Ամբերդ ամրոց

  • Նկարագիր
    • Ընդհանուր տեղեկություն
    • Բնություն և կլիմա
    • Ինչպես հասնել
  • Ճարտարապետություն
  • Պատկերագրություն
  • Պատմություն

ՆԿԱՐԱԳԻՐ

Ընդհանուր տեղեկություն

Ամբերդը միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր բերդաքաղաքներից է՝ ամենախոշոր և անառիկ ամրոցներից մեկը։ Այն գտնվում է Արագածոտնի մարզում՝ Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Երևանից՝ շուրջ 50 կմ հեռավորության վրա։ Բերդը տեղակայված է Արագածի հարավային լանջին, եռանկյունաձև հրվանդանի վրա։։

Պատմականորեն Ամբերդը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի կազմի մեջ՝ որպես թագավորության հիմնական ռազմական հենակետ, միաժամանակ ծառայելով նաև որպես ամառանոց և ամառային նստավայր՝ հայոց թագավորների ու իշխանների համար:

Ըստ տարածված տեսակետի, բերդամրոցի անվանումը ծագել է «անբերդ» բառից, որը նշանակել է անառիկ, անմատչելի։ Միևնույն ժամանակ այն մեկնաբանվել է նաև որպես «ամրոց՝ ամպերի մեջ»։ Տարբեր ժամանակներում այն հիշատակվել է նաև «Հանբերդ» և «Համբերդ» անուններով։

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Այն հիմնականում թվագրվում է IX–XIII դարերով։ Սակայն բերդի կառուցումը սկսվել է դեռևս VII դարում՝ վաղ միջնադարում, Կամսարականների կողմից։ X դարում Ամբերդը պատկանել է Պահլավունիներին՝ դառնալով Բագրատունյաց Հայաստանի կարևոր պաշտպանական հենակետերից մեկը։ Հետագայում ամրոցն անցել է Զաքարյան իշխաններին, ապա՝ Վաչուտյաններին, որոնք այն վերածել են վարչական կենտրոնի։

Բազմաթիվ թշնամական հարձակումների հերոսաբար դիմակայած երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես անկում է ապրել Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ XIV դարի վերջում, որից հետո ամայացել և աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը։

Թեպետ Ամբերդը Հայաստանի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից չէ, այն իրավամբ համարվում է երկրի խորհրդանիշներից և Կովկասի միջնադարյան ճարտարապետության բացառիկ գոհարներից մեկը։

Ամբերդ ամրոցը կառուցվել է Արագած լեռան լանջին՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում, ծովի մակարդակից 2300 մետր բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա։

Բերդը կառուցվել է՝ համաձայն վաղմիջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների՝ երեք կողմերից շրջապատելով այն անդնդախոր կիրճերով՝ դրանով իսկ ստեղծելով բնական պաշտպանական հզոր համակարգ: Կառուցվածքի ամրության և գերիշխող դիրքի շնորհիվ Ամբերդը դարեր շարունակ ծառայել է որպես կարևոր պաշտպանական կենտրոն՝ հուսալիորեն վերահսկելով շրջակա տարածքները և ապահովելով նրա անառիկությունն ու ռազմավարական նշանակությունը։

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 541-Ն որոշմամբ ստեղծվել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը, որն ընդգրկվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում։ Արգելոցի տարածքը կազմում է 45,07 հա։ «Ամբերդ պատմական համալիրը» ներառում է VII դարում հիմնադրված ամրոցն ու XI դարի Վահրամաշեն եկեղեցին։ Սակայն այսօր պահպանված և տեսանելի կառույցները հիմնականում վերաբերում են XI–XIII դարերին:

Ամրոցի մուտքն անվճար է, սակայն տեղում էքսկուրսավար կամ ուղեկցորդ պատվիրելու հնարավորություն սովորաբար չի լինում։ Բերդի հարակից տարածքում գործում է փոքր հանգստի գոտի՝ նստարաններով և սեղաններով, որտեղ առաջարկվում են տնական ուտեստներ, թարմ աղցաններ, լավաշով բուտերբրոդներ, ավանդական խմորեղեն, բլիթներ և հայկական գաթա։ Տարածքում կազմակերպվում են նաև ազգային երգի ու պարի փոքրիկ համերգներ, թատերականացված ներկայացումներ, որոնք այցելություններին հաղորդում են հայկական միջնադարին համահունչ և ջերմ մթնոլորտ։

Բնություն և կլիմա

Ամբերդի բնաշխարհի հմայքը սկսվում է դեռ դեպի ամրոց տանող ճանապարհից։ Լեռնային ոլորապտույտ ուղին անցնում է խոր կիրճերի, ժայռոտ լանջերի և խստաշունչ բլուրների միջով՝ աստիճանաբար բացահայտելով բերդի անմատչելի ու հզոր դիրքը։

Ամբերդի շրջակա բնությունն իր ամբողջ գեղեցկությամբ առավել արտահայտիչ է հատկապես ամռանն ու աշնանը։ Կանաչ լեռնալանջերը վերևում միաձուլվում են երկնքի կապույտին, իսկ ներքևում՝ խոր կիրճում, ուր մշտապես լսվում է Ամբերդ գետի կարկաչը, բնության գույները գնալով մգանում են՝ ընդգծելով վայրի խորհրդավորությունը:

Մայիսի վերջին և հունիսին բերդն ու եկեղեցին շրջապատվում են վառ կարմիր կակաչներով, խորդենիներով և բազմերանգ լեռնային ծաղիկներով։ Կարմիր, կապույտ, մանուշակագույն ու դեղին երանգներով ծածկված բնապատկերը տարածքին հաղորդում է գրեթե կախարդական տեսք։

Ամռանը այստեղ հիմնականում տաք է, սակայն եղանակը հաճախ քամոտ է լինում։ Լեռնային զով օդն ու արագ փոփոխվող եղանակը Ամբերդին հաղորդում են յուրահատուկ մթնոլորտ: Մառախլապատ օրերին ամրոցն ու եկեղեցին ասես անհետանում են ամպերի մեջ՝ լիովին արդարացնելով «ամպերի բերդ» բնորոշումը։

Աշնանը Ամբերդի բնաշխարհը ձեռք է բերում հատուկ գունեղություն․ լեռնալանջերը պատվում են ոսկեգույն և կարմրավուն երանգներով, իսկ օդը դառնում է ավելի սառն ու թափանցիկ։

Այս եղանակին տարածքը ավելի հաճախ է պատվում մշուշով ու ցածր ամպերով, ամրոցը լիովին սուզվում է մառախուղի մեջ, և բերդը թվում է խորհրդավոր ու առեղծվածային՝ կարծես կախված լինելով ամպերի և լեռների միջև։

Ամբերդի տարածքում կլիման փոփոխական է և երբեմն խիստ։ Նույնիսկ ապրիլին այստեղ հնարավոր է ձյուն տեղա, իսկ ձմռանը ամրոցը հաճախ դառնում է գրեթե անհասանելի։ Ձյան հաստ շերտը երկար կիլոմետրերով ծածկում է լեռնային տարածքը՝ ստեղծելով հեքիաթային տեսարաններ։ Բարձր լեռնային պայմաններում ձմեռը հաճախ լինում է ցրտաշունչ ու քամոտ, սակայն հենց այդ խստությունն էլ յուրահատուկ հմայք է հաղորդում բերդին։

Սակայն ամենից ուշագրավն այն է, որ լինի ամառ, թե ձմեռ, պարզ եղանակի ժամանակ Ամբերդի բարձրադիր դիրքից հեռվում պարզորոշ երևում է վսեմաշուք Արարատը։

Ինչպես հասնել

Ամբերդ կարելի է հասնել Երևանից՝ շարժվելով Մ-1 մայրուղով դեպի հյուսիս։ Աշտարակ քաղաքն անցնելուց հետո անհրաժեշտ է հետևել Բյուրական տանող ցուցանակներին, ապա շարունակել ճանապարհը դեպի Ամբերդ։

Ճանապարհը լեռնային և որոշ հատվածներում քարքարոտ է, ինչի պատճառով երթևեկությունը կարող է տևել մոտ 1,5–2 ժամ՝ կախված եղանակային պայմաններից։ Հասարակական տրանսպորտ դեպի ամրոց չի գործում, ուստի այցելուները հիմնականում օգտվում են տաքսիից կամ վարձակալած մեքենայից։

«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները վատ եղանակի դեպքում հաճախ փակվում են։ Ձմռանը խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճարտարապետություն

Ամբերդի արտաքին ճարտարապետությունը պարզ է ու խիստ, սակայն միևնույն ժամանակ՝ արտահայտիչ՝ իրեն շրջապատող լեռների պես։ Նրանում վառ արտացոլվել են միջնադարյան հայկական ամրոցաշինության հիմնական սկզբունքները։

X–XIII դարերում Ամբերդ ամրոց-բերդաքաղաքն ընդգրկել է մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ բերդապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասներ, իշխանական եռահարկ դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, փոքրիկ մատուռ, բնակելի շինություններ և եկեղեցի։ Մինչ օրս պահպանվել են դղյակի (X–XIII դդ.), պարիսպների, բաղնիքի (X–XI դդ.) և այլ կառույցների մնացորդները, ինչպես նաև 1026 թ.-ին կառուցված Կաթողիկե (Վահրամաշեն) եկեղեցին։

Ամրոցի հզոր պաշտպանական պատերը կառուցված են բազալտե խոշոր սալերով, իսկ դրանց երկայնքով վեր են խոյանում պաշտպանական աշտարակները՝ կորավուն գմբեթաձև լուծումներով։ Պատերի հաստությունը տեղ-տեղ հասնում է մինչև 4 մետրի։

Բազմաթիվ ստորգետնյա անցումներ ամրոցից իջել են դեպի կիրճ, որոնց մի մասը պահպանվել է մինչ այսօր։ Ամրոցն ունեցել է ջրամատակարարման հզոր և ճարտարագիտական առումով զարգացած համակարգ, որի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածն է միայն ուսումնասիրված, իսկ աղբյուրը դեռևս չի հայտնաբերվել։

Ամրոցի հուշարձանները

Պարիսպ
Հյուսիսային մուտք
Հյուսիս-արևմտյան մուտք
Դղյակի մուտք և դղյակ
Բերդամիջի ջրամբար
Մատուռ
Բաղնիք
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Պատերի և այլ շինությունների մնացորդներ ամրոցի ներսում

Պարիսպ

Ամբերդի անառիկ դիրքն առավել ամրապնդելու նպատակով այն շրջապատվել է հզոր պարիսպներով և բուրգերով։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են՝ տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնելով, իսկ մուտքերի ռազմավարական դիրքավորումը ստեղծել է պաշտպանական հուսալի և անառիկ համակարգ։ XII–XIII դարերում Վաչուտյանները դղյակի հյուսիսային հատվածը լրացուցիչ ամրացրել են կիսաբոլոր բուրգերով հագեցած նոր ու առավել հզոր պարիսպներով, իսկ թշնամու առաջխաղացումը կանխելու նպատակով XIII դարում Արքաշենի դարպասից հյուսիս կառուցել են մի պարիսպ, որը լայնքով հատել է ամբողջ բերդը։

Մուտքեր

Սկզբնական շրջանում ամրոցն ունեցել է միայն մեկ՝ հյուսիսային մուտք։ Սակայն XIII դարի վերջին Վաչուտյանները դղյակի հյուսիս-արևմտյան հատվածում կառուցել են երկրորդ մուտքը, ինչի արդյունքում Ամբերդն արդեն ունեցել է երկու հիմնական մուտք՝ հյուսիսային և հյուսիս-արևմտյան։ Կառույցի հանդիսավոր սանդուղքները տանում են դեպի բարձրադիր հարթակներ, որտեղից բացվում է տպավորիչ համայնապատկեր՝ հեռավոր հորիզոնի մշուշոտ գծով։

Դղյակ

Եռահարկ դղյակը, որն արտաքուստ հիշեցնում է անմատչելի ամրոց, զբաղեցրել է շուրջ 1500 մ² տարածք և տեղակայված է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան՝ միակ մատչելի բարձրադիր հատվածում, որտեղից բացվում են հոյակապ տեսարաններ՝ դեպի Արագածի լանջեր:

Դղյակն ու պարսպի որոշ հատվածներ, ըստ ամենայնի, կառուցվել են դեռ VII դարում՝ Կամսարական իշխանների կողմից, հսկայական բազալտե քարերով։

Այս բազալտաշեն համալիրի ճարտարապետահնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն եղել է եռահարկ, որոշ հատվածներում՝ քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով։

Դղյակը բազմիցս վերակառուցվել և ամրացվել է։ Հարկերը միմյանցից բաժանվել են գերաններին ամրացված տախտակաշարերով, իսկ հարավային ճակատին մինչ օրս պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։

Դղյակը ներառել է հինգ հիմնական սենյակ առաջին երկու հարկերում, ինչպես նաև մի քանի սրահներ վերջնամասում, որոնք ծառայել են ընդունելությունների համար։ Բոլոր հարկերում եղել են սեղանաձև հատակագծով սենյակներ՝ արհեստանոցներով, որտեղ պատրաստվել են հայոց բանակին անհրաժեշտ սպառազինությունն ու հանդերձանքը։

Ստորին հարկը անվտանգության նկատառումներով լուսամուտներ չի ունեցել, այլ միայն փոքր մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակեղեն, դրամներ և այլ հնագիտական արժեքավոր իրեր, որոնք կարևոր նյութ են միջնադարյան Հայաստանի ռազմատնտեսական և մշակութային կյանքի ուսումնասիրության համար։ Հայտնաբերված գորգերի բազմաթիվ հատվածները վկայում են, որ դղյակի պատերը ժամանակին ծածկված են եղել գորգերով։

Բաղնիք

Հայաստանի միջնադարյան կենցաղում կարևոր նշանակություն է ունեցել բաղնիքը։ «Ամբերդ» ամրոցի բաղնիքը X–XI դարերում կառուցված և լավ պահպանված՝ միջնադարյան Հայաստանի կենցաղային շինարարության կարևոր և ուշագրավ հուշարձան է, որն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում։ Այն Պահլավունի իշխանների կառուցած նշանավոր շինություններից է, որը գտնվում է արևելյան պարսպին կից, միջնաբերդից մոտ 70 մետր հեռավորության վրա։

Վաղմիջնադարյան այս կառույցը ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ շինություն է՝ բաղկացած 3 բաժանմունքից. հնոց, լոգարան, հանդերձարան: Կառուցվել է սրբատաշ բազալտե քարով:

Շենքի երկայնական առանցքի երկայնքով հաջորդաբար տեղակայված են եղել փոքր հանդերձարանը, ավելի մեծ լողավազանով լոգարանը և արևմտյան հատվածի կրկնահարկ բաժանմունքներում գտնվող ստորգետնյա ջեռուցման համակարգը, որտեղ տեղակայված է եղել ջրատաքացուցիչ կաթսայատունը։

Բաղնիքի ջեռուցման համար կիրառվել է դեռևս անտիկ շրջանից հայտնի «հիպոկաուստ» (hypocaustum)։համակարգը,, որն առաջացել է Հին Հռոմում և հետագայում լայն տարածում գտել հայկական միջնադարյան ամրոցներում ու մեծահարուստների տներում։Սառը ջուրը կավե խողովակներով բերվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից, իսկ տաք ջուրը երկաթե խողովակներով հասցվել է լողասրահ։

Վառարանի ծուխը, անցնելով հատակի տակով, տաքացրել է լոգարանի պատերն ու հատակը, ապա դուրս եկել պատերի խողովակաշարային ծխնելույզներով՝ միաժամանակ ջեռուցելով ամբողջ սրահը։ Տաք ջուրը լոգարան է հոսել երկաթյա խողովակների միջով, որից մի կտոր մինչ օրս պահպանվել է պատի մեջ: Սենյակներից մեկի պատին պահպանվել են նաև որմնանկարչության հետքեր։

Բաղնիքն ունեցել է նաև ջրամբարներ և այլ օժանդակ հարմարություններ։ Այն կառուցվել է իշխանական դղյակի և Արքաշենի դարպասի հարևանությամբ։ Լավ է պահպանվել նաև դղյակի ջրահեռացման համակարգը։

Բաղնիքն ու նրա շրջակայքը պեղվել է Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ՝ 1936թ.-ին, 1972թ.-ին Յու. Թամանյանի նախագծմամբ սկսվել են բաղնիքի վերականգնման աշխատանքները: Գրեթե ամբողջովին վերականգնվել է 2005թ.:

Ջրամբարներ

Պատմական աղբյուրներում նշվում է, որ Ամբերդի բերդամիջում և դղյակում եղել են ջրի պահեստավորման համակարգեր և ջրամբարներ, որոնք հիմնականում պահպանվել են մինչ այսօր։

Գաղտնուղիներ

Ամբերդի տարածքում մինչ այսօր պահպանվել են նաև ենթադրյալ գաղտնուղիների և ստորգետնյա անցումների հետքեր: Բերդաքաղաքի հարավ-արևմտյան հատվածում հայտնաբերվել են ստորգետնյա սալածածկ գաղտնուղիներ, որոնք պաշարման ժամանակ ծառայել են ջրամբարից ջուր տեղափոխելու նպատակով:

Ժայռերի մեջ նկատվող այդ քարաշեն հատվածները որոշ հետազոտողների կողմից կապվում են հենց ամրոցի գաղտնի անցուղիների համակարգի հետ։

Մատուռ

Մատուռը ներկայումս վերանորոգված, քառանկյուն հատակագծով փոքր շինություն է՝ 5,5 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ։ Շարված է բազալտե սրբատաշ քարերով։ Մուտքը հարավից է, արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ։ Ենթադրվում է, որ կառուցվել է X դարում: Թվագրվում է XII-XIII դարերով: Այս փոքրիկ պաշտամունքային շինությունը գտնվում է ջրամբարի և բաղնիքի միջանկյալ գոտում՝ դղյակի հարավային հատվածում, բաղնիքից մոտ 10 մետր հեռավորության վրա: Հայտնաբերվել է 1936 թ․- ի պեղումների ժամանակ, երբ ի հայտ են եկել մարդկային կմախքի մնացորդներ, որը հիմք է տվել ենթադրելու մատուռի՝ որպես դամբարան ծառայելու մասին:

Խաչքարեր

Ամրոցի շրջակայքում՝ Արագած լեռան լանջերին, պահպանվել են միջնադարյան գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող խաչքարեր։

Կաթողիկե (Վահրամաշեն) եկեղեցի

Վահրամաշենը, որը հայտնի է նաև Սուրբ Աստվածածին անունով, հիմնադրվել է XI դարում՝ որպես Ամբերդ ամրոցի եկեղեցի։ Այս գողտրիկ կաթողիկեն կառուցվել է սպարապետ Վահրամ Պահլավունու հովանավորությամբ և հետագայում նրա պատվին ստացել Վահրամաշեն անվանումը։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզ է դառնում, որ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1026թ.-ին.: Այն գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցի տարածքում՝ տեղակայված բերդաքաղաքի կենտրոնական ցածրադիր հատվածում Արքաշենի պարսպի հարևանությամբ։

Վահրամաշենը դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է։ Նրա հորինվածքը շատ առումներով հիշեցնում է Մարմաշենի վանքը։ Աղոթասրահը ներառում է արևելյան ավագ սեղանը և չորս անկյունային ավանդատները։ Սա հայկական առաջին եկեղեցիներից էր, որի խաչաթևերի անկյուններում կառուցվել էին երկհարկանի ավանդատներ։

Կառույցի արտաքին ճարտարապետությունը պարզ է, զուսպ ու ներդաշնակ։ Արևելյան ճակատին առկա են ուղղաձիգ զույգ խորշեր, մինչդեռ մյուս ճակատները հիմնականում հարթ են։ Հարավային ճակատից բացվում է կամարակապ մուտքը՝ զարդարված սյունափնջերով։ Եկեղեցին ունի մի շարք արձանագրություններ, որոնցից մեկը վերաբերում է կառուցմանը և գտնվում է ներսում՝ հյուսիսային պատին:

Ներքուստ բոլորաձև, արտաքուստ՝ տասներկունիստանի թմբուկը ծածկված է հովհարաձև վեղարով և հենված է ավանդատների անկյուններից բարձրացող կամարների վրա, որոնք զարդարված են զույգ որմնասյուներով։

Հատկապես ուշագրավ է հովանոցաձև վեղարը, որը նմանատիպ ծածկերի առաջին օրինակներից է հայկական ճարտարապետության մեջ։ Տանիքի ծանրությունը թեթևացնելու նպատակով ծածկի լիցքի մեջ տեղադրվել են թրծված կավե կարասներ։

Եկեղեցու պարիսպներից մեկի վրա պահպանվել է VIII–IX դարերով թվագրվող խաչքար։ Խաչի տակ փորագրված է Կյանքի ծառը՝ ութ օղակներով։ Թիվ 8-ը թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական ավանդույթներում ունեցել է խորհրդանշական ու մոգական նշանակություն։

Եկեղեցին գործում է նաև այսօր։

Վիշապաքարեր

Բերդի տարածքում և հարակից բարձրավանդակներում հայտնաբերվել են նաև բազմաթիվ վիշապաքարերի բեկորներ՝ հնագույն քարակոթողներ, որոնք կապված են վիշապների և ջրի պաշտամունքի հետ։ Մասնավորապես, Տիրինկատար լեռան շրջակայքում հայտնաբերված հնագույն մշակված քարերի և վիշապաքարերի հետքերը վկայում են, որ այս լեռնային տարածքները բնակեցված են եղել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանից և կապված են եղել ջրի, բնության և պաշտամունքային ավանդույթների հետ։ Ամբերդի և Արագածի բարձրավանդակային գոտիներում հանդիպող նման վիշապաքարերը մատնանշում են, որ այս լեռնաշխարհը մշակութային և պաշտամունքային տարածք էր դեռ հազարավոր տարիներ առաջ։ Ամենայն հավանականությամբ, Ամբերդի շրջակայքը վաղնջական ժամանակներից նշանակալի բնակավայր էր, որը կարևոր նշանակություն է ունեցել հնագույն Հայաստանում:

Ամբերդ ամրոցի դիրքը և բնական պաշտպանությունը

Ամբերդ ամրոցը կառուցվել է ռազմավարական բացառիկ դիրքում՝ Արագած լեռան հարավային լանջերին, բարձրադիր ժայռոտ հրվանդանի վրա։ Ամրոցը երեք կողմերից շրջապատված է խոր կիրճերով և գետերով, որոնք բնական պաշտպանական գոտի էին ստեղծում՝ զգալիորեն դժվարացնելով թշնամու մոտեցումը։

Դիրքի ընտրությունը պատահական չէր․ միջնադարյան Հայաստանի ճարտարապետներն ու իշխանները մեծ ուշադրություն էին դարձնում բնական անառիկությանը։ Ամբերդի դեպքում լեռնային ռելիեֆը վերածվել է ամրոցի պաշտպանական համակարգի կարևոր մասի։ Բարձրությունից վերահսկվում էին շրջակա ճանապարհներն ու Արարատյան դաշտ տանող ուղղությունները։

Ամրոցի դիրքը նաև տպավորիչ տեսարանային նշանակություն ունի։ Բերդաքաղաքը կարծես բարձրանում է հենց ժայռերից՝ միաձուլվելով Արագածի խստաշունչ լեռնաշխարհին։ Այս ներդաշնակությունն է, որ Ամբերդը դարձնում է ոչ միայն ռազմական կառույց, այլև հայկական միջնադարյան ճարտարապետության և բնության միասնության լավագույն օրինակներից մեկը։

Վահրամաշենի տեղադիրքի նշանակությունն ու ներդաշնակությունը

Վահրամաշեն եկեղեցին տեղադրված է բարձրադիր ժայռոտ հրվանդանի վրա՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման հարևանությամբ:Եկեղեցին կառուցվել է ոչ միայն պաշտպանական և հոգևոր նպատակներով, այլև բացառիկ զգացողությամբ ընտրված բնական միջավայրում, որտեղից բացվում է լայնարձակ տեսարան՝ դեպի Արագածի լանջերն ու շրջակա կիրճերը։

Տեղանքի ընտրությունը պատահական չէր․ հայտնի է, որ միջնադարի հայ ճարտարապետները հաճախ են փորձել եկեղեցիները միաձուլել բնությանը՝ ստեղծելով բնական ու հոգևոր միջավայրի ամբողջականություն։

Վահրամաշենի դեպքում հատկապես տպավորիչ է, թե ինչպես է մուգ քարից կառուցված վանքը ձուլվում լեռնային ռելիեֆին՝ դառնալով բնապատկերի մաս։

Բարձրադիր դիրքը նաև խորհրդանշական է․ եկեղեցին կարծես իշխում է ողջ տարածքի վրա՝ միաժամանակ ընդգծելով և՛ հավատքի ուժը, և՛ Ամբերդի պաշտպանական նշանակությունը։

Վահրամաշեն եկեղեցու տեղադրությունը ընտրված է բացառիկ ճաշակով․ այն ներդաշնակորեն միաձուլվում է Ամբերդի լեռնային բնաշխարհին՝ ժայռերի, կիրճերի և Արագածի ալպիական համայնապատկերի հետ ստեղծելով միջնադարյան Հայաստանի ամենատպավորիչ ու ազդեցիկ ճարտարապետական տեսարաններից մեկը։

Դղյակի, եկեղեցու և բնության ներդաշնակումը

Ամբերդ համալիրի ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկը դղյակի, եկեղեցու և բնության բացառիկ ներդաշնակությունն է։ Համալիրը կառուցված է այնպես, որ թվում է՝ այն ոչ թե պարզապես տեղադրված է լեռնային միջավայրում, այլ դարձել է նույն լեռնաշխարհի բնական շարունակությունը՝ էլ ավելի ընդգծելով լանդշաֆտի գեղեցկությունը:

Դղյակը բարձրանում է բերդաքաղաքի ամենաուշագրավ ու տեսանելի հատվածում՝ ժայռոտ բարձրադիր հրվանդանի վրա, որտեղից բացվում են լայն համայնապատկերներ դեպի Արագածի լանջերն ու շրջակա խոր ձորերը։ Թվում է, թե ամրոցի համար հատուկ ընտրվել է հենց այն կետը, որտեղ լեռնային բնությունը առավել վեհ, հզոր և անառիկ տեսք ունի։

Վահրամաշեն եկեղեցին, իր հերթին, համալիրին հաղորդում է հոգևոր և ճարտարապետական հավասարակշռություն։ Դղյակի ռազմական խստությունն ու եկեղեցու ներդաշնակ ձևերը միասին ստեղծում են միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ և հիշվող պատկեր։

Առանձնահատուկ է նաև դղյակի և Վահրամաշենի փոխադարձ դիրքը։ Երկու կառույցներն էլ տեղադրված են այնպես, որ ոչ միայն լրացնում են միմյանց ճարտարապետական առումով, այլև միասին ձևավորում են մեկ ամբողջական տեսարան՝ միաձուլվելով լեռների, կիրճերի և ժայռոտ բնապատկերի հետ։ Այդ պատճառով Ամբերդը հաճախ ընկալվում է ոչ միայն որպես պատմական հուշարձան, այլ նաև որպես հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ և ներդաշնակ տեսարաններից մեկը։

Պատմություն

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Բայց ակնհայտ է, որ նրա տեղում դեռ վաղնջական ժամանակներից ամրոց է եղել: Ուշագրավ է, որ բերդի տարածքում՝ XII դարով թվագրված շերտում, հնագետները հայտնաբերել են լավաշ հացի կտորներ՝ գերազանց վիճակում, որը կարելի էր անգամ ջրում թրջել և ստանալ հաց, քանզի այն փաստացի պահպանել էր իր նախնական հատկությունները: Պատահական չէ, որ այս տարածքում գտնվել են կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Հայտնի է Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին, գագաթից մոտ 12 կմ հեռավորության վրա գտնվող «Վիշապների հովիտը»: Վիշապաքարեր են գտնվել նաև Տիրինկատար լեռան (2858 մ․) վրա:

Հնարավոր է, որ դեռ Բրոնզի դարում, օգտվելով տեղանքի բնական անառիկությունից, այստեղ ձևավորվել է վաղ բերդաքաղաքային բնակավայր, որը հետագայում վերածվել է ուրարտական ամրոցի: Որոշ գիտնականներ ամրոցը վերագրում են կիկլոպյան ժամանակաշրջանին, այլոք՝ ուրարատական կամ վաղմիջնադարյան: Պատմահնագիտական հետազոտությունների և պեղումների հիման վրա Ամբերդը թվագրվել է X-XIII դարերով:

Որպես բերդամրոց, այն հայտնի է եղել հատկապես հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծննդից հետո, երբ բերդը կառուցվել, իսկ հետագա XI-XIII դարերում ավելի է ընդարձակվել և պարբերաբար վերանորոգվել:

Ըստ ամենայնի, ամրոցի շինարարությունը սկսվել է դեռևս VII դարում՝ Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից: Կամսարական իշխանները կառուցել են դղյակը և պարսպի որոշ հատվածներ:

Պատմականորեն Ամբերդը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի կազմի մեջ, որը կոչվել է նաև Ոտն Արագածո։ Այստեղ էին գտնվում Հայաստանի հնագույն մայրաքաղաքներ Արմավիրն ու Վաղարշապատը:

Միջին դարերում Արագածոտնի հյուսիսային մասը կոչվել է Ամբերդ գավառ՝ հենց ամրոցի անունով, ինչը վկայում է Ամբերդի ռազմաքաղաքական կարևոր դերի և նշանակության մասին միջնադարյան Հայաստանում։ Իր բարձրադիր և անառիկ դիրքի շնորհիվ այն դարձել էր միջնադարյան Հայաստանի առանցքային ամրոցներից մեկը և տարածաշրջանում գլխավոր պաշտպանական հենակետերից մեկը:

VIII դարում Ամբերդ ամրոցն անցել է Բագրատունիներին՝ հետագայում դառնալով Բագրատունյաց Հայաստանի կարևոր ռազմական հենակետերից մեկը։ IX դարում Բագրատունիները եկան իշխանության, և 885 թ.-ին Աշոտ Ա Բագրատունին պաշտոնապես հռչակվեց հայոց թագավոր։

Բագրատունիների օրոք վերականգնվեց հայկական պետականությունը, և Հայաստանը վերածվեց հզոր և ընդարձակ թագավորության, որի տարածքը X դարում հասավ շուրջ 250 հազ. քառ.կմ-ի։ Զարգացան քաղաքները, առևտուրը, ճարտարապետությունն ու եկեղեցաշինությունը՝ Հայաստանը կրկին դարձնելով տարածաշրջանի ազդեցիկ քրիստոնեական պետություններից մեկը։

Բագրատունիների օրոք Ամբերդ ամրոցը զգալիորեն ամրապնդվեց և հարստացավ նոր պաշտպանական կառույցներով։ Այն խորհրդանշում էր միջնադարյան Հայաստանի պետական ուժն ու ճարտարապետական զարգացումը։ Իր բնական տեղադիրքով և պաշտպանական համակարգով ամրոցը վայելում էր անառիկ բերդի համբավ՝ հանդիսանալով Բագրատունիների թագավորության կարևոր ռազմա-պաշտպանական հենակետերից մեկը։

Իր անառիկ դիրքի շնորհիվ Ամբերդը վերահսկում էր Արագածոտնի լեռնային անցուղիները, որոնք կապում էին կենտրոնական Հայաստանը Արարատյան դաշտից դեպի հյուսիս և Շիրակ տանող գլխավոր ճանապարհներին՝ դառնալով ռազմավարական առանցքային կետ:

Ամբերդը ոչ միայն պաշտպանում էր Արագածոտնի և Շիրակի ուղղությունները, այլև իրականացնում էր վարչատնտեսական մի շարք գործառույթներ, կատարելով և որոշակի մշակութային կենտրոնի դեր: Միջնադարում ռազմական կարևոր հենակետ հանդիասացող այս բերդը երկար ժամանակ ծառայել է նաև որպես հրաշալի ամառանոց ու ամառային նստավայր՝ հայոց թագավորների ու իշխանների համար:

Բագրատունիների ժամանակաշրջանում, հատկապես այն բանից հետո, երբ Անին 961 թվականին դարձավ մայրաքաղաք, Ամբերդ ամրոցի ռազմավարական նշանակությունն առավել մեծացավ։ Գագիկ Ա-ի գահակալության տարիներին (989–1020 թթ.) Բագրատունյաց թագավորությունը թևակոխեց իր հզորության ու բարգավաճման բարձրագույն շրջափուլը։ Նա ստեղծել էր շուրջ 100 հազարանոց բանակ և կազմակերպել արքունի մշտական զորք։ Գագիկ Ա-ի շրջահայաց քաղաքականության շնորհիվ թագավորությունը երկար ժամանակ վայելում էր խաղաղություն, որը պահպանվեց ընդհուպ մինչև նրա մահը։ Ստեղծվել էին երկրի տնտեսական և մշակութային վերելքի նյութական նախադրյալներ, և լայն թափով շարունակվում էր քաղաքամայր Անիի կառուցապատումը։ Անիի արագ ընդարձակման և բնակչության աճի պայմաններում անհրաժեշտ էր ամրացնել մայրաքաղաք տանող կարևոր ճանապարհներն ու պաշտպանական գոտիները։ Սակայն որքան ծաղկում ու բարգավաճում էր Հայաստանը, այնքան ավելի էր գրգռվում հարևան ցեղերի ախորժակը։ Ուստի Գագիկ Ա-ն հետևողականորեն ուժեղացնում էր երկրի ռազմական հզորությունն ու սահմանային պաշտպանությունը։ Այդ համակարգում կարևոր դեր ուներ նաև Ամբերդ ամրոցը, որը վերահսկում էր Արագածոտնի լեռնային անցումները և արևմտյան ուղղություններից դեպի Անի տանող ռազմավարական ուղիները։ Ամբերդն այսուհետ հանդիսանում էր ոչ միայն հզոր բերդ, այլև մայրաքաղաքի պաշտպանական շղթայի կարևոր օղակ։

Գագիկ Ա-ի օրոք Ամբերդը ներկայանում էր որպես արքունապատկան կալվածք, որը թագաժառանգության իրավունքով ստանում է Հովհաննես-Սմբատ թագավորը։ Իր գահակալության հաջորդ տարում նա Ամբերդը տնօրինման է հանձնում նորանշանակ սպարապետ Վահրամ Պահլավունուն, որը Պահլավունիների հնամենի իշխանական տոհմից էր։ Այդպիսով, X դարում Բագրատունիները ամրոցն ու նրա շրջակա տարածքները հանձնում են հայոց զորքերի սպարապետներ Պահլավունիներին՝ դարձնելով այն նրանց նախարարական տան կարևորագույն կալվածք

X–XI դարերում Ամբերդը Պահլավունիների իշխանական կենտրոններից մեկն էր: Այս շրջանում բերդը զգալիորեն ամրացվել է․կառուցվել և վերակառուցվել են քարե հաստ պարիսպներ, իսկ Արքաշեն ձորի եզրերին ստեղծվել են լրացուցիչ պաշտպանական կառույցներ ու ամրություններ: Արքաշենի ձորի բնական անառիկ ռելիեֆը համալրվելով պաշտպանական կառույցներով՝ ամբողջ համալիրը վերածվում էր բացառիկ անառիկ ամրոցի:

Այդպիսով,Պահլավունիների օրոք ամրոցը ոչ միայն պահպանել, այլև առավել ամրապնդել է իր ռազմավարական նշանակությունը։ Ավելին՝ XI դարից սկսած Ամբերդը եղել է եպիսկոպոսական աթոռ՝ միջնադարյան հոգևոր-եկեղեցական նշանակալի կենտրոն:

Պետական ծառայության դիմաց Բագրատունի թագավորներից Շիրակում և Արագածոտնում տիրույթներ է ստացել հայ ռազմական և պետական գործիչ, զորավար, անթիպատ պատրիկ, Իշխանաց իշխան (982-1021), Հայոց սպարապետ (1021-1045) Վահրամ Պահլավունին: Վերջինիս անձնական ջանքերով կարճ ժամանակ անց՝ 1026 թվականին այստեղ կառուցվել է Սբ.Աստվածածին եկեղեցին, որը հետագայում իր պատվին կոչել են Վահրամաշեն: Շուտով Ամբերդի եկեղեցին դառնում է Բյուրականի թեմի իրավահաջորդը՝ որպես առաջնորդանիստ:

X-XIV դարերում Ամբերդի համալիրը ներառել է պարսպապատեր, դարպասներ, դղյակ-միջնաբերդ, գաղտնուղիներ, բաղնիք, ջրամբարներ, մատուռ, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցին և բնակելի շինություններ:

X դարում բերդը գտնվում էր Բագրատունիների վերահսկողության տակ և հանդիսանում էր թագավորության կարևոր ռազմական հենակետերից մեկը:

Սակայն 1045 թվականին, Անիի դարպասները դավաճանաբար բացվելուց հետո բյուզանդական զորքերը առանց դիմադրության ներխուժում են քաղաք և պատմական հայրենիքում հայոց պետականությունը կործանվում է: Անիի Բագրատունյաց թագավորության անկումից 2 տարի անց՝ 1047 թվականին, չնայած բերդի ամուր պաշտպանությանը, բյուզանդական զորքերին հաջողվում է գրավել նաև Ամբերդը:

Դրանից երեք տասնամյակ անց Բագրատունյաց Հայաստանի մասնատման ընթացքում թուլացած հայկական ռազմական ուժերը բավարար չեղան կանգնեցնելու նաև սելջուկ-թուրքական հորդաների ներխուժումը հայկական և բյուզանդական սահմանամերձ երկրամասեր: Դա սելջուկ-թուրքերի առաջին մեծ արշավանքն էր դեպի հայկական լեռնաշխարհ: 1070 թ.-ին սելջուկներին հաջողվում է գրավել հայկական գյուղաքաղաք Մանազկերտը: Իսկ 1071 թ.-ի օգոստոսի 26 -ին Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով 1045 թվականին Բագրատունյաց Հայաստանը կործանած Բյուզանդիան 26 տարի անց, մեկ ճակատամարտում կորցրեց կայսրության զգալի տարածքներ՝ ստիպված լինելով սելջուկ - թուրքերին զիջել գրեթե ամբողջ հայկական լեռնաշխարհն ու Փոքր Ասիա թերակղզու մեծ մասը:

Մանազկերտում դրվեց Հայկական լեռնաշխարհում բյուզանդական գերիշխանության վերջակետն ու Անատոլիայի թուրքացման սկզբնակետը: XI դարի 70- ական թվականներից ամրոցին տիրեցին սելջուկ–թուրքերը՝ վերածելով այն զորակայանի:

XII դարում խաչակրաց արշավանքների, ապա նաև Վրացական թագավորության և Բյուզանդական կայսրության շարունակական հարվածների պատճառով սուլթանությունը սկսում է թուլանալ: Եվ 1196 թվականին հայ-վրացական միացյալ զորքերին՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, հաջողվում է ազատագրել գրեթե ամբողջ Հայաստանը և ջախջախելով Գանձակի ամիրայության զինյալ ուժերը, սելջուկներից ետ գրավել նաև Ամբերդը:

Այնուհետ Ամիրսպասալար (գլխավոր հրամանատար) Զաքարե Զաքարյանը բերդը հանձնել է իր զորավար Վաչե Վաչուտյանին՝ որպես սեփականություն, ով և այն դարձրել է իր իշխանանիստը:

Զաքարյանների օրոք երկրում տիրել է խաղաղություն, որին հաջորդել է բարգավաճման շրջան, երբ ամենուր կառուցում ու վերակառուցում էին վանքեր, եկեղեցիներ ու դղյակներ: Ամբերդի բերդապարիսպներն ամրացվել են, վերակառուցվել է ամրոցն՝ ինքը: 1205/1206 - 1236 թթ-ին Վաչե Ա իշխանաց-իշխանը վերականգնված Ամբերդ բերդաքաղաքը դարձրել է իշխանատիրույթի մայրաքաղաք։

Սելջուկներից Ամբերդի ազատագրման կապակցությամբ Զաքարյանները կանգնեցրել են նաև մի խաչքար՝ամրոցում թողնելով արաբերեն արձանագրություն։

Այնուհետև Վաչուտյանն ու իր կին Մամախաթունը, ի նպաստ բերդի մոտակայքում տեղակայված Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհաննավանքի, մեծ գործունեություն են ծավալել: Վաչուտյանների շրջանում ամրոցը ընդարձակվել է նոր պարիսպով և դարձել ռազմական ու վարչական կենտրոն: Բարգավաճման խաղաղ շրջանը տևել է մինչև 1236 թվականը, երբ բերդը հարձակման է ենթարկվել մոնղոլների կողմից, որոնք գրավել ու ավերել են այն:

Հետագայում Ամբերդը կարգի է բերվել ու վերակառուցվել միայն XIII դարի վերջին՝ Վաչուտյան իշխանների ազնվական ընտանիքի կողմից, որոնք դեռ 1215 թվականից տիրել են նրան:

Դրանից հետո, ուղիղ մեկ դար անց՝ XIV դարի դարի վերջում Լենկթեմուրի զորքերը մի քանի անգամ ներխուժեցին Հայաստան: Ավերվեցին բազմաթիվ քաղաքներ և գյուղեր, բնակչության մի մասը կոտորվեց կամ գերեվարվեց, մեծապես տուժեց տնտեսական ու մշակութային կյանքը։ Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր քաղաքական ծանր վիճակում՝ բաժանված տարբեր իշխանությունների և օտար տիրապետությունների միջև, ինչն ավելի հեշտացրեց Լենկթեմուրի արշավանքները։ Թամերլանի ներխուժման հետևանքով Ամբերդ ամրոցն այրվեց:

Երբեմնի հզոր բերդը մոնղոլների արշավանքից հետո վերջնականապես կործանվեց, որից հետո այդպես էլ չվերականգնվեց՝ մնալով լքված մինչև XX դար՝ 1936 թվականի պեղումները: Հարուրավոր տարիներ ռազմական կարևորագույն հենակետի դեր խաղալուց հետո, ի վերջո, վայրենի ու բարբարոս թշնամական ցեղերին հաջողվեց կործանել այս հզոր բերդաքաղաքը: Այն վերջնականապես ավերվում է, որից հետո աստիճանաբար կորցնում է իր ռազմավարական նշանակությունը՝ մնալով լոկ որպես պատմաճարտարապետական հուշարձան ու հնավայր:

Ամեհի դարերի փորձություններ անցած հայոց աշխարհի այս ամրակուռ պատվարը, որ «ամպերի մեջ սավառնելով» հսկել ու պաշտպանել է երկիր հայրենին ու պատվով կրել հայկական դրոշը, բազմիցս ետ մղելով բազում թշնամյաց, և բազում հաղթանակներ տանելով, քանիցս պարտվել է նաև նենգության զոհ դառնալով:

Դարեր շարունակ Ամբերդը եղել է հայոց պետականության, իշխանական ուժի, նաև ռազմական ճարտարապետության խորհրդանիշներից մեկը՝ պահպանելով իր վեհ տեսքը Արագածի լանջին մինչև այսօր:

Այժմ էլ լեգենդար բերդը հպարտ կանգնած է, թեև ավերակների մեջ՝ հիշեցնելով իր այցելուներին երբեմնի փառապանծ ժամանակների մասին, իսկ այսօր՝ որպես հայկական մշակութային ժառանգության քարեղեն, շքեղ մի անձնագիր:

Ամրոցի պեղումները և վերականգնողական աշխատանքները

Ամբերդ ամրոցի տարածքում առաջին պեղումներն իրականացվել են 1936 թ.-ին՝ ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի և Լենինգրադի պետական Էրմիտաժի միացյալ ուժերով, ականավոր արևելագետ, հնագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գլխավորությամբ:

1963-1972 թվականներին դրանք շարունակել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտը՝ Տոկարսկու և Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումներով հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, ապակեղեն, խեցեղեն, ոսկե և պղնձե դրամներ, արծաթե զարդեր, մոմակալներ և այլ իրեր:

1949-1972 թվականներին ճարտարապետներ Ղաֆադարյանի, Միրիջանյանի, Հարությունյանի, Ժամհարյանի և Քյուրքչյանի կողմից կատարած չափագրումների հիման վրա ճարտարապետ Յու.Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով ամրակայվել և նորոգվել են Վահրամաշեն եկեղեցին, ամրոցի բաղնիքը, և չնայած դրան, այսօր էլ հուշարձաններ կան, որոնք գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցողներ, ինչպիսիք են՝ դղյակն ու միջնաբերդը: Վերջին անգամ վերականգնման աշխատանքներ են իրականացվել 2005-2007 թթ: Ներկայումս ամրոցի ուսումնասիրման ու ամրակայման աշխատանքները շարունակվում են: