմնական ուղղություններն են՝
Բնահամակարգ
Սյունիքի բնությունը հարուստ է անտառներով, ալպյան մարգագետիններով և բնական աղբյուրներով: Հայաստանի հանքային ջրերի 50%-ից ավելին գտնվում է այստեղ, ինչը մեծ ներուժ է տալիս սննդարդյունաբերությանը, ինչպես նաև առողջապահական զբոսաշրջությանը։
Սննդի արդյունաբերության ձեռնարկություններ կան Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և մարզի մի շարք գյուղերում:
Սիսիանի տարածաշրջանի Դարբաս համայնքի Շամբ գյուղում գործում են հանքային ջրերի արտադրության գործարաններ՝՝
Սիսիանը հայտնի է նաև կաթնամթերքի արտադրությամբ և պահածոների գործարաններով:
ՄԵՂՐԻ — ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՐԱՎԸ
Մեղրին քաղաք է Սյունիքի մարզի հարավում: Երևանից 373 կմ հեռավորության վրա, Զանգեզուրի լեռնաշղթայի հարավ-արևելքում, Մեղրի գետի ափին տեղադրված քաղաքը հիշեցնում է սարերի մեջ ծվարած մի փոքրիկ ու հրաշալի կղզյակ, աշխարհի աղմուկից հեռու: 2014 թ. Մեղրու տարածաշրջանի Լիճք համայնքում մեկնարկեց մի ծրագիր, որի արդյունքում 42 մեղվաընտանիք ստացավ մեղվափեթակներ և անհրաժեշտ պարագաներ։Ծրագրի շնորհիվ զարգացան մեղվապահությունն ու մեղվաբուծությունը:
Բերքառատ ու արևային այս գողտրիկ քաղաքը վաղուց ճանաչված է որպես սննդամթերքի արդյունաբերական վերամշակման կենտրոն՝ մրգերի, ընկույզի ու մեղրի մատակարար։ Արտադրական ձեռնարկություններից առանձնանում է «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ-ն։
ՄԵՂՐԻ — ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ
Քաղաքը սահմանակից է Իրան Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ուստիև որ այն համարվում է Հայաստանի հարավային դարպաս:
2017 թ. ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է Մեղրիի Ազատ տնտեսական գոտին, որի նպատակը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է, արտերկրյա կապիտալի ներհոսքն ու ԻԻՀ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդումը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սյունիքի կրթական ավանդույթները գալիս են հնագույն ժամանակներից։
Ներկայումս Սյունիքում գործում են.
Մարզի գյուղերում նախատեսված է կառուցել մոդուլային դպրոցներ՝ Աճանան, Օխտար, Արծվանիկ, Գեղանուշ, Սյունիք, Եղեգ, Ծավ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Վերին Խոտանան, Դավիթ Բեկ, Եղվարդ։:
Բարձրագույն ուսումնական հաստատություններ
ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՄԵԴԻԱ
Մշակութային հաստատություններ
Տեղական մեդիա և հեռուստահաղորդումներ
ՏՈՒՐԻԶՄ
Սյունիքը Հայաստանի ամենագրավիչ և բազմազան տուրիստական ուղղություններից է, որում համատեղվում են եզակի բնաշխարհը, հնագույն պատմությունն ու հարուստ մշակույթը։ Մարզը առանձնանում է իր բարձր լեռներով, խոր կիրճերով, անտառներով ու մաքուր գետերով՝ ստեղծելով տպավորիչ բնական միջավայր։
Այստեղ են գտնվում Հայաստանի կարևորագույն տեսարժան վայրերից մի քանիսը՝ Շաքիի ջրվեժ, Որոտանի կիրճ, Սատանի կամուրջ, Քարահունջ, Տաթևի վանք, Հարսնաձորի դիտանոց, Հին Խնձորեսկ, Խնձորեսկի ճոճվող կամուրջ, և այլն, որոնք համադրում են բնության անկրկնելի գեղեցկությունը, պատմությունն ու ճարտարապետությունը:
Սյունիքը հայտնի է նաև ակտիվ և էկոտուրիզմի հնարավորություններով՝ լեռնագնացություն, քայլարշավներ, ձորերով անցնող արահետներ, նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկը՝ Տաթևի թևերը, որը զբոսաշրջիկներին տեղափոխում է Որոտանի կիրճի վրայով: Այն բացում է անզուգական համայնապատկերներ Որոտանի կիրճի վրա և տարեկան գրավում հազարավոր զբոսաշրջիկների՝ խթանելով տուրիզմի և ենթակառուցվածքների զարգացումը Սյունիքի մարզում։ Այսօր «Տաթևեր» ճոպանուղին Հայաստանի խորհրդանիշներից մեկն է՝ տեխնոլոգիական առաջընթացի և մշակութային ժառանգության պահպանման ու արժևորման յուրահատուկ համադրություն։
Բնաշխարհ
Սյունիքը լեռնային գեղատեսիլ ու ինքնատիպ աշխարհ է՝ բարձրաբերձ լեռներով ու լեռնաշղթաներով։ Նրա բարձրագույն կետը Կապուտջուղն է (3904 մ)՝ Հայաստանի երկրորդ ամենաբարձր գագաթը։ Մարզում առանձնանում են նաև Խուստուփը ,Գազանալեռը, Փառականը, Թրասարը, Արամազդը, Մեծ Իշխանասարը, Բաղացսարը, Խուստուփը, Տափասարը և այլ գագաթներ՝ ոչ պակաս գրավիչ լեռնագնացության համար:
Սյունիքի բնաշխարհը կտրտված է խոր կիրճերով, որոնցից առավել հայտնի են Որոտանի և Ողջիի կիրճերը՝ հարուստ քարանձավներով, աղբյուրներով և բնության եզակի հուշարձաններով։ Մարզում տարածված են ժայռային գոյացություններ ու քարանձավներ, որոնց շարքում առանձնանում են Գորիսի «Քարե անտառը» և այլ բնական հուշարձաններ։ Սյունիքի լեռնաշխարհը զարդարում են փոքր, բարձրադիր լեռնային լճերը և բազմաթիվ փոքրիկ լճակները, որոնք մեծ մասամբ գտնվում են ծովի մակարդակից՝ 2000 -3000 մետր և ավելի բարձրությունների վրա և ունեն բացառապես սառցադաշտային ծագում։ Առավել հայտնի են Գազանալիճը, Կապուտանը, ինչպես նաև սահմանային Ալ և Սև լճերը: Բարձրադիր գոտիներում տարածված են ալպյան մարգագետիններ: Իր յուրահատուկ լեռնային բնապատկերով առանձնանում է Ուղտասարի բարձրավանդակը:
Սյունիքը հայտնի է նաև գեղատեսիլ ջրվեժներով, որոնցից ամենահայտնին Շաքիի ջրվեժն է, ինչպես նաև Լիճքի ջրվեժների կասկադները։ Մարզի լեռնաշխարհի կարևոր բնական ռեսուրս են նաև հազարավոր լեռնային աղբյուրները, այդ թվում՝ հանքային, տաք և բուժիչ:
Սյունիքի բնության պահպանման կարևոր մաս են կազմում ԲՀՊՏ-ները՝ «Շիկահող» արգելոցը, «Արևիք» ազգային պարկը և մի շարք արգելավայրեր, որոնք ներկայացնում են տարածաշրջանի կենսաբազմազանության ողջ հարստությունը։
Տուրիզմի տեսակները
Սյունիքը տուրիստական բազմազան ուղղություններով հարուստ տարածաշրջան է, որտեղ լեռնային բնությունը, կլիմայական պայմանները և կենսաբազմազանությունը հնարավորություն են տալիս զարգացնելու տուրիզմի տարբեր տեսակներ:
Էկոտուրիզմ
Սյունիքի անտառները, լեռնաշղթաները և գետահովիտները իդեալական են բնության սիրահարների համար։ Այստեղ կարելի է բացահայտել հարուստ ֆլորան ու ֆաունան, քայլել անտառային արահետներով և վայելել վայրի բնության մաքրությունը։
Արշավային (հայքինգ) տուրիզմ
Սյունիքում կան տարբեր աստիճանի բարդության բազմաթիվ արահետներ, որոնք անցնում են անտառներով, լեռնանցքներով և գեղատեսիլ ձորերով՝ բացելով տպավորիչ տեսարաններ։
Արկածային տուրիզմ
Սյունիքի բարձր լեռները, խոր կիրճերը և ժայռոտ լանդշաֆտը հիանալի պայմաններ են ստեղծում արշավների, ժայռամագլցման, հեծանվային երթուղիների և էքստրեմալ ակտիվ հանգստի համար։
Գաստրոտուրիզմ
Զբոսաշրջության այդ տեսակը նպատակ ունի ծանոթանալու տեղական խոհանոցին և խոհարարական ավանդույթներին: Զբոսաշրջիկները փնտրում են յուրահատուկ համային տպավորություններ, ծանոթանալով տվյալ տարածաշրջանի մշակույթին։ Սյունիքը հայտնի է իր ուրույն խոհանոցով, որտեղ կարելի է համտեսել ավանդական հայկական ուտեստներ, տեղական մեղր, խոտաբույսերից պատրաստված թեյեր և գյուղական մթերքներ։
Գյուղական տուրիզմ (ագրոտուրիզմ)
Սյունյաց գեղատեսիլ լեռների ու խոր կիրճերի մեջ քիչ չեն այն գյուղերը, որոնք դարձել են զբոսաշրջային կարևոր ուղղություններ։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ տեղական ավանդույթներին, մասնակցել գյուղական առօրյային ու զգալ հայկական կենցաղն ու հյուրընկալությունը։
Տաթև գյուղը, որը գտնվում է Երևան–Իրան մայրուղու վրա՝ Երևանից շուրջ 252 կմ և Կապանից՝ 51 կմ հեռավորության վրա, շնորհիվ նշանավոր վանական համալիրի և «Տաթևեր» ճոպանուղու, դարձել է Հայաստանի ամենահայտնի ու «բրենդավորված» գյուղերից մեկը։ Գյուղը տարածվում է Որոտանի վեհաշունչ կիրճի եզրին, որտեղ վեր է խոյանում Տաթևի վանքը։ Գյուղը մեծ ներուժ ունի նաև քայլարշավային ու էկոտուրիզմի համար։ Հատկապես հայտնի է «Լեգենդների արահետը», իսկ մոտակայքում գտնվում են Տաթևի Մեծ Անապատն ու Սատանի կամուրջը։ Շրջակա անտառները հարուստ են էկոլոգիապես մաքուր բնական բարիքներով, որոնք օգտագործվում են սյունիքյան ավանդական խոհանոցում։ Գյուղում գործում են բազմաթիվ հյուրատներ, սակայն զբոսաշրջային պահանջարկը շարունակում է աճել։
Ընդհանրապես, Սյունիքի շատ գյուղեր առանձնանում են իրենց հյուրընկալությամբ, համեղ խոհանոցով և ավանդական գյուղական միջավայրով՝ հնարավորություն տալով զբոսաշրջիկներին զգալ իրական հայկական մթնոլորտը։
Առողջարար և հանգստի տուրիզմ
Բնության խաղաղ միջավայրը, մաքուր օդն ու լեռնային կլիման նպաստում են առողջության վերականգնմանն ու լիարժեք հանգստին՝ հեռու քաղաքային աղմուկից։ Սյունիքի մի շարք բնակավայրեր հարուստ են ռեկրեացիոն ռեսուրսներով, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում առողջարար հանգստի և վերականգնման համար։
Բնության հուշարձաններ
Սյունիքը հարուստ է բնության եզակի հուշարձաններով, որոնք առանձնանում են իրենց ձևավորմամբ, մասշտաբներով և բնական գեղեցկությամբ։
Շաքիի ջրվեժ
Սյունիքի զբոսաշրջային գրավչություններից է Որոտանի կիրճում գտնվող Շաքի գետի 15–17 մ բարձրությամբ լեռնային ջրվեժը։ Շաքիի ջրվեժը Հայաստանի ամենահայտնի ջրվեժներից է և համարվում է «must see» վայրերից մեկը՝ ընդգրկված հիմնական տուրիստական ուղղությունների մեջ։ Գտնվում է Սիսիան քաղաքից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։
Լիճքի ջրվեժներ (կասկադ)
Լիճքի ջրվեժները՝ բազմաստիճան կասկադային համակարգով, Սյունիքի գեղատեսիլ բնական հուշարձաններից են: Դրանք ձևավորում են մի քանի տասնյակ փոքր ջրվեժների շղթա, որոնք ներդաշնակորեն հոսում են լեռնային լանդշաֆտի մեջ՝ ստեղծելով յուրահատուկ տեսարան։ Լիճքի ջրվեժների կասկադը համարվում է տարածաշրջանի ամենատպավորիչ բնական երևույթներից մեկը։
«Սատանի կամուրջ»
Որոտանի կիրճում գտնվող «Սատանի կամուրջը» Հայաստանի ամենատպավորիչ և առանձնահատուկ բնական հուշարձաններից է։ Մոտ 150 մ լայնությամբ և 200 մ երկարությամբ այս բնական քարե կամուրջի տակ հոսում են տաք հանքային աղբյուրներ։ «Կամուրջը» ձևավորվել է տրավերտինային գոյացություններից՝ կիրճի ամենախոր հատվածում (700–800 մ), Տաթև–Հարժիս ճանապարհի մոտ։
Գորիսի «Քարե անտառ»
Գորիսի «Քարե անտառը» եզակի բնական հուշարձան է՝ կազմված անսովոր ժայռային գոյացություններից, որոնք հիշեցնում են քարե աշտարակներ և սյուներ։Այն Սյունիքի «բրենդային» վայրերից է՝ շատ ուժեղ վիզուալ և ամենատպավորիչ բնական լանդշաֆտներից մեկը, որը նաև համարվում է տարածաշրջանի խորհրդանիշ:
Խնձորեսկի քարայրեր
Խնձորեսկի քարայրերը բնական ժայռային գոյացություններ են, որոնք դարեր շարունակ օգտագործվել են որպես բնակելի տարածքներ։ Դրանք ձևավորում են յուրահատուկ քարայրային համալիր, որը ներդաշնակորեն միաձուլվում է շրջակա լեռնային բնությանը և Սյունիքի ամենահետաքրքիր բնական վայրերից է
Ուղտասար
Ուղտասարը բարձրադիր լեռնային բարձրավանդակ է՝ հայտնի իր ալպյան բնապատկերներով և յուրահատուկ քարքարոտ լանդշաֆտով։ Այն առանձնանում է մաքուր օդով, բաց տարածություններով և տպավորիչ լեռնային տեսարաններով։
Աչաղուի ջրվեժ (Կատար լեռ)
Աչաղուի ջրվեժը գտնվում է Կատար լեռան լանջին և համարվում է Սյունիքի բարձրադիր ջրվեժներից մեկը (մոտ 106 մ)։ Այն սեզոնային բնույթ ունի և առանձնանում է իր տպավորիչ անկմամբ ու շրջակա ալպյան բնապատկերներով։
Պատմամշակութային հուշարձաններ
Սյունիքը Հայաստանի ամենատպավորիչ պատմամշակութային տարածաշրջաններից է, որտեղ միջնադարյան ճարտարապետությունը ներդաշնակորեն միաձուլվում է լեռնային խիստ բնության հետ։
Բերդեր և ամրոցներ
Որոտանաբերդ
IV դարի հնագույն բերդերից է, որը մեծ դեր է խաղացել նաև XVIII դարի ազատագրական պայքարում։ ։
Բաղաբերդ
Սյունիքի կարևորագույն ամրոցներից մեկը (Կապանի ամրոց), որը IV դարից մինչև 1170 թ. եղել է ռազմավարական հենակետ, իսկ Սյունիքի թագավորության շրջանում՝ Կապանի միջնաբերդը։
Մեղրու բերդ
X–XI դարերի ամրոց, որը որ կառուցված է՝ հաշվի առնելով հրազենի կիրառումը՝ հայկական ճարտարապետության մեջ հազվադեպ երևույթ։
Հալիձորի բերդ
XVII դարի վանական համալիր, որը XVIII դարում Դավիթ Բեկի կողմից վերածվել է ամրոցի։ Գտնվում է Կապանի մոտ՝ Խուստուփի լանջին։
Եկեղեցիներ, վանական համալիրներ
Տաթևի վանք
Սյունիքի գլխավոր խորհրդանիշը և Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից մեկը (IX–X դդ.)։ Միջնադարյան հոգևոր, կրթական և գիտական կենտրոն։ Գտնվում է Որոտանի կիրճի եզրին՝ ժայռոտ բարձունքի վրա և հասանելի է նաև «ՏաԹևեր» ճոպանուղով:
Տաթևի Մեծ Անապատ
1613 թ. Հիմնված ուշ միջնադարյան վանական համալիր, որը և ծառայել է նաև որպես ապաստարան։
Թանահատի վանք
V–VI դարերի հնագույն վանք:
Սյունի վանք
VI դարի վաղմիջնադարյան եկեղեցի Սիսիանում՝ կառուցված հեթանոսական տաճարի տեղում, կարևոր հոգևոր կենտրոններից։
Վահանավանք
X–XI դարերի վանական համալիր, հիմնադրված իշխան Վահանի կողմից։ Սյունիքի հոգևոր և կրթական կենտրոններից մեկը:
Որոտնավանք
1000 թ. հիմնադրված վանք՝ Որոտանի կիրճի գեղատեսիլ հրվանդանի վրա։ Հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից։
Հարանց անապատ
XVII դարի կրթամշակութային կենտրոն, որը գործել է շուրջ կես դար և կարևոր դեր է ունեցել տարածաշրջանի մշակութային կյանքում։
Բեխի անապատ
X դարի վանական համալիր, վերակառուցված XVII դարում։ Գտնվում է անտառապատ լեռան լանջին։
Մեղրու եկեղեցիներ
Մեղրու XVII դարի եկեղեցիները՝ Սբ. Հովհաննես, Սբ. Աստվածածին և Սբ. Սարգիս, ուշ միջնադարյան ճարտարապետության արժեքավոր նմուշներ են։ Առանձնանում են բազիլիկ և գմբեթավոր կառուցվածքներով, ինչպես նաև պահպանված որմնանկարներով։
Բարձրավանի հուշարձաններ
Բարձրավանի շրջանը մի ամբողջ բացօթյա թանգարան է՝ Բղենո Նորավանք (X–XI դդ.), Սբ. Հռիփսիմե եկեղեցի, XVII–XVIII դարերի քարավանատուն և Քրատակի Սբ. Մինաս եկեղեցի։ Տարածքը գրավիչ է նաև վայրի բնությամբ, անտառներով և ջրվեժներով։
Այլ կոթողներ / Հնագիտական հուշարձաններ
Քարահունջ
Քարահունջը Սյունիքի ամենահին հնագիտական հուշարձաններից է՝ հայտնի որպես մեգալիթիկ աստղադիտարանային համալիր։ Այն կազմված է քարե կանգնած բլոկներից և համարվում է տարածաշրջանի ամենախորհրդավոր հնավայրերից մեկը։
Ուղտասարի ժայռապատկերներ
Ուղտասարի բարձրավանդակում պահպանվել են հնագույն ժայռապատկերներ, որոնք վկայում են տարածաշրջանի վաղ շրջանի մարդու գործունեության մասին։ Դրանք համարվում են Սյունիքի կարևոր հնագիտական հուշարձաններից մեկը։
Հարսնաձորի դիտակետ
Հարսնաձորի դիտակետը մի հին, միջնադարյան դիտանոց է, որը կառուցվել է թշնամու զորքերի առաջխաղացումը վերահսկելու և նրանց հարձակումները ժամանակին կասեցելու նպատակով: Մաս էր կազմում ազդանշանային համակարգի՝ ահազանգերը փոխանցելով մինչև Տաթև, որի զանգի ձայնը լսվում էր 50 կմ շառավղով։
Աղիտուի մահարձան
VII դարի հուշարձան՝ կանգնեցված է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին Մահարձանը գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում:
Մելիք Թանգու կամուրջ
Սյունիքի XIX դարի միաթռիչք կամուրջներից է Որոտանի վրա,,25 մ երկարությամբ, որը կանգուն է առ այսօր: Կառուցվել է 1855 թվականին, Սիսիան գավառի կառավարիչ՝ Մելիք Թանգի 2-րդի կողմից՝ Տաթև տանող ճանապարհը բարեկարգելիս: Գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արևելք, Որոտնաբերդի փլատակների տակ գտնվող կիրճում և մինչ օրս շահագործվում է՝ իրար կապելով Որոտան գետի երկու ափերը:
Թանգարաններ
Կապանի երկրագիտական թանգարանը
Ներկայացված են Սյունիքի բնաշխարհը, հնագիտական գտածոներն ու տեղական պատմությունը։
Արամ Մանուկյանի տուն-թանգարան
Նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի հիշատակին։
Գորիսի երկրագիտական թանգարան
Ներկայացնում է տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և կենցաղը։
Սիսիանի պատմության թանգարան
Այստեղ պահպանվում են հնագիտական նյութեր, ազգագրական իրեր և տեղական պատմության կարևոր վկայություններ:։
ԼՈԳԻՍՏԻԿԱ
Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը պատմականորեն եղել է բարդ։ Լեռնային ռելիեֆը մի կողմից դժվարություններ է ստեղծել արտաքին ներխուժումների համար, սակայն մյուս կողմից սահմանափակել է մարզի կապը երկրի այլ շրջանների հետ։
Խորհրդային տարիներին իրավիճակը որոշակիորեն բարելավվեց՝ հյուսիսը և հարավը միացնող երկաթուղու կառուցմամբ։
Արաքս գետի վրա կառուցված կամուրջների շնորհիվ Սյունիքը ձեռք բերեց տարանցիկ նշանակություն՝ կապելով Իրանը և Պարսից ծոցը Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի հետ։
Անկախությունից հետո մարզի ռազմավարական դերը ավելի է աճել։ Սյունիքով էին անցնում՝
Այս համատեքստում այժմ էլ կարևոր դեր ունի «Կապան–Ծավ–Մեղրի» ավտոմայրուղին (գործարկված 2008 թ.), որը հանդիսանում է այլընտրանքային և տեխնիկապես բարձրակարգ ճանապարհ
Անկախության տարիներին մարզի լոգիստիկան զարգացել է հաշվի առնելով տեղանքի լբարդ, լեռնային բնույթը: Ուղևորա-բեռնափոխադրումները հիմնականում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։
Սյունիքը ունի կարևոր աշխարհաքաղաքական դիրք․ այն հանդիսանում է կապող օղակ Իրանի ( նրա միջոցով՝ Հնդկաստանի) և Եվրոպայի միջև՝ շրջանցելով տարածաշրջանային այլ ուղիները։
Եզրափակիչ
ՀՀ Սյունիքի մարզը Հայաստանի ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող տարածաշրջաններից է՝ իր գեղատեսիլ ու առողջարար բնությամբ, խիտ անտառներով, բարձր լեռներով, եզակի բնական հուշարձաններով, բուժիչ աղբյուրներով, նաև զարգացող տուրիստական ենթակառուցվածքներով: Մարզը Հայաստանի զբոսաշրջային գլխավոր ուղղություններում ներկայացված է տասնյակ կարևոր ու ճանաչված տեսարժան վայրերով։ Ի վերջո, Սյունիքը Հայաստանի խոշորագույն բնապատմական մարզերից է, որտեղ ներդաշնակորեն միահյուսվում են հզոր բնաշխարհը, հարուստ պատմությունը և բազմադարյա մշակույթը։ Սյունիքը մի յուրահատուկ վայր է, որտեղ դարեր շարունակ հատվել են արևելքն ու արևմուտքը, տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ։ Սա մի ուրույն աշխարհ է, փոքրիկ մի երկիր՝ երկրի ներսում, որտեղ միահյուսվում են անզուգական բնաշխարհը, հաղթական պատմությունն ու բազմաշերտ մշակույթը։ Այստեղ յուրաքանչյուր այցելու իր հետ տանում է անմոռանալի տպավորություններ ու նոր բացահայտումներ։ Մինչդեռ Սյունիքի զբոսաշրջային ներուժի լիարժեք բացահայտումն ու զարգացումը դեռևս առջևում է…