ՆԿԱՐԱԳԻՐ

Տվյալներ / Բնություն / Տնտեսություն /Գիտություն/Կրթություն /Մշակույթ / Զբոսաշրջություն Լոգիիստիկա

«Վա՜յերի ձորը»

Վայոց ձորը Հայաստանի ամենաբարձրադիր ու գեղատեսիլ մարզերից է․ լեռների ու անտառապատ լեռնաշղթաների, անդնդախոր կիրճերի ու խորհրդավոր քարանձավների, սրընթաց գետերի ու սառնորակ աղբյուրների հեքիաթային մի աշխարհ։ Այս եզակի բնապատկերը ձևավորվել է Վայքի ու Վարդենիսի լեռնաշղթաների միջև՝ ծալքաբեկորավոր ժայռերով, հրաբխային լեռնազանգվածներով ու խաղաղ գետահովիտներով: Այստեղ լեռները խոսում են, քարանձավները հիշում են հազարամյակներ, գետերը երգում են հեթանոսական երգեր։ Արփայի ավազանում փառահեղ բազմած այս լեռնաշխարհը մի հսկա ձոր է՝ ասես մի մեծ թաս՝ շրջապատված լեռներով ու ջրբաժան լեռնաշղթաներով։ Լեռնաշխարհի սրտում, Լայնանիստ դաշտի վրա հատած կոնի պես խոյանում է Վայոց սարը՝մի հնագույն հանգած հրաբուխ , որ դեռ հիշում է 735-ին իր վերջին ժայթքումը, երբ «լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում» … ու մարդիկ սարսափահար աղաղակում էին․ «Վայ ձոր, վայ ձոր»: Եվ այդպես ծնվեց «Վայոց ձորը» անվանումը:

Աղմկող ու անմահական ջրեր

Վայոց ձորի բոլոր գետերն են աղմկոտ ու արագահոս և մեծ անկումով: Եվ դրանցից շատերը շտապում են Արփա, գետ, որի շունչը ընդգրկում է ողջ մարզը՝ իր զարկերակային, սրընթաց հոսքով: Նա ևս շտապում է …
Փոխելով իր ճամփան դարավոր ու հին,
Հեռավոր տեսիլքովդ արբած,
Խենթաբար ճեղքում է շղթան լեռների
Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան...
…,Սպասիր Սեւան, շունչ քաշիր, Սեւան,
Քո գիրկն է շտապում Արփան:
Արփան հոսում է սահանքներով, իր ճամփին գոյացնելով մեծ ու փոքր ջրվեժներ՝ Հերհերի, Ջերմուկի հրաշքները՝ Ջրահարսի վարսերով ու գեղեցիկ լեգենդներով: Աղբյուրների կարկաչյունն ու ջրվեժների երգը լցնում են ամբողջ շրջակայքը: Գյուղ չկա, որ աղբյուր չունենա: Հարյուրավոր տաք ու սառը հանքային աղբյուրներն աշխարհին պարգևել են Ջերմուկի հրաշագործ, «անմահական» ջուրը՝ ասել է թե՝ անմահացնող:

Վայոց ձորի մարգարիտը

Ահա և նա՝ Վայոց լեռների գեղեցկուհին՝ Ջերմուկը՝ լեռների գրկում փռված լեռնային հեքիաթը, որ տարվա բոլոր եղանակներին է ջերմանում ու ջերմացնում իր սարերի արևով, քանզի նա ինքն է Ջերմը - ջերմուկը՝ այսինքն, հանքային տաք ջուրը: Միջազգային ճանաչում ունեցող առողջարանային այս գողտրիկ քաղաքը ամբողջական հանգստավետ միջավայր է, որի անդորրում միավորվում են առողջարար, բուժիչ ջրերը, պայծառ արևը, լեռնանտառային թարմ ու թավշյա օդը՝ ներծծված հազարավոր ծառերի ու ծաղիկների բույրերով, առվակների քչքչոցով, ջրվեժների շառաչով, թռչունների ծլվլոցով, անտառային ձայներով, ալպյիական դեղաբույսերով, անտառային կածանով ու «գեյզերներով», նաև իր հրաշալի ըմպելասրահով ու առողջարաններով, հանգստի գոտիներով, քաղաքային այգով ու լճակով, ճոպանուղիով, իր «Մարգարիտկա» քարե ծաղկով, և այս ամենը հսկայական մագնիսի պես դեպի իրեն է ձգում մեծ թվով այցելուների՝ աշխարհի տարբեր ծայրերից:

«Արենի» խաղողից «Արենի» գինի

Պարզվում է, Արջերի ու Թռչունների քարանձավները հազարամյակների հիշողություն ունեն, որոնցում գտնվել են բրոնզեդարյա գտածոներ, աշխարհի ամենահին՝ 5000-ամյա կաշվե կոշիկը, գինու կարասներ ու խաղողի մնացորդներ։ Այստեղ էլ ծնվել է գինեգործության ամենահին ցիկլը՝ «Արենի» էնդեմիկ տեսակի խաղողի ու գինու պատմությունը։ Մինչ օրս Արենին մարզի ամենամեծ հարստություններից է՝ պահած հողի ու արևի համը։ Հիրավի, Վայոց ձորը Հայոց գինու ծննդավայրն է։

Հավերժ նոր Նորավանքը

Գնիշիկաձորի շիկակարմիր ժայռերը զինվորների պես շուրջպար են բռնել, իսկ սրածայր քարափները, արևի կիզիչ ճառագայթներով սնված ու կրակի լեզուներ դարձած՝ անխնա այրում են շուրջբոլորը։ Թերևս Մոմիկը կարող էր այդ սահմռկեցնող ժայռերի մեջտեղում կերտել հզոր ու վեհաշուք մի կոթող, որ, ասես, երկնքում ճախրող անհայտ թռչուն լինի՝գուցե մի նոր վանք, մի ողջ համալիր՝ երկնքից կախված, հասնել որին՝ կնշանակի մոտենալ աստծուն։

Պատմական հետքեր

Սմբատաբերդի ամուր պատերը, Գլաձորի արևի ժամացույցը, Սելիմի քարավանատունը, Մետաքսի ճանապարհի հետքերը, պատմական անելանելի իրավիճակները, Օրբելյաններն ու Պռոշյանները և նրանց երբեմնի թշնամիներն ու հենց իրենց շնորհիվ ծնված հայոց հանճարը՝ միաձայն կրկնում են հայտնի հին խոսքը. հիշողությունն է քո երկրի ուժը:

ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհագրական/Պատմական/ Ժողովրդագրական/

Աշխարհագրական դիրք

Վայոց ձորի մարզը տեղակայված է Հայաստանի հարավ-արևելյան բարձրադիր հատվածում, Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանում՝ շրջապատված Վայքի ու Զանգեզուրի լեռնաշղթաներով և Վարդենիսի ու Ղարաբաղի լեռնավահաններով, հիմնականում լեռնային տարածքներում: Լեռնագրական առումով տարածաշրջանը ներառված է հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների միջև՝ 850մ-3520մ բարձրությունների վրա: Հյուսիսից մարզը շրջապատված է Վարդենիսի լեռնաշղթայով: Վայոց ձորի լեռնաշղթաներն արևմուտքից աստիճանաբար ցածրանալով, հասնում են Շարուրի դաշտ: Մարզի հարավ-արևելյան սահմանը Սյունիքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Մարզը բաց է միայն արևմուտքում, որտեղ ունի ելք՝ դեպի Միջարաքսյան միջլեռնային գոգավորություն:

Սահմանակցող տարածքներ․

  • Մարզեր՝ Արարատ, Գեղարքունիք, Սյունիք
  • Միջազգային սահմաններ՝ Ադրբեջան, Նախիջևանի ԻՀ

Պատմական ժառանգություն

  • Մարզի անունը «Վայքի ձոր» տեղանվան գրաբարյան տարբերակն է, որը նշանակում է «Վշտերի ձոր» կամ «Վայերի ձոր»,: «Վայոց» բառը կարող է նաև կապված լինել հին հայկական անձնանունների հետ:
  • Բնակեցվածություն․ - Անհիշելի ժամանակներից Արենի-1 քարանձավից գտնվել է աշխարհի ամենահին կաշվե կոշիկը (մ.թ.ա. 3500 թ.) : Մ.թ.ա.VIII դարում տարածքը եղել է Ուրարտական թագավորության կազմում, ավելի ուշ՝ Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Վայոց ձոր գավառը: Ստ. Օրբելյանը հիշատակել է 94 բնակավայրի անվանում, որոնք եղել են գավառի կազմում: Ներկայիս մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի հենց այդ գավառի հիմնական տարածքը
  • Պատմական բնակավայրեր․ - Վայոց ձորի տարածքում պատմական մայրաքաղաքների ձևավորում չի եղել, ինչպես օրինակ՝ Անի կամ Արմավիր։ Սակայն մարզը հայտնի է իր միջնադարյան վանքերով, ամրոցներով ու տնտեսական-վարպետաց կենտրոններով.
  • Եղեգնաձոր հնագույն բնակավայր – հայտնի մթա 1-ին հազ.-ից,. միջնադարում այն տնտեսական և մշակութային նշանակության տարածք էր Խոտորալեզ անվամբ։
  • Արփայի հովտի հին գյուղեր ու ամրոցներ, գինեգործության հնագույն կենտրոններ – ռազմավարական նշանակություն ունեցող հին բնակավայրեր։

Բնակչություն

  • Մարզի բնակչությունը կազմում են հայերը (մոտ 100%), ազգային փոքրամասնություններ գրեթե չկան, այլ ազգություններից այստեղ ժամանակ առ ժամանակ ապրում են ժամանակավոր բնակությամբ (տուրիզմի, աշխատանքի և այլ պատճառներով):

Խորհրդանիշներ

  • Մարզի զինանշանը ստեղծվել է 1996 թ.-ին
  • Զինանշանի հեղինակ՝ ճարտարապետ Սամվել Աղաջանյան
  • Զինանշանը եզրավորում է շրջանաձև շրջանակը, որի մեջ հայերենով և անգլերենով գրված է «Վայոց Ձոր մարզ» «VAYOTS DZOR REGION»։
  • Զինանշանը ստեղծվել է՝ ընդգծելով Վայոց ձորի բնության և ճարտարապետության առանձնահատկությունները, լեռնային ռելիեֆը և մշակութային ինքնությունը։
  • Կենտրոնական մասում – մարզի պատմաճարտարապետական հայտնի հուշարձան Նորավանքն է՝ լեռնային կառուցվածքում, որը խորհրդանշում է մարզի բարձրավանդակը, լեռնաշղթաները և հովիտները։
  • Վերևի մասում՝ հայոց եռագույնն է ՝ ծիածանակերպ, ձախ կողմում՝ հարթավայր, գետահովիտ
  • Ստորին մասում – խորհրդանշական թիթեռի բացված թևերի տեսքով պատկերված է Գլաձորի համալսարանի կավագույն պատի արևային ժամացույցը:

ԲՆՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորը Հայաստանի ամենալեռնային մարզերից մեկն է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված թասաձև գոգավորություն՝ բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բնորոշ են լանդշաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունը: Իր անվանը համահունչ՝ Վայոց ձորը կարելի է համարել «ձորերի երկիր», որում բարձրաբերձ լեռնաշղթաներն ու լեռնանցքները միջնորդավորվում են սարահարթերով, խոր ձորերով ու կիրճերով, խորհրդավոր քարանձավներով և դրանցով հոսող սառնորակ աղբյուրներով ու արագահոս գետերով, և այս ամենը հատկապես գեղատեսիլ են դարձնում երկրամասի բնապատկերը։

Գոտիներ

Վայոց Ձորի հիմնական բնական լանդլաֆտները կիսաանապատներ և տափաստաններ են։ Մարզում առանձնացվում են 4 հիմնական լանդշաֆտային և կլիմայական գոտիներ:

Լանդշաֆտային գոտիներ

  1. Չոր կիսաանապատային – ▲ 900–1300 մ (Արենի, Եղեգնաձորի հովիտ)
  2. Չոր լեռնատափաստանային – ▲ 1300–2300 մ (Վայք, Ջերմուկի ստորոտներ)
  3. Մերձալպյան և ալպյան – ▲ 2300–3000 մ (Վայքի լեռնաշղթա)
  4. Ձնամերձ (նիվալ) – ▲ 3000 մ-ից բարձր (Վարդենիս լեռան կատարներ)

Կլիմայական գոտիներ

  1. Չոր, խիստ ցամաքային – ▲ 900–1200 մ (Տաք ամառ, ցուրտ ձմեռ)
  2. Չափավոր ցամաքային (չոր շոգ ամառով) – ▲ 1200–1800 մ
  3. Բարեխառն լեռնային – ▲ 1800–2400 մ (Ջերմուկ քաղաքի շրջակայք)
  4. Ցուրտ և խիստ ցուրտ լեռնային – ▲ 2400-3000 մ և բարձր

Հող և բուսականություն

Մարզի լանդշաֆտային բազմազանությունը ձևավորել է չորային, տափաստանային, անտառային, ալպիական և ջրային էկոհամակարգեր՝ հարուստ բուսական տեսակներով։ Վայոց Ձորում աճում է ավելի քան 1650 տեսակի բարձրակարգ բույս՝ կազմելով Հայաստանի ֆլորայի գրեթե կեսը։ Չնայած անտառների ոչ մեծ տարածքին (մոտ 13,700 հա կամ 5.9% մարզի մակերեսի), այստեղ հանդիպում է շուրջ 155 տեսակի ծառ և թուփ, այդ թվում՝ բազմաթիվ էնդեմիկ և հազվագյուտ տեսակներ։ Հատկապես արժեքավոր են Վայքի գիհուտները։Տարածված են շուրջ 960 տեսակ անոթավոր բույսեր, որոնցից ավելի քան 280 տեսակ համարվում են հազվագյուտ կամ էնդեմիկ, իսկ մի մասը՝ ներառված Կարմիր գրքում։ Մարզը հարուստ է նաև դեղաբույսերով և պտղատու ծառատեսակներով՝ ծիրան, խաղող, խնձոր, տանձ, բալ, դեղձ, սալոր, սերկևիլ, ընկույզ, փշատ, ինչպես նաև՝ վայրի հատապտուղներ։Բնակլիմայական և երկրաբանական բարենպաստ պայմանները նպաստում են ինչպես մշակովի, այնպես էլ վայրի բազմազան բույսերի աճին։

Հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)

Վայոց ձորի մարզում ստեղծվել է 4 արգելավայր՝ 315.75 քառ. կմ ընդհանուր մակերեսով: Դրանք են.

  • «Հերհերի նոսր անտառներ» արգելավայր
  • «Եղեգնաձորի» արգելավայր
  • «Ջերմուկի անտառային» արգելավայր
  • «Ջերմուկի ջրաբանական» արգելավայր

Ռելիեֆ

Վայոց ձորի տարածաշրջանը ներառված է հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների աշխարհագրական մարզի մեջ: Մարզի ռելիեֆը ձևավորվում է խորը կիրճերով, բարձր լեռնաշղթաներով և կտրուկ լանջերով, որոնք ստեղծում են հիասքանչ լանդշաֆտներ։ Ռելիեֆի բարձրությունների տատանումները մեծ են. (920մ), իսկ մարզի ամենացածր և ամենաբարձր կետերի միջև տարբերությունը կազմում է 2672 մ: Այստեղ կողք կողքի հանդիպում են բարձրաբերձ լեռներ, լեռնաշղթաներ ու լեռնանցքներ, սարահարթեր, ձորեր, կիրճեր ու գոգավորություններ:

  • Ամենացածր կետ՝ 850 մ (Արենի)
  • Ամենաբարձր կետ՝ 3522 մ (Վարդենիս լեռնագագաթ)

Լեռնագագաթներ (≥ 2500 մ)

  1. Վարդենիս – 3522 մ
  2. Սանդուխտասար – 3454 մ
  3. Սեմասար – 3379 մ
  4. Դարանակ – 3388 մ
  5. Ախտա – 3341 մ
  6. Ճաղատասար – 3334 մ
  7. Սոխասար – 3308 մ
  8. Մուրադսար – 3214 մ
  9. Շեկսար – 3149 մ
  10. Գոգի (Գոգ) – 3120 մ
  11. Լերկասար – 3118 մ
  12. Գաբուռ – 3060 մ
  13. Ամուլսար – 2987 մ
  14. Կորդաբակ – 2977 մ
  15. Կապտասար – 2972 մ
  16. Քարկատար – 2961 մ
  17. Մկնասար – 2947 մ
  18. Անձավասար – 2939 մ
  19. Սահմանաքար – 2916 մ
  20. Թեքսար – 2898 մ
  21. Դիտավանք – 2835 մ
  22. Գնդասար – 2778 մ
  23. Հարսնասար – 2773 մ
  24. Գայլեձոր (Սրկղոնք) – 2762 մ
  25. Անձավասար – 2739 մ
  26. Սևաժայռ – 2727 մ
  27. Գնդեվազ – 2669 մ
  28. Կզավոր – 2641 մ
  29. Կանաչկող – 2593 մ
  30. Վայոցսար – 2588 մ
  31. Աշորա – 2566 մ
  32. Բնուտ – 2532 մ
  33. Ագյորգան – 2528 մ
  34. Գնիշիկ (Կնիշիկ) – 2510 մ

Լեռնաշղթաներ

  • Վարդենիսի լեռնաշղթա (60 կմ), բարձր կետ՝ Վարդենիս լեռ (3522 մ)
  • Վայքի լեռնաշղթա (64 կմ), ամենաբարձր կետը ՝ Գոգի լեռ (3120 մ)
  • Գենուտի լեռներ - ամենաբարձր կետը ՝ Գենուտ լեռ (2066մ)
  • Թեքսարի լեռներ (20կմ), ամենաբարձր կետը ՝ Սեմասար լեռ (3379մ)
  • Քարկատար լեռներ (20կմ), ամենաբարձր կետ ՝ Քարկատար (2966մ)
  • Օրորոցաքարի լեռներ (3.5կմ),բարձր կետ՝ Որորոցաքար ժայռ (2005մ)
  • Ամուլսարի լեռնաշղթա (25կմ), բարձր կետը ՝ (2987մ)
  • Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածը

Լեռնանցքներ

  • Թուխմանուկի լեռնանցք – ▲1795 մ, Արարատի և Վայոց ձորի մարզերի սահմանագլխին։ Կապում է Դահնակի և Ուրծի լեռնաշղթաները:
  • Մարտիրոսի լեռնանցք – ▲1999 մ, Վայքի լեռնաշղթայի կենտրոնական մասում։ Կապում է Արփայի վերին հոսանքի ավազանը Նախիջևանին:
  • Որոտանի լեռնանցք – ▲2344 մ, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Ամուլսար լեռան (~2988 մ) մոտ։ Կապում է Արփա և Որոտան գետերի ավազանները
  • Վարդենյաց լեռնանցք (Սելիմի, Սուլեմայի) – ▲ 2410 մ,Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան մասում։ Կապում է Սևանի ավազանը (Արգիճիի հովիտ) Վայքի հետ։ Այստեղ է գտնվում Օրբելյանների իջևանատունը (XIV դար, Սելիմի քարավանատուն):

Հարթավայրեր և սարահարթեր

Վայոց ձորի մարզը բնութագրվում է լեռնային ռելիեֆով, ուստի լայնածավալ հարթավայրեր չկան։ Մարզում առանձնանում են մի քանի գետահովիտներ ու գոգավոր տարածքներ, որոնք իրենց ռելիեֆային կառուցվածքով մոտ են հարթավայրերին․

  • Արփայի հովիտ – ▲ 1000-1500 մ.: Ձգվում է արևմուտք-արևելք ուղղությամբ մոտ 40 կմ երկարությամբ, Մեղրաձոր գետից մինչև Արենի: Մարզի գլխավոր հովիտը, որտեղ ձևավորվել է Վայոց ձորի ամենախիտ բնակեցված և գյուղատնտեսական տարածքը: ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք Հայաստանի հազարամյա գինեգործության հիմնական հումքի մատակարար են («Արենի» տեսակի էնդեմիկ խաղող):
  • Եղեգիս գետի հովիտ – ▲ 3000 մ., Եղեգիս գետի երկայնքով ձգվող նեղ, կիրճանման գոգավորություն։
  • Հեր-Հեր գետի հովիտ – ▲1430 մետր, հարթավայրային փոքր գոտի՝ գետի հոսանքի շուրջ։

Գետեր

Գետեր՝ 92, ընդհանուր երկարություն՝ ~770 կմ, 14-ը >10 կմ

  • Արփա – Վայոց ձորի գլխավոր գետը, երկարությունը՝ ~128 կմ (ՀՀ-ում՝ 92 կմ): Ակունքը՝Թեքսարի լեռների աղբյուրներից▲ (3200 մ):
  • Եղեգիս – Արփայի աջ վտակը, երկարությունը ~48 կմ։ Ակունքը՝ Վարդենիս լեռան հարավային լանջեր▲ (3040 մ)
  • Հեր-Հեր – Արփայի աջ վտակը, երկարությունը ~28 կմ։ Սկիզբը՝ Թեքսարի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջեր ▲3040 մ):
  • Դարբ – Արփայի ձախ վտակը,երկարությունը՝ 22 կմ:Ակունքը՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային լանջեր (▲2960 մ)։
  • Արտավան – Դարբի ձախ վտակ, երկար,- 19 կմ։ Սկիզբը՝ Զանգեզուրի և Վայքի լեռների հանգուցատեղից (▲ >3000մ):
  • Մանիշկա – Արփայի աջ վտակ, երկարությունը՝ 16 կմ: Ակունքը՝ Թեքսարի լեռների հարավ-արևմտյան լանջերից (▲ >3000մ):

Ջրբաժաններ

  • Զանգեզուրի լեռնաշղթա – բաժանում է Արփա գետի ավազանը Զանգեզուրի գետահովիտներից։
  • Վարդենիսի լեռնաշղթա – Վայոց ձորը բաժանում է Գեղարքունիքի ջրավազանից։
  • Վայքի լեռնաշղթա – սահմանազատում է Արփայի և հարավային գետահովիտների ավազանները։
  • Թեքսարի լեռներ – տեղային ջրբաժան՝ Արփայի և իր վտակների միջև։

Լճեր

Վայոց ձորի տարածքում հաշվվում են 20-30 փոքր բնական լճակներ, որոնցից շատերը բնության հուշարձաններ են՝ իրենց տեղադիրքով և գեղեցկությամբ, որոշներն էլ ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն:

  • Հայելի (Արտավան) լիճ – ▲ 2100 մ. ջրաերկրաբանական բնության հուշարձան, Արտավան գյուղից 2 կմ արևելք:
  • Գոմքի լիճ – ▲ 2250 մ, ◯ 6 հա, Արտավան գյուղից 2,5 կմ արևելք
  • Եղեգնալիճ – ▲ 1458 մ, ◯ 2,12 հա: Ջրերը օգտագործվում են ոռոգման և ձկնորսության համար։ Ռինդ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք:
  • Մայրադուրք լճակ – ▲2130 մ, ◯ 1 հա: Արտավան գյուղից 2,5 կմ արևելք:
  • Մարգալիճ լճակ կամ Չումով լիճ – ▲1996 մ, ◯ 1 հա: Վայքի լեռների հյուսիսային լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արևելք, Հին Մարտիրոս գյուղից 2 կմ -ի վրա:
  • Մարտիրոսի լիճ – ▲2145 մ, Վայքի լեռների հյուսիսային լանջերին, Գարունք լեռան գագաթին, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արևելք:
  • Վարդանես լիճ ––▲ 1748 մ ։ Ելփին գյուղից 3.5-4 կմ հյուսիս-արևելք:

Ջրամբարներ

  • Կեչուտի ջրամբար – ▲ ~1920 մ ◯ ՝ 1, 2 կմ², 22,5 մլն մ³ , օգտակար 3,5 մլն մ³, պատվարի բարձրությունը՝ 50մ: Կառուցվել է 1967թ.Արփա գետի վրա, Ջերմուկի և Կեչուտ գյուղի մոտ: «Արփա-Սևան» ջրատարի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն թունելը (1981 թ):
  • Հերհերի ջրամբար – ▲ ~1430 մ. ◯ - 26 մլն մ³ , Հերհեր գետի վրա, Հերհեր գյուղի ստորոտում
  • Հորսի լիճ ջրամբար – ▲2090 մ , Քարկատարի լեռներում՝ Քարկատարի լեռներով շրջապատված: Ջրամբարի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով: Հարուստ է ձկներով, հարմար է նաև ձկնորսության համար: Ջրամբարը ձմռանը սառչում է: Գտնվում է Հորս գյուղից 2 կմ հրվ-արմ,:
  • ԲԾՄ
  • հայելու մակերես
  • խորությունծավալ
  • ծավալ

Ջրանցքներ

  • Գնդեվազի ջրանցք – կառուցվել է 1098 թ.՝ Գնդեվանքի վանքապատկան հողերը ոռոգելու նպատակով։ Հազվագյուտ միջնադարյան ջրաշինական կառույց է։ 1960 թ․ հիմնարար նորոգումից հետո ոռոգում է Գնդեվազ գյուղի և Ջերմուկի քաղաքամերձ տարածքները։ Սկիզբը՝ Որոտանի ավազանից։ Երկարությունը՝ 15,4 կմ, ջրթողունակությունը՝ 0,7 մ³/վ։
  • Որոտան–Արփա–Սևան համալիր – խոշոր ջրատար համակարգ, որի միջոցով Որոտանի հոսքի մի մասը տեղափոխվում է Արփա և Սևան։ Կառուցվածքը ներառում է ջրամբարներ, թունելներ և ջրանցքներ։
  • Արփա–Սևան թունել – համալիրի հիմնական մասը։ Ներառում է Կեչուտի հանգույցը (Արփայի վրա), Եղեգիսի ջրընդունիչ կառույցները, երկու թունել՝ №1 (18 մ³/վ) և №2 (25 մ³/վ) թողունակությամբ, ինչպես նաև կողմնատար ջրանցք։ Ընդհանուր երկարությունը՝ 48,3 կմ։ Տարեկան միջինում Սևանա լիճ է տեղափոխվում շուրջ 250 մլն մ³ ջուր, ինչը նպաստել է լճի մակարդակի կայունացմանն ու աստիճանական բարձրացմանը։

Ջրվեժներ

  • Ջերմուկի ջրվեժ «Ջրահարսի վարսեր» – Բարձրությունը՝ մոտ 70 մ, Արփա գետի վրա ամենահայտնի զբոսաշրջային ջրվեժն է Ջերմուկ քաղաքում։ Շրջապատված է կանաչ տարածքներով։ Վայոց ձորի գլխավոր տեսարժան վայրերից է։
  • Քարավազի և Հերհերի ջրվեժներ – Հերհեր գետի վրա միմյանց հաջորդող 2 ջրվեժ:
  • Արտավան ջրվեժ – 5–10 մ բարձրությամբ փոքր անկումներ են Արտավան գետի վրա:
  • Գողթանիկի ջրվեժ – ▲ 1850 մ ԲԾՄ։ Ջրվեժի բարձրությունը՝ 12 մ: Հեռավորությունը Եղեգնաձոր քաղաքից 30 կմ է։
  • Մարտիրոսի ջրվեժ – ▲ 2250 մ ԲԾՄ, Նազար լեռան (▲ 2445 մ) ստորոտում։ Հին Մարտիրոս գյուղից հեռավորությունը մոտավոր 4 կմ է։ Մոտակայքում Մարտիրոսաց վանքն է՝ Սբ. Աստվածածին ժայռափոր եկեղեցին։
  • Փոքրիկ ջրվեժներ – Եղեգնաձորում, գյուղերի մոտ, անտառներում:

Հանքային ջրեր և բուժիչ աղբյուրներ

Վայոց ձորի փոքրիկ տարածքում գետնի տակից բխում են 155-ից ավելի հանքային տաք ու սառը աղբյուրներ: Կարելի է ասել՝ չկա մի գյուղ, որ իր աղբյուրը չունենա: Միայն Ջերմուկ քաղաքի տարածքում բխող տաք աղբյուրների թիվը հասնում է 47-ի: Դրանցից շատերի մասին տարածվել են առասպելներ ու լեգենդներ:

  • «Ջերմուկ» բուժիչ հանքային ջուր - Հայսստանի «ջրերի թագուհին»: Աղբյուրից բխող ջրի ջերմաստիճանը +63°C է:
  • Սայաթ-Նովայի հանքային աղբյուրներ – Ջերմուկ քաղաքից 4կմ
  • Հանքային այլ աղբյուրներ – Աղ, Բազմաղբյուր, Լճաղբյուր, Լուսաղբյուր Խազազ, Մոզ, Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտ, Հորբատեղ գյուղի տաք աղբյուրներ և այլն:

Հանքեր և հանքավայրեր

Հանքային ջրերի հարուստ պաշարներից բացի, Վայոց ձորի տարածքում հայտնաբերվել են նաև

  • Բազմաթիվ օգտակար հանածոներ՝ պղինձ, տուֆ, մարմար, կրաքար, ներկեր ու պիգմենտներ, ոսկի, կապար, կավ, ավազ, գրանիտ, բազալտ, ինչպես նաև ապակու հումք հանդիսացող կվարցային ավազ և ֆելզիտ։
  • Մարզին առանձնահատուկ հռչակ է բերել հատկապես Մարտիրոսի ֆելզիտը՝ եզակի քարատեսակ, որի դեղին, կանաչ և կապույտ երանգների վրա արտացոլվում են զարմանահրաշ բնօրինակ պատկերներ։
  • Միաժամանակ, մետաղական հանքերի շահագործումը հաճախ կանգնում է բնապահպանական լուրջ մարտահրավերների առջև։ Այսպիսով, Վայոց ձորի բնությունը միաժամանակ և՛ շռայլորեն բարիքներով պարգևած է, և՛ իր հակասություններով՝ անելանելի իրավիճակների առաջ կանգնեցնող։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի տնտեսությունը բազմաճյուղ է․որում առաջատար տեղը զբաղեցնում է գյուղատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում կապված է գյուղմթերքների վերամշակման հետ։ Տեղական տնտեսության հիմքում գյուղատնտեսությունն է, գինեգործությունը և զբոսաշրջությունը, որոնք ապահովում են մարզի սոցիալ-տնտեսական կայունությունը։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝

Բուսաբուծություն

Բարձրորակ հողերը և բազմազան կլիմայական պայմանները նպաստել են. խաղողագործության, պտղաբուծության, հացաբույսերի մշակությանը։

Այստեղ աճում են խաղողի բազմաթիվ տեսակներ, ծիրան, խնձոր, տանձ, դեղձ, սալոր, սերկևիլ, կեռաս, ընկույզ և այլ պտուղներ ու հատապտուղներ։

Խաղողագործություն

Վայոց ձորը հայտնի է իր խաղողի այգիներով և բարձրորակ գինիներով։ Այգիները գտնվում են ծովի մակարդակից 1233մ բարձրության վրա, ինչի արդյունքում խաղողը ունենում է որակական բարձր ցուցանիշներ:Այստեղ է գտնվում Արենի-1 քարանձավը, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործարանը։ Թռչունների քարանձավի դիմացի ժայռին չմշակված հողակտորի վրա 2005թ-ից հիմնվել է Արենի և Ոսկեհատ բարձրորակ տեսակի խաղողի եդեմական մի այգի: «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը հիմք է հանդիսանում նշանավոր «Արենի» գինու արտադրության համար։

Անասնապահություն

Զարգացած են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, այծաբուծությունը բրդատու ոչխարաբուծությունը, թռչնաբուծությունը ձիաբուծություն մեղվաբուծությունն ու մեղվապահությունը։ Վայոց ձորի լեռնաշխարհը համարվում է մեղվաբուծության լավագույն վայրերից մեկը Հայաստանում։

Արդյունաբերություն

  • Գինեգործություն – Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության այն 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար: Արենիի գինիները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։
  • Հանքային ջրերի արտադրություն - Մարզում առկա ջրերի աղբյուրների (այդ թվում՝ հանքային) առատության շնորհիվ մարզի սննդի արդյունաբերության մեջ մեծ տեսակարար կշիռ ունի շշալցված ջրերի արտադրությունը (Վայք, Ջերմուկ): Հայաստանում ներկայումս բնական աղբյուրի և հանքային ջուր արտադրող խոշորագույն ընկերություն է հանդիսանում «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» -ը: Այստեղ է կատարվում «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումն ու առաքումն աշխարհի տասնյակ երկրներ:
  • Հանքարդյունաբերություն – Մարզում առկա են ոչ մետաղական մի շարք հանքավայրեր։Այդուհանդերձ, Վայոց Ձորը ՀՀ այն եզակի մարզերից է, որտեղ դեռևս չկան շահագործվող մետաղական հանքավայրեր՝ բնապահպանական նկատառումներից ելնելով:

էներգետիկա

  • Հիդրոէներգետիկա – Մարզում գործում են փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք օգտագործում են Արփա, Եղեգիս և Հերհեր գետերի ջրային պաշարները։ Այստեղ գտնվող՝ Կեչուտի ջրամբարից է սկիզբ առնում Սևանա լիճը լցվող Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը:
  • Վայոց ձորում գյուղատնտեսական նշանակության հողերի վրա կառուցվում են նաև արևային էլեկտրակայաններ: Մարզում արդեն կառուցված է 3 արևային էլեկտրակայան, ևս 8-ը կառուցվում են:

Զբոսաշրջություն

Վայոց ձորի սոցիալ- տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ է ստեղծում հենց զբոսաշրջությունը՝ իր տարբեր տեսակներով, որոնցից են.

  • Բուժական տուրիզմ – Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է խաղում հատկապես առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։ Ջերմուկի հանքային ջրերը, որոնք դեռ դարեր առաջ հայտնի են եղել բուժիչ հատկություններով, այստեղ լայնորեն օգտագործվում են առողջարար նպատակներով։
  • Էկոտուրիզմ և արկածային տուրիզմ – Վայոց ձորը հարուստ է բնական և պատմական հրաշալիքներով՝ Նորավանք, Ջերմուկի ջրվեժ և ճոպանուղի, Արփա գետի կիրճ և այլ հաճախ այցելվող վայրեր մեծապես նպաստում են մարզի տնտեսական զարգացմանը:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Էկոտուրիզմ և արկածային տուրիզմ – Վայոց ձորը հարուստ է բնական և պատմական հրաշալիքներով՝ Նորավանք, Ջերմուկի ջրվեժ և ճոպանուղի, Արփա գետի կիրճ և այլ հաճախ այցելվող վայրեր մեծապես նպաստում են մարզի տնտեսական զարգացմանը: Վայոց ձորի մարզում գործում են հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ և մասնագիտական ուսումնական հաստատություններ։ Մարզկենտրոն Եղեգնաձորում գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը, որտեղ մարզի ուսանողները ստանում են բարձրագույն կրթություն։ Բացի այդ, մարզի տարբեր բնակավայրերում գործում են արհեստագործական և տեխնիկական ուսումնական կենտրոններ, որոնք պատրաստում են մասնագետներ տարբեր ոլորտների համար։

Ներկայումս Վայոց ձորի մարզում գործում է մոտ 50 հանրակրթական դպրոց, որոնց թվում են․

  • Աղավնաձորի միջնակարգ դպրոցը՝ Գ. Գրիգորյանի անունը կրող,
  • Չիվա համայնքի միջնակարգ դպրոցը,
  • Մալիշկա գյուղի միջնակարգ դպրոցը,
  • Զառիթափ համայնքի միջնակարգ դպրոցը։

Այս ուսումնական հաստատությունները կարևոր դեր են խաղում մարզի կրթական համակարգում՝ ապահովելով որակյալ կրթություն տեղի աշակերտների համար։

ՄՇԱԿՈՒՅԹ

Վայոց ձորը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ․ այստեղ են գտնվում Նորավանք, Սմբատաբերդ, Գլաձորի համալսարան միջնադարյան նշանավոր կրթական կենտրոնները։

  • Մարզում գործում են թանգարաններ, պատկերասրահներ, մշակույթի տներ և ժողովրդական արվեստի կենտրոններ, որոնք նպաստում են ազգային ավանդույթների պահպանմանը։
  • Ամեն տարի կազմակերպվում են մշակութային և տուրիստական միջոցառումներ, որոնցից ամենահայտնին է «Արենի գինու փառատոնը», որը լայն ճանաչում ունի։

Գրադարաններ

Վայոց ձորի մարզում գործում են ընդհանուր 45 գրադարաններ՝ մարզային կենտրոնական, 4 քաղաքային և 41 գյուղական։ 2013-ից ի վեր հանրային կարգավիճակ ունի նաև Վայքի գրադարանը։

  • Մարզի ամենամեծ գրադարանը՝ Վայոց ձորի մարզային գրադարանը, գտնվում է Եղեգնաձոր քաղաքում։ Հիմնադրվել է 1922 թվականին և ներկայումս տեղակայված է Մոմիկի փողոց 1 հասցեում՝ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի 2-րդ և 3-րդ հարկերում։ Գրադարանը գործում է որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ մատուցելով մշակութային, տեղեկատվական և կրթական ծառայություններ։ Այն ունի շուրջ 65,814 պահպանության միավորից կազմված հավաքածու, որը ներառում է գրքեր, պարբերականներ, տեսալսողական նյութեր և էլեկտրոնային տվյալներ։

Թանգարաններ

Վայոց ձորի կարևորագույն թանգարաններից է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, հիմնադրված 1968 թվականին (Շահումյան փողոց 4 հասցե)։ Թանգարանում ներկայացված են շուրջ 12,000 նմուշներ՝

  • քարե դարին պատկանող օբսիդիանից գործիքներ
  • մ.թ.ա. 3–2-րդ դարերի խեցեգործական իրեր
  • ուրարտական շրջանի բրոնզե գոտիներ
  • 14-րդ դարի ճարտարապետ Մոմիկի խաչքար
  • Վերնաշեն գյուղում գործում է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը, հիմնադրված 1984 թվականին։ Թանգարանը ներկայացնում է միջնադարյան Գլաձորի համալսարանի պատմությունը և դրա նշանակությունը հայկական մշակույթում և կրթության մեջ։
  • Եղեգնաձորում և Ջերմուկում գործում են նաև Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր, որտեղ ցուցադրվում են Մոմիկի, Մարտիրոս Սարյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Անատոլի Պապյանի, Հովհաննես Զարդարյանի, Արա Սարգսյանի, Էդուարդ Իսաբեկյանի և այլ արվեստագետների աշխատանքներ։

Մշակութային նշանակություն

Այս հաստատությունները մեծ դեր են խաղում Վայոց ձորի մշակութային ժառանգության պահպանման և հանրայնացման գործում՝ առաջարկելով կրթական և մշակութային միջոցառումներ թե տեղացիների, թե այցելուների համար։ Թանգարանները և գրադարանները համարվում են մարզի կարևորագույն գիտակրթական և մշակութային օջախներ, որտեղ հավաքագրված են պատմական տարբեր ժամանակաշրջանների եզակի նյութեր և արտեֆակտներ։

ՏՈՒՐԻԶՄ

Վայոց Ձորի մարզը, հիրավի, այնքան զբոսաշրջային է, որ կարելի է վստահ ասել՝ հենց սա է տուրիզմի հայրենիքը Հայաստանում։ Մարզը հարուստ է բնության եզակի տեսարժան վայրերով և պատմա-ճարտարապետական հուշարձաններով: Հնագույն կառույցները, խորհրդավոր վանքերն ու խաչքարերը, միջնադարյան կամուրջներն ու քարավանատները անցյալի շունչը բերում են ներկա՝ դառնալով զբոսաշրջային կանգառներ։ Այստեղ բնությունն ու մշակույթը ներդաշնակորեն լրացնում են միմյանց։

Եվ այդ սիմֆոնիայի մեջ տեղ են գտել․ Արենիի խաղողի վազերն ու համբավավոր գինին, քաղցրահամ մրգերը, բնական հուշարձանները, հին ամրոցներն ու հեռավոր գյուղերը։

Այն ամենը, ինչ տեղացիների համար սովորական է, զբոսաշրջիկի աչքին դառնում է եզակի ու բացառիկ․ սրածայր ժայռեր, ահասարսուռ ձորեր, վարարուն գետեր և անգամ երկինքը այստեղ թվում են բոլորովին այլ: Վայոց ձորը մի վայր է, որտեղ ամեն ինչ միաժամանակ չափազանց հին է և շատ արդիական՝ այնքան «տուրիստական» որ գրեթե ամեն քար ու ծառ շնչում են հյուրընկալությամբ։ Գունեղ բնությունը, պատմական ժառանգությունն ու բազմադարյա ավանդույթները երկրամասը դարձնում են զբոսաշրջային գրավիչ տարածք, որ միաժամանակ և՛ բնության գեղանկարչական սրահ է, և՛ պատմության կենդանի թանգարան;

Բնության հուշարձաններ

  • Կիրճեր - Նորավանքի կիրճը, Արփայի կիրճում Հույսի կամար և Սատանայի աշտարակը, Գնդեվազի սառցե անձավը. Սևաժայռ լեռը, …
  • Քարանձավներ - Մարզում հայտնաբերվել են երեք խոշոր և հնագույն քարանձավներ՝ Մագելի, Մոզրովի և Արջերի. Թռչունների։
  • Ջրվեժներ – Ջերմուկի, Հերհերի և այլ ջրվեժներ
  • Լճեր - Հայելի, Մարտիրոս, Սրբալի, Եղեգնալիճ և այլ լեռնային գողտրիկ լճակներ
  • Հանքային աղբյուրներ -150-ից ավելի սառը և տաք աղբյուրներ և գեյզերներ…

Ֆլորա / Ֆաունա

  • Բուսականություն՝ 1650 բուսատեսակ, որոնցից 1500-ը խոտաբույսեր, գերակշռում են դեղաբույսերը
  • Ծառատեսակներ՝ շուրջ 155, հիմնականում լուսասեր և չորադիմացկուն ծառատեսակներ (հաճարենի, բոխի, թխկի, կաղնու շատ տեսակներ, խնձորենի, լորենի, կեռասենի, դժնիկ, թեղի, հացենի արժեքավոր թփեր և վայրի պտղատուներ), ինչպես նաև հազվագյուտ կամ էնդեմիկ (խնկենի, գիհու «լուսավոր» նոսր անտառներ և այլն):
  • Կենդանիներ՝ Հայաստանի 460 տեսակից 225-ը հանդիպում է Վայոց Ձորի բնաշխարհում (գորշ արջ, բեզոարյան այծ, սպիտակ արագիլ և այլն):
  • ՀՀ հատուկ պահպանվող տարածքներ - Վայոց Ձորում կան բնության 4 առանձնացված տարածքներ:
  • Ջերմուկի անտառային արգելավայր
  • Ջերմուկի ջրաբանական արգելավայր,
  • Եղեգնաձորի արգելավայր
  • Հերհերի նոսրանտառային արգելավայր

Պատմամշակութային հուշարձաններ

Վայոց Ձորը եղել է Հայաստանի հոգևոր-մշակութային կենտրոն։ Մարզի բերդերն ու ամրոցները Վայոց ձորի բուռն ու հերոսական անցյալի վկաներն են: Տարածքով մեկ ցրված են 1000 + պատմա-ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում՝

Բերդեր և ամրոցներ

  • Սմբատաբերդ(V դար)
  • Պռոշաբերդ (XIII դդ.)
  • Էրթրիջի ամրոց(XII-XIV դդ.)

Եկեղեցիներ, վանական համալիրներ

  • Նորավանք (IX-XIV դդ.)
  • Գնդեվանք (X-XIII դդ.)
  • Սպիտակավոր Սբ. Աստվածածին (XIV դար)
  • Գլաձորի համալսարան (XIII-XIV դդ.)
  • Ցաղաց քարի Սբ Աստվածածին վանք (X-XIII դդ.)
  • Թանահատի վանք (VIII - XIII դդ..)

Այլ հուշարձաններ (քարավանատներ, կամուրջներ. ջրաղացներ)

  • Սելիմի քարավանատուն (XIV դար)
  • Ագարակաձորի կամուրջ (XIII դար)
  • Ծատուր կամուրջը Շատին գյուղում (XVII դար)
  • Չիվայի ժայռափոր ջրաղաց (XIII-XIV դդ.)

Խաչքարեր

  • Գնիշիկի, Հերհերի, Նորավանքի, Գոմքի խաչքարերի խմբերը, Գլաձորի, Ցախացքարի խաչքարերն ու մահարձանները:

Տուրիզմի տեսակներ

Վայոց ձորի մարզում զարգացած են զբոսաշրջության գրեթե բոլոր հայտնի տեսակները: Զարգացման մեծ հեռանկարներ ունեն պատմամշակութային, առողջարարական, էկո, ագրո և տուրիզմի այլ ուղղություններ։

  • Մարզում տուրիզմի ամենազանգվածային տեսակը առողջարանային տուրիզմն է, որի առաջատարը Ջերմուկ միջազգային առողջարանն է: Շնորհիվ իր բուժիչ հանքային ջրերի, քաղաքը լայն ճանաչում ուներ դեռևս խորհրդային տարիներն Ջերմուկը եղել է ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների նախընտրած քաղաքներից մեկը, որտեղ ձմռանը մարզվել են լավագույն դահուկորդները։ Ջերմուկը Հայաստանի այցեքարտերից մեկն է և վաղուց բրենդ է դարձել: Ներկայումս Ջերմուկը միջազգային ճանաչում է վայելում նորանոր հյուրանոցների, առողջարանների, իր հիասքանչ ջրվեժի, ճոպանուղու, սահուղիների և ժամանակակից ենթակառուցվածքների շնորհիվ: Ջերմուկը նաև լեգենդների բնակավայր է: Քաղաքի խորհրդանիշներից է շրջապատող բարձր սարերի վրա հպարտ կանգնած եղնիկի արձանը: Ըստ լեգենդի՝ որսորդի նետից վիրավորված եղնիկը հանքային աղբյուրին հասնելով, նետվում է ջուրը և անսպասելորեն այնտեղից դուրս գալիս լիովին ապաքինված: Որսորդը ապշում է ջրի կատարած հրաշքից, ու այդ օրից տարածվում է «Ջերմուկ» ջրի հրաշագործ համբավը:
  • Արենի-1 քարանձավը 6000 տարի առաջ հիմնված, աշխարհի ամենահին գինու գործարանն է: Ուստի, մարզում գինու տուրիզմի զարգացման բոլոր հիմքերն առկա են և տարեցտարի տուրիստների հոսքը ավելացել է գինու արտադրության գործընթացը տեսնելու, գինու տարբեր տեսակներ համտեսելու և գինեգործների հետ շփվելու նպատակով:Այստեղ արդեն ավանդական են դարձել ամենամյա գինու փառատոնները, որի շրջանակում գինու համտես են առաջարկում տեղի հայտնի գինեգործարանները՝ Արենի, , Հին Արենի, Հին Կամուրջ, Զորահ, NOA, Գետնատուն և այլն։ Վայոց ձորում արտադրված գինիները միջազգային գինեգործական մրցույթներում ու ցուցահանդեսներում շահում են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
  • Առողջարանային տուրիզմ – բուժիչ և հանգստի նպատակով
  • Պատմամշակութային տուրիզմ – հուշարձաններ, վանքեր, ամրոցներ
  • Հոգևոր տուրիզմ – եկեղեցիներ, վանքեր, ուխտագնացություններ
  • Էկոտուրիզմ – բնության հրաշալիքներ, անտառներ, լճակներ
  • Որսորդություն և ձկնորսություն - անտառներում և գետերում
  • Ձիավարություն – Վայոց ձորի լեռներում և անտառներում
  • Արկածային տուրիզմ
  • Գինու տուրիզմ – Արենի և այլ գինիների դեկուստացիա
  • Ագրոտուրիզմ – ծանոթություն գյուղական կյանքի հետ
  • Խոհանոցային կամ գաստրոտուրիզմ – ազգային ավանդական ուտեստներ, տեղական կերակուրներ. Գաստրո Բակեր

Զբոսաշրջային ենթակառուցվածքներ

Վայոց Ձորի մարզը առաջարկում է զբոսաշրջային բազմազան և բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ հյուրանոցներ, հանգստյան համալիրներ, հյուրատներ և առողջարաններ:Մարզում գործում են մի քանի տասնայակ հյուրանոցներ, որոնցից թվում՝ 3–5 աստղանի ապահովելով բարձրորակ ծառայություններ: Հյուրանոցների և հանգստյան համալիրների կողքին առկա են տեղական ռեստորաններ, սրճարաններ և տուրիստական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին լիարժեք ծանոթանալ մարզի բնական ու մշակութային հարստություններին:

ԼՈԳԻՍՏԻԿԱ

Վայոց Ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավային հատվածում և հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց: Մարզը զբաղեցնում է Հայաստանի համար առանձնակի կարևորության աշխարհագրական տարածք, որն ունի կենսական նշանակություն՝ որպես երկրի հյուսիսն ու հարավը կապող խաչմերուկ:

Ավտոճանապարհներ

  • Մարզը Հայաստանի այլ շրջանների և հարևան երկրների հետ կապում է Մ-2 միջպետական ճանապարհը, որն ապահովում է կապը Երևան – Սյունիք – Իրան ուղղությամբ և կարևոր է բեռնափոխադրումների ու ուղևորափոխադրումների համար:
  • Տրանսպորտային ծառայություններ – Տեղական և միջմարզային ավտոբուսային գծերը կապում են մարզի բնակավայրերը երկրի այլ հատվածների հետ, գործում են նաւ բեռնափոխադրումներ կատարող ընկերություններ:

Տուրիստական ուղղություններ

  • Խաչիկի ուղղություն - այստեղից բացվում է Հայաստանի լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռը,
  • Եղեգիս-Հերմոն ուղղություն - առանձնանում է պատմական ժառանգությամբ,
  • Գոմք-Մարտիրոս գյուղերի միջև ընկած տարածք- աննկարագրելի բնապատկերներ
  • Հերհերի ուղղություն- հարուստ է բնական հուշարձաններով և գիհու անտառներով,
  • Ջերմուկի ուղղություն - բնական աղբյուրներ. հիասքանչ ձորեր
  • Մոզրովի ուղղություն - Արենի, քարանձավներ …

Լեռնանցքներ

  • Թուխմանուկի լեռնանցք – Լեռնանցքով անցնում է Երևան–Ջերմուկ խճուղին:
  • Մարտիրոսի լեռնանցք – Լեռնանցքով անցնում է Վայք–Նախիջևան խճուղին:
  • Որոտանի լեռնանցք – Լեռնանցքով անցնում է Եղեգնաձոր–Սիսիան ավտոճանապարհը:
  • Վարդենյաց լեռնանցք (Սելիմի, Սուլեմայի) – Լեռնանցքով անցնում է Մարտունի–Եղեգնաձոր ավտոխճուղին:

Եզրափակիչ

Նոր ճանապարհների կառուցումը և առկա ճանապարհների հեևողական վերանորոգումը կարող է նպաստել տնտեսական ակտիվության աճին և տուրիզմի աննախադեպ զարգացմանը՝ Վայոց Ձորի պատմամշակութային մեծ ժառանգությանը համարժեք: Լրացուցիչ վիճակագրական տվյալների համար այցելել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքը: