Քասախի կիրճը Հայաստանի բնության հուշարձան է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի տարածքում, Երևանից մոտ 36 կմ հեռավորությամբ։ Հայաստանում շատ են խոր ձորերն ու կիրճերը, սակայն Քասախի կերտած կիրճը առանձնանում է իր յուրահատուկ կառուցվածքով ու գեղատեսիլ տեսքով։ Այն ամբողջությամբ բնության ստեղծած հոյակերտ համալիր է՝ լի խորհրդավոր ու երբեմն առեղծվածային վայրերով։ Կիրճի երկարությունը հասնում է մոտ 90 կմ-ի, իսկ խորությունը՝ միջինը 100 մետր։
Գետի միլիոնավոր տարիների գործունեության արդյունքում ձևավորված դարավանդները բազմաշերտ են և հիշեցնում են մանրակրկիտ քանդակագործություն։ Քասախի ընթացքի հետ փոփոխվում է և կիրճի գեղեցկությունը՝ տարբեր հատվածներում ձեռք է բերելով անկրկնելի տեսք:
Այս հրաշալի բնապատկերը դարեր շարունակ գրավել է շատերին՝ դառնալով զբոսաշրջիկների և բնության սիրահարների հետաքրքրության կենտրոն։
Քասախի կիրճը մեծ նշանակություն ունի նաև պատմական առումով։ Այդ է պառճառը, որ այն, ըստ էության, բնապատմական հուշարձան է, որի կարևորության ապացույցները ամենուրեք են: Այստեղ հայտնաբերվել են քարեդարյան բացօթյա կայաններ և բազմաթիվ հնավայրեր։ Կիրճի քարանձավները միջնադարում ծառայել են որպես բնակավայրեր, ապաստարաններ և ճգնավայրեր։ Դրանք օգտագործվել են հատկապես ճգնավորների ու մենակյաց վանականների կողմից, իսկ վտանգի ժամանակ ծառայել որպես ապահով թաքստոցներ։
Քարայր «Գեղամավան 1»
Քասաղ գետի և նրա վտակների ափերին հայտնաբերվել են քարեդարյան 8 բացօթյա կայան և մի շարք հնավայրեր:Քասախի կիրճում տարածված են բազմաթիվ բնական քարանձավներ և անձավային համալիրներ։ Դրանցից առավել ուշագրավ է «Գեղամավան 1» քարայրը, որը հայտնաբերվել է 2002 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտական արշավախմբի կողմից՝ Արայի լեռ արևելյան ստորոտում։
Քարայրը գտնվում է կիրճի ձախ ափի դարավանդներից մեկում՝ գետի մակարդակից մոտ 70 մետր բարձրության վրա։ Այն առանձնանում է նաև իր էկոհամակարգով․ վերին հատվածում տիրում է չոր բնություն, իսկ ստորին մասում այն փոխարինվում է փարթամ բուսականությամբ։
Քարայրի ներսում և շրջակայքում հայտնաբերվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք աչքի են ընկնում թեմատիկ բազմազանությամբ։ Դրանցում գերակշռում են կենդանիների պատկերները, ինչպես նաև հանդիպում են մարդակերպ և նշանային պատկերներ։ Նկարները արված են օխրայով՝ բաց վարդագույնից մինչև մուգ կարմիր երանգներով, և ենթադրվում է, որ դրանք ստեղծվել են մատով կամ հատուկ գործիքներով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժայռապատկերները արվել են մատով և տուֆիտի կտորների օգնությամբ՝ ինչպես մաքուր, այնպես էլ խառնուրդների ձևով։
Հուշարձանը ընդգրկված է Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում՝ համաձայն 2008 թվականի օգոստոսի 14-ի կառավարության որոշման։
Կարմիր քարանձավ
Կարմիր քարանձավը Քասախի կիրճի մեկ այլ հետաքրքիր բնական հուշարձան է, որը գտնվում է Արայի լեռան արևմտյան ստորոտում։ Այն ձևավորվել է լավային ապարների մեջ՝ կարմիր տուֆիտի շերտերի հարևանությամբ։
Քարանձավը կիսաշրջանաձև է, ունի մոտ 8 մետր խորություն և շուրջ 3 մետր բարձրություն։ Ներսում առկա են բազալտե կուտակումներ, որոնք առաջացել են փլուզումների հետևանքով։
Հատկանշական է, որ քարանձավի խորքում բխում է բնական աղբյուր: Ենթադրվում է, որ միջնադարում նրա տեղում գոյություն ունեցած հայկական գյուղը, որը XX դարի սկզբին այնտեղ հաստատված մահմեդական բնակչության կողմից վերանվանվել է Համամլու, դարեր շարունակ գոյատևել է հենց այս աղբյուրի շնորհիվ, որը հնում, ըստ ամենայնի, ավելի ջրառատ է եղել և ժայռափոր արահետով նրանից սայլերով ջուր է հասցվել գյուղ: Հավանաբար, այդ աղբյուրը կարևոր դեր է ունեցել շրջակա բնակչության կյանքի ապահովման մեջ։
Միջնադարյան կոթողներ
Օհանավանի դամբարան, Սերկևիլավանք Կարմիր Վանքեր, Լուսավորչի անապատ
Օհանավանի դամբարան
Քասախի կիրճում է գտնվում Օհանավանի ժայռափոր դամբարանը, որը մասնագետները համարում են վաղմիջնադարյան կոթող․ և վերջին տարիների ամենատպավորիչ բացահայտումներից մեկն է։ Այս նորահայտ դամբարանային կոթողը գտնվում է Օհանավան գյուղի տարածքում։
Կառուցված է քարից, ունի պարզ, բայց ամուր ճարտարապետական ձևեր։ Դատելով խաչերի ձևերից, որոշ մասնագետներն այն թվագրում են V–VII դարերով, մյուսները՝ XII–XIII։ Դամբարանի տարածքից բազմաթիվ նմուշներ են հայտնաբերվել, նաև երկու թաղում։
Համալիրի ճարտարապետական առանձնահատկությունները հուշում են, որ այստեղ թաղված են եղել բարձր դիրք ունեցող անձինք։ Հուշարձանը տարածաշրջանի հոգևորմշակութային կյանքի և Հայաստանում թաղման ճարտարապետության զարգացման կարևոր վկայություն է։
Սերկևիլավանք
Օհանավան գյուղի Սերկևիլ գյուղատեղին պահպանել է անչափ գեղեցիկ վաղմիջնադարյան վանական համալիր՝ Սերկևիլավանքը, ինչպես նաև մոտակայքի կիկլոպյան ամրոցի մնացորդները: Վանքը վաղմիջնադարյան վանական համալիր է, որը հայտնի է իր հին եկեղեցական կառուցվածքներով և պարզ, բայց յուրահատուկ ճարտարապետությամբ։ Այն ծառայել է որպես կարևոր կրոնական կենտրոն և հոգևոր կյանքի վայր։ Սերկևիլավանքից էլ սկսվում է Քասախի կիրճը։
Քայլարշավը դեպի կիրճ ուղեկցվում է տպավորիչ ժայռապատկերներով, խոր ու զառիթափ ձորերով և վայրի բնության գեղեցկությամբ։ Ճանապարհին հնարավոր է վայելել նաև Քասախ գետի հոսքը՝ ստեղծելով յուրահատուկ և հիշարժան արշավային փորձառություն։
Կարմիր վանքեր (Քարանձավի անապատ)
Քասախի կիրճում կա մի եզակի քարանձավային համալիր, որը հայտնի է որպես «Կարմիր վանքեր»։ Անվանումը, հավանաբար, կապված է ժայռերի կարմրավուն երանգի հետ։Կարմիր վանքերը գտնվում է Հովհաննավանքից Սաղմոսավանք տանող ձորամիջի ճանապարհի եզրին, Օհանավան գյուղից 2 կմ հյուսիս, սակայն, լինելով Սաղմոսավանքին մոտ, կոչվել է «Քարանձավի անապատ»։
Այս քարանձավային վանական համալիրը ձևավորվել է 12-րդ դարի վերջին, որի առաջին առաջնորդն է եղել Հովհաննես Մունջը: Այն հիշատակվում է որպես միջնադարյան հոգևոր կենտրոն, որտեղ, ինչպես հայկական մյուս վանքերում, գործել է եկեղեցի։ Սիմեոն Երևանցու հիշատակությամբ՝ այն կոչվել է Սուրբ Աստվածածին։ Վերջինս փոքրիկ ժայռափոր եկեղեցի է, որն ունեցել է նաև շտեմարան՝ իր մեծ ու փոքր հորերով, և, միաժամանակ ծառայել որպես բնակելի կացարան, ինչի մասին են վկայում ճրագի ծխից սևացած պատերն ու անկողնային խորշերը։ Միջնադարում, հավանաբար, եղել է նաև իջևանատուն:
Համալիրն իրենից ներկայացնում է երկհարկանի ժայռափոր կառույց, որը շատ նման է Խնձորեսկի ժայռափոր կառույցներին: Առաջին հարկում եղել են բնակարաններ. իսկ վերին հարկը, որ բավականին դժվարամատչելի է, օգտագործվել է պաշտպանական նպատակներով:
Այն ժամանակին ունեցել է հարմար պաշտպանական դիրք, որտեղից հնարավոր է եղել վերահսկել ձորը և գետի երկայնքով ընթացող շարժը,այդպիսով ծառայելով և՛ որպես հոգևոր կենտրոն, և՛ որպես ապաստարան։ Ենթադրվում է, որ քարանձավային հատվածները հնում փոխկապակցված են եղել միմյանց հետ, ստեղծելով ամբողջական պաշտպանական և բնակելի համակարգ։
Լուսավորչի անապատ
Քասախի կիրճում՝ գետի աջ ափին, բարձրադիր ժայռազանգվածի վրա, հարավից Սաղմոսավանքի մոտակայքում Լուսավորչի անապատն է: Սա ճգնավորական բնակավայր է՝ կապված Գր. Լուսավորչի անվան հետ։ Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորիչը ճգնելիս Արագած լեռան լանջերից ձմռանը իջել է Քասախի կիրճ և այստեղ հիմնել անապատներ, որոնցից մեկն էլ Լուսավորչի անապատն է: «Անապատ» բառը նշանակում է մեկուսացված վայր, ուր հոգևորականները ապրել են աղոթքի ու ճգնակեցության մեջ։ Այն ծառայել է նաև որպես իջևանատուն:
Համալիրը, որ թվագրվում է 10–13-րդ դարերով, ընդգրկում է եկեղեցական և քարանձավային կառուցվածքներ։ Այն ։դարեր շարունակ եղել է կարևոր հոգևոր կենտրոն, և որպես աղոթատեղի՝ մշտապես մարդաշատ: Իր առանձնահատուկ դիրքի և հոգևոր նշանակության պատճառով սրբազան հավատատեղին հաճախ «հրեշտակաբնակ անապատ» են անվանել:
Սաղմոսավանք
Քասախի կիրճում, մոտ 1620 մետր բարձրության վրա, որտեղ ձորը հասնում է իր առավելագույն խորությանը (180 մ), վեր է խոյանում Սաղմոսավանք վանական համալիրը։ Այն միջնադարյան Հայաստանի կարևոր հոգևոր և մշակութային կենտրոններից է։
Ըստ ավանդության՝ Գր, Լուսավորիչը ճգնել է Արագած լեռան լանջերին, ապա ձմռանը իջել Քասախի կիրճ և հիմնել է անապատներ։ Սաղմոսավանքը համարվում է դրանցից մեկը և կոչվել է «Սաղմոսաց անապատ», քանի որ այստեղ մշտապես սաղմոսներ էին երգում։
Վանքը հիշատակվում է 12-րդ դարից, երբ Հովհաննես Մունջ վարդապետը այն վերակառուցել է և դարձրել գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր:
Կառուցվել է 13-րդ դարում: Վանքի կառուցման և վայրի ընտրության համար մեծ դեր են ունեցել իշխան Վաչե Վաչուտյանը և նրա կինը՝ Մամախաթունը, որոնք իրենց միջոցներով իրականացրել են շինարարությունը։ Համալիրը գտնվում է կիրճի աջ եզրին և առանձնանում իր տպավորիչ դիրքով։
Գլխավոր՝ Սբ. Սիոն եկեղեցին, որ բարձրանում է կիրճի եզրին, կառուցվել է 1215 թվականին և մինչ օրս կանգուն է։ Իսկ Սաղմոսավանքի անապատը, որը բաղկացած է երկհարկ ժայռափոր կառուցվածքներից, գտնվում է վանքից հարավ: Այս վիմափոր անապատն էլ ապացույց է նրա, թե որքան հմուտ են մեր հոգևոր հայրերը օգտագործել բնական կառույցները վաղ միջնադարում:
Իշխան Վաչե Վաչուտյանի և նրա կնոջ՝ Մամախաթունի ներդրումները Քասախի կիրճում այսքանով չեն սահմանափակվում։
Հովհաննավանք
Քասախի կիրճի մյուս՝ աջ եզրամասի գեղատեսիլ, և, միաժամանակ, սահմկեցնող բարձունքի վրա վեր է խոյանում մեկ այլ նշանավոր համալիր՝ Հովհաննավանքը։ Այն հիմնադրվել է դեռ 4-րդ դարում և նվիրված է Հովհաննես Մկրտչին, թեև ավանդությունը դրա կառուցումը ևս կապում է Գրիգոր Լուսավորիչի հետ։
Վանքը կառուցվել է 4–13-րդ դարերում, մի քանի փուլով։ Սկզբում այն հայտնի էր Սյուղի վանք անունով, սակայն մինչ այսօր տեղացիները հաճախ այն անվանում են Հանավանք: Ամենահին կառույցը 5-րդ դարի միանավ բազիլիկն է, իսկ գլխավոր՝ կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1216–1221 թվականներին՝ իշխան Վաչե Վաչուտյանի կարգադրությամբ: 1250 թ.-ին նրա որդին՝ Քուրդ Վաչուտյանը, ավելացրել է գավիթը: Միջնադարում Հովհաննավանքը եղել է խոշոր մենաստան, որի միաբանների թիվը հասել է մի քանի հարյուրի։
Վանքի տեղադրությունը բացառիկ է՝ խոր, ահասարսուռ կիրճի եզրին, ժայռերի լռության, գետի ու ջրվեժի մշտական շառաչի մեջ, այն ստեղծում է առանձնահատուկ հոգևոր մթնոլորտ։ Բարձունքից բացվող տեսարանից շունչդ կտրվում է, թվում է՝ ժամանակը կանգ է առնում։
Այստեղ ամեն բան հիշեցնում է կյանքի անցողիկության և հավիտենականի մասին՝ բարձրում ճախրող արծիվները, վանքը շրջապատող հին գերեզմանները … անեզր երկինքը:
Այսօր էլ վանական համալիրը՝ վերանորոգված և կանգուն, շարունակում է իշխել Քասախի կիրճի վրա։ Բնությունն ու ճարտարապետությունը մեկտեղված՝ հայոց հինավուրց հողում։
Եզրափակիչ
Քասախի կիրճի անդնդախոր ձորերում մեր նախահայրերը ոչ միայն պարզ գոյատևել են, այլև նոր գիտելիք են ստեղծել, կրթօջախ ու սրբավայր հիմնել, այս վայրերում են ստեղծվել կրթական ու հոգևոր կենտրոններ, այստեղ են գրվել հազարավոր ձեռագիր մատյաններ ու դարերով պահպանվել, և այդ ամենի շնորհիվ ձևավորվել է մի յուրատիպ մշակութային միջավայր։ Մինչդեռ այս վայրերը, որ, ըստ էության, տևականորեն քաղաքակրթության օրրան են հանդիսացել, ժամանակի ընթացքում իսպառ ջնջվել են ժողովրդի հիշողությունից՝ աստիճանաբար դուրս մնալով նույն քաղաքակրթությունից: Եվ, այդուհանդերձ, Հայաստանի լեռների խորքերում թաքնված այդ վաղեմի ու դժվար հասանելի վայրերը՝ ժայռափոր համալիրներն ու սրբատեղիները, կրկին հետաքրքրություն են առաջացնում՝ այս դեպքում՝ արշավորդների ու լեռնագնացների համար, արկածային տուրիզմի սիրահարների շրջանում, ովքեր նորովի են իմաստավորում վաղ անցյալի հին արժեքները: Այս վայրերում զգացվում է յուրահատուկ ձգողականություն, ուր էլ ավելի է ընդգծվում հայոց բնաշխարհի բացառիկությունը. լեռների վեհությունը, քարերի խստությունը, լեռնային կածանների մոգական հմայքը, անդունդների սահմռկեցնող խորությունը:
Քասախի կիրճը համադրում է բնության գեղեցկությունն ու պատմության խորությունը։ Այստեղ բնությունն ու մարդկային ստեղծագործությունը ներդաշնակորեն միաձուլվել են՝ ստեղծելով եզակի միջավայր։ Մի անբացատրելի հզորություն կա այստեղ, և հենց այստեղ ես հասկանում, թե որն է իրական հայրենիքը և ինչում է նրա ուժը՝ հայոց քարերի, ջրի շիթերի, քարի ու ցավի, հպարտ ու անպարտ, խրոխտ ժայռերի։
Քասախի կիրճը շարունակում է գրավել այցելուներին՝ դառնալով Հայաստանի ամենատպավորիչ և հետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Քասախի դարավանդներ
Բնապատմական բնության հուշարձան Հայասռանում
Քասախի կիրճի եզակի բնական առանձնահատկություններից են Քասախ գետի ձևավորած դարավանդները՝ աստիճանաձև հարթություններ, որոնք ստեղծվել են միլիոնավոր տարիների ընթացքում՝ գետի հոսքի, էրոզիայի և տեկտոնական շարժումների ազդեցությամբ։
Այս դարավանդները ձգվում են կիրճի երկայնքով և հաճախ ունեն տարբեր բարձրություններ՝ վկայելով գետի հին հուների և մակարդակների մասին։ Դրանք հատկապես լավ տեսանելի են կիրճի միջին և ստորին հատվածներում, որտեղ գետը աստիճանաբար խորացրել է իր հունը՝ թողնելով նախկին հարթությունները վերևում։
Քասախի դարավանդներն ունեն երկրաբանական նշանակություն:
Բնության հուշարձանի կիրառական նշանակությունը վաղնջական ժամանակներից նրան տվել է նաև պատմական արժեք, դարձնելով այն բնապատմական հուշարձան:
Բացի այդ, դարավանդները ստեղծում են գեղատեսիլ լանդշաֆտ՝ կտրուկ ժայռերի և հարթ կանաչ շերտերի համադրությամբ, ինչը Քասախի կիրճը դարձնում է Արագածոտնի ամենատպավորիչ բնական վայրերից մեկը։