Էթնոտուրիզմը զբոսաշրջության այն ուղղությունն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել ժողովրդի ինքնատիպ մշակույթը, ավանդույթներն ու կենցաղը՝ տեղական համայնքների հետ անմիջական շփման միջոցով։ Այն ներառում է ազգային խոհանոցը, ժողովրդական արհեստները, տոնակատարությունները, երաժշտությունն ու առօրյա կյանքը՝ ներկայացնելով ոչ թե որպես ցուցադրություն, այլ որպես կենդանի մշակութային փորձառություն։ Էթնոտուրիզմը նպաստում է մշակութային ժառանգության պահպանմանը և համայնքների կայուն զարգացմանը՝ միաժամանակ հարստացնելով այցելուի ընկալումն ու ճանաչողությունը։
Արագածոտնի մարզում Էթնոտուրիզմը ակտիվորեն ներկայացված է, որի հետագա զարգացման համար այստեղ առկա են բոլոր նախադրյալները: Մարզի հայ բնակչության նախնիների մեծ մասը այստեղ են վերաբնակվել դեռևս 18-րդ դարում, Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից:
Բնականաբար, նրանք իրենց հետ բերել են տարածաշրջանի բազմաթիվ ավանդույթներ, որոնք մինչ օրս պահպանվել են ու փոխանցվում են սերնդեսերունդ:
Հայկական լեռնաշխարհի բարդ ռելիեֆի և բնակլիմայական միջավայրին հարմարվելու արդյունքում էլ ձևավորել է հայերի միջին և միջինից ցածր հասակը, լայն թիկունքն ու բազուկների ամուր մկանները: Անգամ խեթական արծվաքիթը թթվածնի սակավության հետևանք է:
Հայ էթնոսի ձևավորման վրա ներգործել են նաև հայերի հազարամյա պատմությունն ու անցած ուղին, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կրոնական հավատալիքներն ու ազգային արժեքները: Բոլոր ազգերն ունեն իրենց էթնիկ ինքնության խորհրդանիշները, որոնք վերցվում են արտաքին տեսքից, բնաշխարհից, մշակույթից, զրույցներից, առասպելներից և այլն: Հայերի համար էթնիկ խորհրդանիշներ են համարվում Արարատ լեռը, հայկական էպոսի հերոս Սասունվի Դավիթը, ով նաև մարմնավորում է հայի հավաքական կերպարը, գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը, ազգի համար բախտորոշ ճակատամարտում հաղթած զորավար Վարդան Մամիկոնյանը:
Ազգային արժեքներ են ազգային տարազը, երգն ու պարը, սովորույթներն ու ավանդույթները և խոհանոցը: Հայկական տարազի ստեղծման կենտրոններ են եղել Կարինը, Կիլիկիան, Վանը, Վասպուրականը, Շիրակը, Արցախը, Սյունիքը: Հայկական հագուստները տարբերվել են յուրահատուկ գույներով ու զարդանախշերով: Հատկանշական է, որ դրանք իրենց մեջ ներառում են երկրի չորս հիմնական տարրերի գույները (օդի, կրակի, ջրի և հողի): Արագածոտնի բազմաթիվ բնակավայրերում հարգի են սասնա ասույթները, ավանդույթները, ճաշատեսակները, երգերն ու պարերը:
էթնոտուրիզմի ենթատեսակներից է նոստալգիական տուրիզմը: Զբոսաշրջության այս տեսակը ներառում է այցելություններ սեփական ծննդավար կամ նախնիների բնակության վայրեր, մի բան, որ շատ հարազատ է հայերիս համար, քանզի հայ ժողովուրդը ունի մեծ սփյուռք աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իսկ օտար երկրներում ապրող հայերը առանձնահատուկ սիրով են այցելում հայրենիք՝ բացահայտելու իրենց արմատներն ու ազգային ինքնությունը:
Էթնիկ զբոսաշրջությունը կարող են խթանել նաև մարզի տարածքում ապրող էթնիկ փոքրամասնությունները: Հայաստանի բնակչության մեջ Արագածոտնի բնակավայրերն աչքի են ընկնում իրենց ազգային կազմով, քանի որ հայերից բացի զգալի թիվ են կազմում եզդիները:
Հայաստանում բնավվող եզդիների ավելի քան 4/5 -ը ապրում է հենց այստեղ: Էթնիկ փոքրամասնությունները հարստացնում են տեղի համայնքների բնութագիրը՝ հնարավորություն տալով տարբեր ազգերի միջև շփումներին և փորձի փոխանակմանը: Եզդիներն ունեն ազգային ուրույն դիմագիծ, յուրահատուկ տարազ, սովորույթներ (հարսանիք, թաղում), խոհանոց:
Արագածի և Թալինի տարածաշրջաններում կան թվով 13 զուտ եզդիաբնակ գյուղեր՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Հակո,Կանչ, Սորիկ, Օթևան, Ռյա Թազա, Ալագյազ, Ջամշլու, Միրաք, Շենկանի, Շամիրամ (Աշտարակի):
Անասնապահության բնագավառում եզդիները պարզապես անմրցակից են: